Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԵՆՔ ԻՆՔՆԱԲԱՎ ԵՆՔ ԻՆՔՆԵՐՍ ՄԵԶ»

Ապրիլ 26,2003 00:00

«ՄԵՆՔ ԻՆՔՆԱԲԱՎ ԵՆՔ ԻՆՔՆԵՐՍ ՄԵԶ» Հայտարարեցին ՀԺԱՄ ներկայացուցիչները ՀԺԱՄ կուսակցության անդամները՝ Սեյրան Ավագյանի գլխավորությամբ, երեկ այցելեցին Գեղարքունիքի մարզ՝ Վարդենիս, Մարտունի եւ Ծովինար, Զոլաքար, Վարդաձոր եւ Երանոս գյուղեր։ Ճիշտ է՝ աղուհացով դիմավորեցին, մարդկանց մի խումբ կանգնեց ու լսեց հռետորներին՝ Սեյրան Ավագյանին եւ Աշոտ Գալոյանին, բայց՝ այդքանը միայն՝ մարդիկ արդեն հոգնել են ընտրարշավներից։ ՀԺԱՄ-ին ուղեկցում էին նաեւ Մարտունու տարածաշրջանի էներգահամակարգի ղեկավարները, եւ զոլաքարցիք ու ծովինարցիք շատ լավ հասկացել էին, թե ինչ է նշանակում էլցանցի ղեկավարության հայտնությունը՝ ուրեմն հոսանքի վարձը ընտրություններից առաջ կբաշխեն, իսկ գյուղացու համար դա քիչ փող չէ։ Գարնանացանի եռուն օրեր պիտի լինեին այս օրերը, սակայն հատկապես այս տարածաշրջանում մարդիկ ո՛չ սերմացու ունեն, ո՛չ պարարտանյութ, եւ թարսի պես՝ ո՛չ էլ կարգին գարնանային եղանակ։ Լրագրող տեսնելուն պես ծովինարցիները հետեւյալ բողոքն արեցին. «կխնդրեի հանրապետության կառավարությանը, նախագահին՝ փակել գյուղատնտեսության նախարարությունը եւ բոլոր այն նախարարությունները, որոնք լուծի պես նստած են ժողովրդի վզին։ Գյուղացին մի հատիկ պարարտանյութ, մի հատիկ սերմացու չունի, նրանք նստել են մեր վզին եւ շռայլում են բյուջեի կոպեկները»։ Գյուղացու քաղաքական ինֆորմացվածությանը պարզապես կնախանձի ցանկացած քաղաքագետ. «Եթե մենք ենք անելու՝ էդ կառույցներն ի՞նչ են, նախագահը խոստանում է աշխատատեղ, աշխատատեղերը կրճատում է։ Գյուղատնտեսությունը մենք կպահենք, ուրեմն ինչի՞ են գալիս ձայն խնդրում, մենք մեր խոտը կընտրենք, մենք մեզի կապրենք, առանձին պետություն ենք»։ Գյուղում իսկապես բազմակուսակցական համակարգ է. այստեղ կան ՀՀՇ-ին, Կոմկուսին, Դաշնակցությանը ձայն տվող գյուղացիներ։ Կան նաեւ ՀԺԱՄ-ին համակրողներ, սակայն գյուղացիներից մեկը՝ թե. «այդ կուսակցությանը չենք էլ ճանաչում, սա «արենդով» վերցրած կուսակցություն է Քոչարյանի կողմից»։ Մաքսիմ Բադոյանն արդեն կողմնորոշվել է. «Պարտադիր ընտրելու եմ ՀԺԱՄ-ին, որովհետեւ նոր կուսակցություն ա, երեւում ա ծրագրից, որ միջին խավ է ձեւավորում, թող ձեւավորա իրոք, քաղաքացին էլ լավ կապրի, մեր ապրանքը կառնի»։ Մի ծովինարցի էլ հիասթափված էր. «Սեյրան Ավագյանին ես հարգում էի, բայց որ նա Վազգեն Մանուկյանից բաժանվեց…, բայց ոչ մի վնաս էլ չենք տեսել նրանից»։ Հանդիպման եկած գյուղացիներին նախկին ՀԺԿ-ական, այժմ ՀԺԱՄ ցուցակով պատգամավոր դառնալու փորձ անող Աշոտ Գալոյանը բացատրում էր, թե ինչպես է Իտալիայի գյուղատնտեսությունը ոտքի կանգնել։ Պրն Գալոյանը նաեւ մխիթարում էր գյուղացիներին. «Այսպիսի վիճակ է նաեւ ԱՊՀ բոլոր երկրներում»։ Աշոտ Գալոյանը հավատացնում էր, որ իրենք չեն փորձում ընտրվել, «որպեսզի դրա միջոցով կերակրվենք։ Մենք նման խնդիր մեր առջեւ չենք դրել, մենք ինքնաբավ ենք ինքներս, մենք ուզում ենք այս երկրում ապրենք որպես քաղաքացիներ»։ Ժողովուրդն ավելի շատ ուզում էր ինքը խոսել, խոսակցության թեման էլ դժգոհությունն էր ու բողոքը. «էդ մտքերը շատ լավն են, բայց ասեք խնդրեմ, 6 ամիս է դուք Ազգային ժողովում նստած՝ օրենք չեք մշակում, բայց փող եք ստանում։ Ի՞նչ խղճով եք էդ փողը ստանում»։ Գյուղացու եզրակացությունը միանշանակ էր. ընտրությունն էլ է խաբեբայություն, կուսակցությունն էլ է խաբեբայություն. «յուրաքանչյուր կուսակցություն հայտարարում է, թե 50-60 հազար կուսակցականներ ունի, եթե գումարենք այդ թվերը, ուրեմն հայերս կլինենք 100 միլիոն»։ Հյուրերը պատասխանում էին հետեւյալը. «Գիտեք, եթե այս խոսակցության կոնտեքստը պիտի լինի, թե մենք կյանքից մի բարիք ենք ուզում փախցրած լինել, որ դուք մեզ ձայն տա՞ք, եթե այդպես է լինելու, անիմաստ է խոսակցությունը շարունակենք հիմա»։ Պրն Ավագյանն էլ ասաց, որ իրենք իրենց ապրելու միջոցը պատգամավորի մանդատով չեն ստեղծում։ «Սրանք այն մարդիկ են, որ պատգամավոր են դառնում, որ բարիքները թողնեն մի կողմ եւ կարեւորեն երկրին եւ ժողովրդին ծառայելը»։ Զոլաքար գյուղում ընդունելությունը մի փոքր այլ կարգի էր. այստեղ կուսակցության դրոշակներով եւ պաստառներով մարդիկ կային։ Սեյրան Ավագյանն այս գյուղում եւս բացատրեց, որ իրենց նպատակը միջին խավի ձեւավորումն է. «եթե ուզում ենք լավ հասկանալ, թե ինչպես են մեր տնտեսության մյուս ճյուղերը զարգանալու, ուրեմն ասեցինք՝ միջին խավն է վճարունակ հասարակության այն շերտը, որը եթե վճարունակ է, ուրեմն տնտեսությունը նրա համար պիտի արտադրի այն, ինչ մարդը գնում է»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել