Լրահոս
Օրվա լրահոսը

ԶԱՐՈԲՅԱՆՆ ԱՐԺԱՆԻ Է ՄԵԾԱՐՄԱՆ

Ապրիլ 25,2003 00:00

ԶԱՐՈԲՅԱՆՆ ԱՐԺԱՆԻ Է ՄԵԾԱՐՄԱՆ Օրերս Երեւանի մենեջմենթի համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողների հետ հանդիպեց համալսարանի ռեկտոր Ռուբեն Առուշանյանը եւ իր հիշողությունները կիսեց Հայաստանի կոմկուսի կենտկոմի նախկին առաջին քարտուղար Յակով Զարոբյանի մասին։ Անվանի պետական գործչի մասին զրույցի առիթը ապրիլի 24-ն էր՝ 1915թ. եղեռնի հիշատակի օրը։ Ռ. Առուշանյանը հիշեց, թե ինչպես էր 1965թ. հայոց եղեռնի 50-ամյակի առիթով ժողովուրդն ալեկոծվել։ Ապրիլի սկզբներին Յա. Զարոբյանը հանդիպում է ԽՄԿԿ գլխավոր քարտուղար Լեոնիդ Բրեժնեւի հետ ու խնդրում, որ 1915թ. ոճրագործության հարցը լսվի քաղբյուրոյում։ 10 անդամներից միայն կենտկոմի քարտուղար Իլիչովն է խոստանում պաշտպանել Զարոբյանին։ Իսկ ցեղասպանության հարցը լսելու դեմ ամենամարտական տրամադրվածը կոմկուսի գլխավոր գաղափարախոս Սուսլովն էր։ Անհայտ էր արտգործնախարար Գրոմիկոյի դիրքորոշումը։ Վաղ առավոտյան ծանոթանալով օրվա թերթերին, Յա. Զարոբյանն արդեն գտել էր խնդրի լուծման բանալին։ Տեղեկացել էր, որ Թուրքիայում հարձակվել են ԽՍՀՄ դեսպանատան վրա ու սպանել մի քանի հոգու։ Քաղբյուրոյի նիստում Հայաստանի ղեկավարը պիտի խոսեր հիմնականում հետեւյալ հարցերի շուրջ՝ ապրիլի 24-ը ցեղասպանության օր նշելու, Ծիծեռնակաբերդում զոհերի հիշատակը հավերժացնող համալիր կառուցելու, Օպերայի դահլիճում ամեն տարի ապրիլի 24-ին հանդիսավոր հավաքներ ունենալու, ինչպես նաեւ այդ օրը Լենինի հրապարակում Հայաստանի դրոշը, որպես սգո նշան, իջեցնելու մասին։ Ի դեպ, վերջին հարցը, բնականաբար, մերժվեց։ Լեոնիդ Բրեժնեւն էլ անմիջապես շեշտեց, թե իբր ԽՍՀՄ-ը միշտ լավ հարաբերությունենրի մեջ է եղել Թուրքիայի հետ։ Այդ պահին Զարոբյանը ցույց է տալիս «Պրավդայի» թարմ համարը, որտեղ հրապարակում կար ԽՍՀՄ դեսպանատան վրա կատարված հարձակման մասին։ Միջադեպին տեղյակ չէր նույնիսկ արտգործնախարարը, եւ լուրը ցնցող տպավորություն թողեց քաղբյուրոյի անդամների վրա։ Լ. Բրեժնեւի առաջարկությամբ ներկաները 5 րոպե լռությամբ հոտնկայս հարգեցին դեսպանատան զոհված աշխատակիցների հիշատակը, այնուհետեւ նա ստորագրեց 1915թ. հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստաթուղթը։ ԱՐՓԻՆԵ ԽԵՉՈՒՄՅԱՆ ԼԻԼԻԹ ԱՎԱԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել