Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԴՄ-ն չափավոր հավակնոտ է

Ապրիլ 25,2003 00:00

ՔԴՄ-ն չափավոր հավակնոտ է «Մենք այս մրցարշավին մասնակցում ենք բավականին վճռականությամբ, բայց չափավոր հավակնությամբ»,- ասում է Քրիստոնեադեմոկրատական կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Խոսրով Հարությունյանը։ Այսինքն, ՔԴՄ-ն ակնկալում է հաղթահարել 5%-ի շեմը, ինչն, ըստ պարոն Հարությունյանի, կուսակցության գործունեության հետագա ընթացքի համար կարող է բավականին դրական արդյունք լինել։ Ինչ վերաբերում է հնարավոր նախընտրական դաշինքներին, ապա ՔԴՄ առաջնորդը մերժում է դրանց գոյությունը։ Նախ, ըստ պարոն Հարությունյանի՝ «փորձը ցույց է տալիս, որ բոլոր նախընտրական ամուսնությունները ավարտվում են հետընտրական շուտափույթ ապահարզաններով։ Քաղաքական մի գործընթաց, որն անցած տարիներին բացառություններ չի ճանաչել եւ, որպես կանոն, ծանր է անդրադառնում ԱԺ-ի քաղաքական որակների վրա»։ Ապա, ՔԴՄ-ի համոզմամբ, «ընտրությունների ընթացքում յուրաքանչյուր քաղաքական կառույց պետք է հրապարակավ ստանձնի իր պատասխանատվությունները։ Լղոզված, կոլեգիալ, անհասկանալի հասցեագրերով պատասխանատվությունները քաղաքական գործընթացներին ոչ մի դրական միտում չեն տալիս»։ «Իսկ ո՞ր դաշտում է խաղում ՀՔԴՄ-ն» հարցին Խ. Հարությունյանը հետեւյալ պատասխանը տվեց. «Բոլորն իրականությունը տեսնում են սեւ եւ սպիտակ՝ նախագահի հետ կամ նախագահի դեմ»։ Նման պատկերացումներն են, որ, ըստ պարոն Հարությունյանի, ծնում են «եթե մեզ հետ չի՝ մեր թշնամին է» թեզը։ Ու քանի որ կյանքը՝ մեր իրականությունը, ինչպես նաեւ քաղաքականությունը, բազմերանգ է, ուստի ՔԴՄ-ի առաջնորդն անհասկանալի է համարում կոշտ ընդդիմախոսի կեցվածքը՝ դա հիմնավորելով այսպես. «Մեր ծրագրում, ասենք, կան խնդիրներ, որոնց առիթով իշխանությունների մոտեցումները կարող են համընկնել։ Այդ պարագայում տրամաբանական է հակադրվելը. չէ՞ որ լուծվում է ձեր ուզած խնդիրը»։ Իսկ երբ մոտեցումները տարբեր են, ՔԴՄ առաջնորդի կարծիքով, ոսկե միջինը գտնելու լավագույն տարբերակը բանավեճերն են։ «Պետության գաղափարախոսությունը երբեմն տարբեր ճամբարներում տարբեր մեկնաբանություններ է ստանում։ Միգուցե այստեղ ենք սայթաքում»,- կարծիք հայտնեց Խ. Հարությունյանը։ Ըստ նրա, նաեւ՝ «երբեմն չենք պատկերացնում պետության մեծ դերակատարումը՝ պարտավորությունների տեսանկյունից»։ Եվ ըստ այդմ, ՔԴՄ առաջին դեմքի համոզմամբ, մեր օրենքները՝ «անգամ ռոմանտիկ, հեղափոխական շրջանում ընդունված, բավականին լավն են՝ միտված քաղաքացիական հասարակության, շուկայական, տնտեսական բարեփոխումների ձեւավորմանը»։ Սակայն մենք «ձախողված ենք օրենքների կիրարկման փուլում», որոնց հիմքում դրվում է՝ «ես պետությունն եմ» կարգախոսը։ Փաստորեն օտարվում է անհատն իր շահով, իսկ չինովնիկն ամեն ինչ անում է իբր պետության համար։ Խ. Հարությունյանն առանձնացնում է մի հանգամանք եւս, որը խանգարում է համընթաց առաջ գնալուն. «կայացած քաղաքական գործիչը, անկախ նրա քաղաքական հայացքներից, այս հասարակության համար արդեն իսկ պետք է արժեք համարվի։ Մենք դեռ չենք ընկալել, որ մեր կյանքի որակները պայմանավորված են քաղաքական գործընթացների որակներով»։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2003
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930