Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՐԳԵԼՔԸ ՀԱՂԹԱՀԱՐՎՈՒՄ Է

Ապրիլ 25,2003 00:00

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՐԳԵԼՔԸ ՀԱՂԹԱՀԱՐՎՈՒՄ Է Լուտրակիում անցկացված Եվրոպայի առաջնությունում հայ ծանրորդները մեկամյա որակազրկումից հետո առաջին մրցելույթն ունեցան։ Դրանց մասին պատմում է մարզաձեւի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ, ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն Օգսեն Միրզոյանը։ – Ընդհանուր առմամբ բավարարված եմ։ Տղաների ցույց տված արդյունքները նրանց հնարավորությունների սահմանագիծը չեն։ Իսկ թե ինչո՞ւ ավելի լավ հանդես չեկան, կան օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ։ – Որո՞նք են դրանք։ Հայ մարզասերներն ավելի մեծ ակնկալիքներ ունենում են հատկապես ծանրամարտիկներից։ – Մեր մարզաձեւը ունի բազմաթիվ, այսպես կոչված, պարտադիր նրբություններ, որոնք անպայման ազդեցություն ունենում են բոլորի վրա։ Քանի որ գործ ունենք ծանր կիլոգրամների հետ, բոլորն էլ ենթակա են վնասվածքների, որոնց ապաքինումը հաճախ տարիներ է պահանջում։ Օրինակ, 62 կգ քաշային Արմեն Ղազարյանը դեռ երկու տարի առաջ մեջքը վնասել էր, որը ժամանակի ընթացքում ապաքինել էր։ Հունաստանում նա մի քանի կիլոգրամ քաշ գցելու անհրաժեշտություն ուներ։ Այդ ընթացքում մարզվելիս ցավերը վերստին զգալ տվեցին իրենց ու որոշեցինք Արմենին թույլ չտալ մտնել մրցահարթակ։ Այլապես, դա կարող էր նրա վերջին մրցումը լինել։ Մենք դրա օրինակն արդեն ունենք։ 69 կգ քաշային Ռուդիկ Պետրոսյանը ոտքի վնասվածքով շարունակում էր մրցելույթները։ Արդյունքը եղավ այն, որ վնասվեց նաեւ մյուսը, գումարած ողնաշարը։ Ու հիմա հայտնի չէ, թե նա երբեւէ կվերադառնա՞ մեծ սպորտ։ Հաջորդը 77 կգ քաշային, 22-ամյա Գեւորգ Ալեքսանյանն էր։ Նրա վերջին մրցումը եղել է 2001թ. մինչեւ 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունը, որտեղ դարձել է չեմպիոն եւ նույն տարում աշխարհի երիտասարդական առաջնությունը, որտեղ նվաճել է արծաթե մեդալ։ Լուտրակիում նա հաջող կատարեց պահանջվող բոլոր վեց մոտեցումներն էլ։ Ընդ որում, բարձրացրեց ավելի ծանր քաշեր, քան ցույց էր տվել նախապատրաստական փուլում։ Երկամարտի 340 կգ-ով Գեւորգը գրավեց 5-րդ տեղը՝ 4-րդին զիջելով միայն անձնական քաշով։ Ճիշտն ասած, նա կարող էր հավակնել նաեւ մրցանակային տեղի, եթե հրեր 190 կգ։ Բայց մինչ մարզիչները ցանկացան փոխել վերջին մոտեցման համար նախապես պատվիրված 187,5 կգ քաշը, մրցավար-հաղորդավարը Գեւորգին հրավիրեց մրցահարթակ։ Ալեքսանյանի ցուցանիշից գոհ եմ ու հույս ունեմ, որ նա դեռ աճելու է։ Ինչ վերաբերում է Տիգրան Քամալյանին (85 կգ), նա անցած տարվա աշխարհի առաջնությունից հետո (Վարշավայում՝ նոյեմբերին) ուսագոտու ցավեր ունի։ Այս ընթացքում նա ե՛ւ մարզվում էր, ե՛ւ բուժվում։ Ճիշտ է, բժիշկների օգնությամբ նա կարծես մեղմեց ցավերը, բայց չհասցրեց վերականգնել ֆիզիկական այն ուժը, որն ունի։ Նա, որ Վարշավայում նույնիսկ փորձ էր արել գրոհել աշխարհի երիտասարդական ռեկորդը (205 կգ), այս անգամ նույնիսկ այդ թվերին չմոտեցավ, որովհետեւ դրան իրապես պատրաստ չէր։ Երկամարտի 340 (150+ 190) կգ-ն ու գրաված 14-րդ տեղը Տիգրանին սազական չեն։ Բայց այստեղ կարեւորը նրա մասնակցությունն էր։ Հիմա մտադիր ենք նրան մինչեւ տարեվերջ լիովին բուժել, որպեսզի աշխարհի առաջնությունում իր խոսքն ասի։ Եվ վերջապես Աշոտ Դանիելյանի մասին։ Նա նույնպես 2000 թվականից հետո ոչ մի լուրջ մրցման չէր մասնակցել, չհաշված աշխարհի առաջնությունը, որտեղ հրումում զրո ստացավ։ Աշոտն էլ ոտքի վնասվածք ունի, որը պետք է մոտ օրերս վերացնենք վիրահատությունով։ Հունաստանում նա իր թիմակիցներից մի փոքր ավելի լավ մարզավիճակում էր։ Պոկումում սկսելով 195 կգ-ից, նա երեք հաջող մոտեցում կատարեց եւ ավարտեց 205 կգ-ով՝ արժանանալով փոքր «արծաթի»։ Աշոտը Չիգիշեւին զիջեց ընդամենը 2,5 կգ-ով։ Բայց քանի որ Դանիելյանն իրեն ավելի վստահ է զգում հրում մրցաձեւում, մտածում էինք, որ վերջնական հաղթանակը նրանն է լինելու։ Եվ ամեն ինչ հենց դրան էլ գնում էր։ Չիգիշեւը եւ բրոնզե մեդալակիր դարձած Դամյանովը սկսեցին 235 կգ-ից ու երկրորդ մոտեցումով սանձեցին նաեւ 240 կգ-ն։ Աշոտն սկսեց 242,5 կգ-ից ու ստանձնեց առաջատարի դերը։ Ծավալվեց տակտիկական պայքար։ Եթե Աշոտը 2-րդ մոտեցումում պատվիրեր 245 կգ, իսկ մրցակիցները բարձրացնեին 247,5, մի բան, որ բացառված չէր, ապա նա հարկադրված էր լինելու վերջում գնալ առնվազն 250 կգ-ի։ Ու ձախողվելու դեպքում նահանջելու էր 3-րդ հորիզոնական։ Ու այստեղ իր չար գործն արեց հոգեբանական պատրաստվածությունը։ Իր ուժերին վստահ ու մոտալուտ հաղթանակը ռեալ տեսնելով՝ Դանիելյանը չկարողացավ պատշաճ ձեւով կենտրոնանալ ու երկու մոտեցումներն էլ ձախողեց։ Այդուհանդերձ, նա հրումում նվաճեց փոքր «ոսկին», բայց երկամարտում ճանաչվեց երկրորդը։ Ընդ որում, նա եւ Չիգիշեւը ունեցան նույն՝ 447,5 կգ արդյունքը եւ Աշոտը տուժեց անձնական քաշի պատճառով։ – Տեղի ունեցածը ցավալի է ու անցածը ետ չես բերի։ Բայց ինձ մտահոգում է մեկ այլ բան։ Հուսա՞նք, որ որոշ ժամանակ անց դոպինգային պատմություններ չեն ծագի։ – Ես դա բացառում եմ։ Նախ, այս տարի ՄՕԿ-ի համապատասխան ծառայությունը երկու անգամ արդեն ստուգում է անցկացրել։ Ապա, անցած տարվանից ՀԱՕԿ-ն է պարբերաբար ստուգումներ կազմակերպում՝ անալիզներն ուղարկելով Քյոլնի լաբորատորիա, որը լավագույններից մեկն է աշխարհում։ Այնտեղից պատասխաններն ստացվեցին վերջին պահին եւ միայն այդ ժամանակ տղաներին թույլատրվեց մտնել ինքնաթիռ։ Եթե որեւէ մեկը «մաքուր» չլիներ, չէր մեկնի մրցավայր՝ ինչ տիտղոս էլ ունենար։ – Մայիսի վերջին Մեքսիկայում կայանալու է աշխարհի երիտասարդական առաջնությունը։ Հայաստանը մասնակցելո՞ւ է։ – Հիմա այդ տարիքայինների հավաքականը հավաք է անցկացնում Ծաղկաձորում։ Պատրաստվում են ամենայն լրջությամբ։ Մեքսիկա կմեկնեն միայն նրանք, ում արդյունքները թույլ կտան պայքարել բարձր տեղերի համար։ Ի դեպ, նրանք նույնպես պարտադիր դոպինգային ստուգում են անցնելու։ – Մենք մի աղջնակ ունեինք, որը բավականին հաջող նորամուտ ունեցավ Եվրոպայի պատանեկան առաջնությունում։ – Դա Հռիփսիմե Խուրշուդյանն է։ Նա նույնպես պատրաստվում է։ Ու եթե ամեն բան հաջող ընթանա, Մեքսիկայում պայքարելու է մեդալների համար։ – Հաղթանակների հիմքը դրվում է նախապատրաստական փուլում։ Իսկ մեզ մոտ դահլիճների, մարզագույքի խնդիրներ կան։ Օլիմպիական խաղերին էլ արդեն շատ ժամանակ չի մնում։ – Դա մեր ցավոտ կողմերից է։ Պատկերացնո՞ւմ եք, չեմպիոնները, մրցանակակիրները մարզվում են կիսանկուղային դահլիճներում, առանց օդափոխության հարմարանքների, արհեստական լույսի ու արհեստական տաքացման պայմաններում։ Ծանրաձողերն էլ վաղուց իրենց դարն ապրել են։ Անգամ ցնցուղարաններ չկան, որ ծանր մարզումներից հետո գոնե քրտինքը մաքրեն։ Միայն վերջերս ենք հաջողացրել «Հայաստան» ՄՄ-ի ծանրամարտի դահլիճում տաք ջրի հարց լուծել։ Բայց բարեբախտաբար սպորտի պետական կառույցը, ՀԱՕԿ-ը զբաղվում են այդ խնդիրներով։ Մարզակառույցները մտցվում են Լինսի ծրագրի մեջ ու ապահովվելու են անհրաժեշտ պայմաններով։ Գործում է գույքային ծրագիրը, որի շրջանակներում շուտով Հայաստան կներմուծվեն մոտ 20 նոր ծանրաձողեր։ Ես էլ իմ հերթին Լուտրակիում խոսեցի միջազգային ֆեդերացիայի նախագահ Թամաշ Այանի հետ։ Նա խոստացավ ամենակարճ ժամկետներում գերժամանակակից ծանրաձողեր նվիրել, այնպիսիք, որոնք օգտագործվելու են Աթենքի օլիմպիական խաղերում։ Անելիքներ շատ-շատ կան ու ոչ միայն ծանրամարտի համար։ Բայց դրանք ֆանտաստիկ ծախսեր են։ Ուրախալի է, որ մեր մարզական ղեկավարությունը զբաղվում է դրանց լուծումներով ու քայլ առ քայլ առաջ գնում։ ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել