Լրահոս
Օրվա լրահոսը

Համակարգում հստակ մեխանիզմներ չկան

Ապրիլ 25,2003 00:00

Համակարգում հստակ մեխանիզմներ չկան «Մինչեւ անցյալ տարի ներառյալ նպատակային ասպիրանտուրան համարվել է բանակից ազատվելու անարյուն եւ պատվավոր միջոց»,- հայտնի փաստը մեկ անգամ եւս ամրագրում է ԿԳՆ գիտության եւ գիտամանկավարժական կադրերի պատրաստման վարչության պետ Արամ Քոսյանը: Կառավարության այս տարվա ապրիլի 3-ի որոշմամբ, ասպիրանտական տեղերի հատկացման կարգում կատարված հիմնական փոփոխություններից մեկն այն է, որ հստակ տարանջատվել են այդ տեղերի կատեգորիաները: Այսպես՝ եթե նախորդ տարիներին կազմակերպությանը՝ բուհին, ակադեմիական ինստիտուտին, տրվում էր որոշ քանակությամբ տեղ, իրենք որոշում էին, թե այդքանից որքանը կլինեն տղաներ (եւ բնականաբար նրանք ընտրում էին միայն տղաների), այս տարի «կանացի մասն իրեն նսեմացած չի զգա»: 1-ին կատեգորիայի մեջ մտնում է անվճար հիմունքներով առկա ուսուցումը. սա հնարավորություն է տալիս զինծառայությունից ազատվել՝ տարկետման իրավունքով: 2. Անվճար հիմունքներով առկա ուսուցում՝ առանց բանակից տարկետման իրավունքի՝ բնականաբար, աղջիկների համար։ 3. Վճարովի հիմունքներով առկա ուսուցում, որ նույնպես ազատում է պարտադիր զինծառայությունից: 4. Անվճար հիմունքներով հեռակա ուսուցում: Մյուս կարեւոր փոփոխությունը վերաբերում է նպատակային ուսուցմանը: Նպատակային տեղերը բաժանվել են 2 կատեգորիայի՝ 1. Նպատակային առկա՝ տարկետման իրավունքով, առանց անունը նշելու. որեւէ կազմակերպություն ԿԳՆ է ներկայացնում հայտ՝ որեւէ մասնագիտության գծով որեւէ մեկի պահանջով, առանց անունը նշելու, եւ այդ տեղի համար մրցույթ է հայտարարվում: Բայց նպատակային հայտ տվող կազմակերպությունը պետք է երաշխավորի, որ ինքը ասպիրանտական ուսումնառությունն ավարտելուց հետո կամ ուսուցման ընթացքում, ով էլ որ ընդունվի այդ տեղում, պարտավորվում է այդ մարդուն տեղավորել իր մոտ աշխատանքի: Իհարկե, այլ գործոնները չեն բացառվում, բայց հնարավորությունը մեծ է, որ կընդունվի լավագույնը: 2.Նպատակային հեռակա՝ առանց տարկետման իրավունքի, որն անվանական է: Սակայն խնդիրն այն չէ, որ գիտությամբ զբաղվել որոշում են բանակից խուսափելու համար: Ասպիրանտական տեղերը բաշխելիս հաշվի չի առնվում նաեւ, թե պետությունն ինչ մասնագետների կարիք ունի: «Մենք ելնում ենք բուհերի, գերատեսչական կազմակերպությունների պահանջարկից, ինչ նրանք ուզում են՝ մենք այն ենք տալիս»,- ասում է Ա. Քոսյանը: Պատճառն, ըստ էության, այն է, որ մեր գիտական տնտեսությունը շատ է ցրված, եւ կառավարման միասնական մեխանիզմ գոյություն չունի: Բուհերի՝ մեծ թվով ասպիրանտական տեղեր պահանջելու գլխավոր փաստարկն այն է, որ կադրերը ծերացել են: Կան բուհեր, որտեղ արդեն 25 տարի նոր կադրեր չեն մտել: «Դրա մասին ժամանակին էր պետք մտածել: ԳԱԱ գրականության ինստիտուտում, օրինակ, 30-40 տարի է՝ միեւնույն մարդիկ են աշխատում»: ԿԳ նախարարությունը, ըստ Ա. Քոսյանի, որեւէ կազմակերպության՝ բուհի կամ ակադեմիական ինստիտուտի պահանջը բավարարելուց առաջ, նրանից պահանջում է ներկայացնել նշված մասնագիտության գծով նախորդ 5 տարիների ընթացքում ունեցած ասպիրանտների մասին տվյալներ, ուսումնասիրում դրանք, նաեւ՝ նախապատվությունը տալիս է իրենց պահանջների մեջ առավել համեստ կազմակերպություններին: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել