Լրահոս
Օրվա լրահոսը

Ով շահեց, ով տուժեց

Ապրիլ 25,2003 00:00

Ով շահեց, ով տուժեց Վարդանանց փողոցի թիվ 4 շենքի բնակիչներն իրենց շենքի բակում ընթացող շինարարության դեմ բողոքել են, բնականաբար, ոչ միայն «Առավոտին»։ Այդ հասցեում բնակվողները մտավախություն ունեն, որ անհայտ հեղինակի կողմից կառուցվող օբյեկտը ոչ թե մեկ կամ երկու հարկանի է լինելու, այլ՝ բարձրահարկ։ Նրանց կարծիքով, այլապես «կառույցի հիմքն այդքան խոր չէր փորվի»։ Իսկ բարձրահարկ շինությունը կփակի Վարդանանց 4 շենքի բնակարանների բնական լույսը։ Բնակիչների հավաստմամբ, երկու տարի է, որ իրենց բակում մեկ այլ անավարտ կառույցի շինարարական աշխատանքներ են ընթանում, որոնք այս տարի նախատեսված է ավարտել։ Եվ մինչ բնակիչները պլանավորել են, թե ինչպես պետք է բարեկարգեն ու կանաչապատեն իրենց բակի հարակից տարածությունը, սկսվել է մի նոր շենքի շինարարություն։ Նրանք պատմում են, որ տարիներ տեւող շինարարական աշխատանքները մարդկանց համար անտանելի պայմաններ են ստեղծել. «Երկու տարի է՝ զրկված ենք տարրական սանիտարական պայմաններից։ Շնչում ենք փոշի եւ շինարարական մեքենաների արտանետած վնասակար գազերը։ Երեխաները զրկված են բակում խաղալու հնարավորությունից, քանի որ վտանգն անխուսափելի է»։ Հարցին արդար լուծում ակնկալելով, հուսահատ բնակիչները դիմում են հղել թե՛ ՀՀ նախագահին, թե՛ Երեւանի քաղաքապետարան, թե՛ ՀՀ վարչապետին, թե՛ ԱԺ։ Խնդրի առնչությամբ Կենտրոն համայնքի թաղապետարանի բնակարանային եւ կոմունալ բաժնից հավաստիացրին, որ երեկ եղել են շինարարության վայրում, սակայն «ոչ ոքի չեն բռնացրել»՝ շինարարությունն իրականացնողի անձը պարզելու համար։ Թաղապետարանի այս տարվա մատյանում էլ չգտնվեց որեւէ մեկը, որը մատնանշված հասցեում շինարարական աշխատանքներ սկսելու թույլտվություն ունենար։ Ի տարբերություն Կենտրոն թաղապետարանի, քաղաքապետարանում տեղյակ էին քաղաքի կենտրոնական հատվածում իրականացվող շինարարությանը։ Քաղաքապետարանի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետ Հրաչ Սարգսյանից տեղեկացանք, որ շինարարության տերը ֆիզիկական անձ Ռոբերտ Խաչատրյանն է, որ շինարարությունն ընթանում է մրցույթով շահած հողատարածքում եւ կառուցվելիքը 3-4 հարկանի գրասենյակ է։ Ի դեպ, Վարդանանց 4 շենքի բնակիչների տեղեկություններով, շինարարության հետ կապված, արծարծվում են բարձրագույն իշխանավորների անունները։ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել