Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԵՐԱՆԴԻՈ՞Վ։ ՓՈՑԽՈ՞Վ։ ԵՂԱՆՈ՞Վ

Ապրիլ 25,2003 00:00

ԳԵՐԱՆԴԻՈ՞Վ։ ՓՈՑԽՈ՞Վ։ ԵՂԱՆՈ՞Վ Այս գործիքները որոշ գյուղացիների համար ամենեւին էլ «միասին աշխատելու» համար չեն Եթե մայրաքաղաքից հեռու լեռնային գյուղերում պատգամավորության թեկնածուների այցելությունները «համաժողովրդական» տոն են դառնում, պատկերացրեք՝ ինչպիսին է նրանց առօրյան։ Արագածոտնի մարզի Դավթաշեն գյուղում Ռուբեն Դավթյանը «Ժողովուրդը ձեր գյուղում ո՞նց է գլուխը պահում» հարցին պատասխանեց. «Մի կերպ։ Անասուն պահելով, մեկը մյուսին խնդրելով»։ Միրգ ու բանջարեղենը հիմնականում սեփական սպառման համար են աճեցնում, իսկ մսամթերքի էլ՝ «կեսը տալիս ենք մսավաճառներին, նոր՝ կեսը մնում ա մեզ»։ Ի դեպ, Ռ. Դավթյանը Երեւանում բնակարանը մի քանի ամսով թողնում է, իր պապենական օջախ վերադառնում՝ համարյա փակ բնամթերային տնտեսությամբ սննդի հարց լուծելու։ Իսկ նույն գյուղի բնակիչ Մելիք Խաչոյանը «ամառ-ձմեռ, տարին 12 ամիս» գյուղում է բնակվում եւ չի հավատում «ընդհանրապես Հայաստանում էս իշխանությունների օրոք կատարված ընտրություններին»։ Եվ քաղաքական պայքարի իր տարբերակն է առաջարկում՝ «բոյկոտել ընտրությունները» եւ իշխանությունների դեմ իսպառ չպայքարել՝ «էնքան, մինչեւ իրանք իրանց թողնեն-գնան։ Չե՞ն գնա, մենք կթողնենք-կգնանք»։ Երեւի վստա՞հ է, թե դրսում հող ու աշխատանք կունենա. «Չէ, աշխատանք չեմ ունենա, հող էլ չեմ ունենա, բայց ստեղ էլ չունեմ»։ Այսինքն՝ մեր պետությունը մի ընտանիք էլ կորցրեց՝ անկախ մեկնելու ժամկետներից։ Սակայն, այս գյուղում քիչ թե շատ լավատեսություն էր ներշնչում միջին տարիքի տղամարդկանց ներկայությունը պատգամավորության թեկնածուների հետ հանդիպմանը։ Մինչդեռ Ներքին Բազմաբերդ գյուղում այդպիսիք գրեթե չկային. հավաքվածների մեծ մասը կրտսեր եւ միջին տարիքի դպրոցահասակներ էին, մյուս մասը՝ տարեցներ եւ երիտասարդ կանայք։ Ժողովրդագրական փոփոխությունների աչքաչափով կանխատեսում արեց Թալին քաղաքում մի պապիկ. «Թալինում մինչեւ 1988թ. 10 հազար բնակչություն կար, հիմա երեք հազար էլ չի լինի, մի 100-ն էլ մինչեւ ընտրությունները կգնան»։ Ժամանակին «ամեն տեսակ էլ գործարան» քաղաքում աշխատել է, այժմ մի ադամանդի վերամշակման գործարան է մնացել։ «Իմ տղեն 4200 հատ քար է տվե անցած ամիս, 25 հազար փող ստացավ։ 4200 հատ քա՛րը… 22 տարեկան տղա։ Իրիկունը որ գալիս ա, աչքերն ա տրորում։ Առաջ էդ էրեխես մինչեւ վերջի տելեւիզրի հաղորդումները նայում էր։ Հիմա գալիս ա ութին, առավոտ իննից աշխատում ա մինչեւ իրիկվա յոթն անց կես»։ Մեր զրուցակցի անունը չենք գրում որդու՝ թեկուզ տաժանակիր, աշխատանքը չվտանգելու համար, մանավանդ որ ընտանիքում նա միակ աշխատողն է. Թեեւ նրա հայրը չգիտեր, թե որն է իր որդու աշխատանքի իրական արժեքը, բայց «հատ քարը յոթ դրամ» հաշվելը հաստատ ստանդարտներից հեռու է։ Հանգստյան օրը միայն կիրակին է, շաբաթ օրն աշխատում են մինչեւ 16.30։ Թալինում երկու դպրոց է գործել, այսօր էլ գործում է։ Հիվանդանոց էլ կա։ «Բայց ո՞վ ա կարում էթա հիվանդանոց։ Հիվանդը տան մեջը կմեռնի։ Փող չունեն գնան հիվանդանոց»։ Մեր զրուցակիցը հավաստում է, որ հիվանդանոցի շենքն արդեն քանդված-ավերված է, գլխավոր բժշկին էլ հաճախ փոխում են, բայց «բան էլ դուրս չի գալիս»։ Դրա համար է նա երկու վիրահատության համար հասել Նովոսիբիրսկ՝ որդիների մոտ։ «Ո՞վ է դրա մեղավորը» հարցին մեր զրուցակից պապիկը պատասխանեց. «Ժողովո՛ւրդը»։ Ժողովուրդն իր ընտրությունն անում է, էլ ինչո՞վ է մեղավոր։ «Ժողովուրդը, գիտե՞ք, ինչ տեսակետով ա մեղավոր։ Իրա ձայնը մաքուր տվել էր (Դեմիրճյանին- Ա. Գ.), պտի տենց էլ մասսայական հըլներ-կայներ, գերանդիով, փոցխով, եղանով իրա ձայնին տեր կայներ»։ Թեեւ հետո ասաց, որ եթե ընդդիմությունը խաղաղ, օրինական ճանապարհով է ուզում իշխանափոխություն կատարել, պիտի հետեւել նրան. «Ընդդիմությունն ավելի խելոք ա։ Մենք կարո՞ղ ենք մրցվել ընդդիմության հետ»։ ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել