Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Այցելեցին փուլառփուլ

Ապրիլ 25,2003 00:00

Այցելեցին փուլառփուլ Իշխանություններն ու ընդդիմությունը Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին այցելեցին իրարից անջատ՝ առավոտյան Ծիծեռնակաբերդ բարձրացան նախագահ Ռ. Քոչարյանն ու կառավարությունը, ԱԺ նախագահն ու օրենսդիրները։ «Արդարություն» դաշինքի ղեկավարներն ու նրանց ետեւից գնացող ժողովուրդը Մատենադարանից մինչեւ Ծիծեռնակաբերդ ուղեւորվեցին ոտքով, իրենց հետ տանելով մեկ ծաղկեպսակ եւ 3-4 հնչակյան դրոշակ։ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Վաղարշակ Հարությունյանին հարցրինք՝ ընդդիմությունը Ծիծեռնակաբերդ ե՞ւս գնալու է «իրավական եւ սահմանադրական ճանապարհով». «Մենք ուրիշ ճանապարհ չունենք, դեպի Ծիծեռնակաբերդ ճանապարհն անցնում է Սահմանադրական դատարանի մոտով»։ Ըստ Վաղարշակ Հարությունյանի, պետությունն իր վրա պետք է վերցնի պատասխանատվությունը. «երբ որ Քոչարյանն ասում է, թե կազմակերպվածություն պետք է լինի, ուրեմն թող էլեմենտար մի բան կազմակերպեր՝ ապրիլի 24-ին ամբողջ ժողովրդին միասին տանել դեպի Ծիծեռնակաբերդ»։ Մեր դիտարկմանը, թե թող քայլն ընդդիմությունն աներ, պրն Հարությունյանը պատասխանեց. «մենք անեի՞նք։ Ես ձեզ առաջարկում եմ՝ դուք ինքներդ փորձեք այդ կառավարական պատվիրակության հետ գնալ, ձեզ չեն թողնի»։ ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի կարծիքով՝ «Իսկապես այս հարցում իշխանություն եւ ընդդիմություն չկա, ուղղակի տեխնիկական կազմակերպման տեսակետից միշտ էլ ամեն տարի կուսակցություն առ կուսակցություն ենք գնացել, կամ դաշինքներով ենք գնացել։ Չնայած չեմ բացառում, որ եթե, օրինակ, ես լինեի նախագահը, կհրավիրեի բոլոր գլխավոր քաղաքական ուժերին եւ կառավարության, ԱԺ-ի եւ կուսակցությունների հետ միասին կայցելեի»։ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը նկատեց, որ «Ցեղասպանությունը մարդկության իրականացրած ամենադաժան ոճրագործությունն է։ Դա ոճրագործություն է՝ ուղղված ոչ միայն հայ ժողովրդի, այլեւ ողջ մարդկության դեմ եւ պետք է ճանաչվի ու դատապարտվի մարդկության կողմից, այդ թվում նաեւ՝ Թուրքիայի կողմից։ Համոզված եմ, որ դա տեղի կունենա։ Իսկ այսօր մենք պետք է ըստ արժանվույն գնահատենք այն ամենը, ինչ արվել է Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ։ Ցեղասպանության զոհերի հիշատակը պետք է հարգենք գործերով, ամրապնդելով մեր պետականությունը, ստեղծելով մի պետություն, որի բարձրագույն արժեքը քաղաքացին է, եւ որտեղ քաղաքացու արժանապատվությունը պաշտպանված է եւ որտեղ տիրում է արդարություն»։ Ստեփան Դեմիրճյանը նաեւ ասաց. «Դուք տեսաք, որ մենք Ցեղասպանության զոհերի հուշարձանին այցելեցինք ժողովրդի հետ համախմբված, իսկ ինչ վերաբերում է իշխանությունների հետ գնալ-չգնալուն, դա կարեւոր չէ։ Կարեւորն այն է, որ իրականում համերաշխության մթնոլորտ ձեւավորվի եւ դա չկրի ձեւական բնույթ»։ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի կարծիքով, ժողովուրդը համախմբված էլ այցելեց. «կառավարության հետ նաեւ ժողովուրդ է գալիս, եւ որեւէ մեկը չի արգելի, որ կառավարությունից հետո նաեւ ժողովուրդը գա։ Ցեղասպանության օրը հայ ժողովուրդն ազգովին նշում է ոչ միայն Հայաստանում, այլեւ բոլոր գաղթօջախներում, եւ այսօրվա մեջ ես ներքաղաքական որեւէ բան չեմ տեսնում։ Կարծում եմ, Ցեղասպանության խնդրում համախմբվածություն կա։ Ես կողմ եմ Ցեղասպանության ճանաչմանը, բայց ես դեմ եմ, որ Ցեղասպանության ճանաչումը որպես խաղաքարտ օգտագործվի Ղարաբաղի հիմնահարցի լուծման հարցում»։ Մ. ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել