Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎԱԳՐԵՑ ԻՐԵՆ

Ապրիլ 25,2003 00:00

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎԱԳՐԵՑ ԻՐԵՆ ԱԺ ընտրության ընտրարշավի պատճառով ստվերում հայտնվեց բավական ուշագրավ մի իրադարձություն՝ «Հոկտեմբերի 27»-ի կազմակերպիչների, հնարավոր օժանդակողների գործը վերցրին Զինդատախազությունից եւ փոխանցեցին Գլխավոր դատախազության վարույթ: Այս պահանջը վաղուց էին Ռոբերտ Քոչարյանին առաջարկում նրա հենարան որոշ ուժերը, «27»-ի գործով նախկին մեղադրյալների փաստաբանները եւ… մարդասպան Նաիրի Հունանյանը: Սակայն 4 տարի է՝ այդ պահանջը չէր բավարարվում, եւ անջատված գործը մնում էր Զինդատախազության վարույթում: Կարող է թվալ, թե իրավացի էր փաստաբան Տիգրան Ջանոյանը, երբ նախադեպերը հաշվի առնելով՝ պնդում էր, թե անջատված մասերը չեն ունենում դատական հեռանկար: Իրոք, թվում էր, թե այս գործը, ընդհանուր առմամբ, «կախակայված» վիճակում է, եթե հաշվի չառնենք պարբերական հաղորդագրությունները, թե անջատված մասով նախաքննությունը երկարացվել է եւս երկու ամսով, կամ լուրերը, թե քննվում են տուժողների հարցաքննությունների ընթացքում ի հայտ եկած որոշ նոր հանգամանքներ: Հավելենք՝ Զինդատախազությունը մեկ էլ աշխուժացավ, երբ 2003-ի փետրվարին հեռախոսային մամուլի ասուլիս անցկացրեց «27»-ի գործով վկա, ԱՄՆ-ում գտնվող Տիգրան Նազարյանը. սկսեցին մեկ առ մեկ հարցաքննության հրավիրվել… այդ ասուլիսին մասնակցած լրագրողները: Ակնհայտ նշան, որ գործը կանգնած էր, ու Զինդատախազության քննիչներն ուղղակի «պարապ վախտի խաղալիք» էին գտել: Սակայն բավական անակնկալ էր, որ այդ գործը վերցրին նրանցից: Առաջին իսկ վարկածն այս առնչությամբ այն էր, թե գուցե մտադրություն ունեն կարճե՞լ այս անջատված մասը, եւ Ռոբերտ Քոչարյանը կազատվի այդ դանդաղ գործողության ռումբից, որ երբեւէ կարող էր ցույց տալ կենդանության նշաններ: Այս վարկածի օգտին է այն, որ Գլխավոր դատախազությունում անջատված մասի նախաքննական խմբի ղեկավարը դարձավ քննչական վարչության պետի տեղակալ Ջոն Ֆարխոյանը: Վերջինս 2000-ին իրավիճակի փոփոխությունից հետո վարում էր «27»-ի գործով որոշ նախկին մեղադրյալների հարցաքննությունները, որի հետեւանքով նրանց գործերը կարճվեցին տարբեր պատճառաբանություններով. այնպես որ՝ պրն Ֆարխոյանն ունի կարճելու փորձ: Սակայն այդ վարկածի դեմ է հետեւյալ փաստարկը՝ անջատված մասը կարող էին կարճել կամ կասեցնել նաեւ Զինդատախազությունում: Իրավիճակի նույն փոփոխությունից հետո զինդատախազը եւ նրա քննիչները որեւէ կերպ չեն ընդդիմացել իր իշխանությունը վերահաստատած Քոչարյանի կամքին. ասենք՝ հնազանդորեն հարցաքննության էին կանչում բոլոր այն գործիչներին ու լրագրողներին, որ իրենց համոզումը կամ վերլուծությունն էին ներկայացնում «27»-ի ահաբեկչությունը Քոչարյանի եւ ԱԱՆ-ի կազմակերպմամբ կամ՝ առնվազն թողտվությամբ իրականացման վերաբերյալ: Ուստի կկատարեին նաեւ գործը կարճելու հանձնարարականը: Երկրորդ վարկածն էր, թե գուցե փորձ արվի կազմակերպիչներին փնտրել ա՞յլ ուղղությամբ: Իշխանական մամուլից ակնհայտ է, որ վաղուց է փայփայվում սլաքն այլ կողմ ուղղելու իղձը: Բավական է հիշել, թե ի՜նչ մանրակրկիտությամբ էին հեղաշրջման բուն փորձը, ահաբեկչությունը թողած՝ հանրության ուշադրությունը փորձում սեւեռել, թե կատարվածից հետո պաշտպանության նախարարությունում ովքեր էին հավաքվել, ինչպես էին զորքերը պաշարել Երեւանը, կամ ինչպես էին փորձում ցուցմունքներ կորզել Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի դերակատարության մասին՝ այս ամենը մատուցելով իբրեւ իրական հեղաշրջում: Հավանական կթվար, թե այժմ գուցե փորձեն լուծել հին հաշիվները ներկա իշխանության քաղաքական հակառակորդների հետ: Սակայն դժվար թե նախագահի ընտրությունից հետո դեռեւս չմարած ցնցումները չհաղթահարած՝ ձեռնամուխ լինեն մի քայլի, որն ակնհայտորեն տեղիք է տալու ոչ պակաս ուժգին ցնցումների: Ուստի մեզ առավել հավանական է թվում երրորդ վարկածը, մանավանդ որ՝ ժամանակային առումով ուղղակի համընկնում էլ կա: «27»-ի գործի վարույթը, այնուամենայնիվ՝ ոչ այնքան վստահելի Զինդատախազությունից վերցրին ճիշտ այն օրերին, երբ խորհրդարանը մասնակիորեն վերացրեց մահապատիժը եւ պահպանեց այն ահաբեկչական գործողություն կատարած հանցագործների համար: Արձանագրենք, որ սույնով չկատարվեց 1999-ի հոկտեմբերի 27-ի գիշերը Նաիրի Հունանյանին Ռոբերտ Քոչարյանի տված այն երաշխիքը, թե չի իրականացվելու մահապատիժ: Վստահ ենք, որ ոճրագործների խումբն այս փաստից, շա՜տ մեղմ ասած, հիացած չէ, եւ բացառված չէ, թե դիմեր ինչ-ինչ բացահայտումների: Ուստի պիտի փորձեին սահմանափակել հնարավորությունը, որ նա կարողանար լսելի դարձնել իր դժգոհությունը: Եվ երկարատեւ ընդմիջումից հետո մեկ շաբաթ առաջ վերսկսված «27»-ի դատավարությունն անմիջապես հետաձգվեց: Ընդ որում՝ այնպիսի պայմաններում տեղի ունեցավ հետաձգումը, որ ոճրագործները հնարավորություն չունենան ավել-պակաս խոսելու, որեւէ հայտարարություն անելու: Նրանց անգամ չբերեցին դատական նիստերի դահլիճ: Ուշագրավ է նաեւ, թե ինչ պատրվակով հետաձգվեց դատավարությունը: Նուբարաշենի քննչական մեկուսարանի պետը դատարանին տեղեկացրել էր, թե ահաբեկիչ Վռամ Գալստյանը ցուցաբերում է «տարօրինակ վարք, տրամադրության տատանում», «ներկայումս ստանում է համապատասխան բուժում եւ չի կարող մասնակցել դատական նիստերին»: Նկատենք, որ նախկինում էլ էր Վռամ Գալստյանն ունենում «տարօրինակ վարքի, տրամադրության տատանման» դրսեւորումներ, բայց նրան ուղղակի սրսկում էին ու բերում դատարան: Այս անգամ չկար անգամ այս ամենը հաստատող բժշկական տեղեկանք՝ միայն խոստացվեց, բայց մինչ այժմ էլ չի ներկայացվել դատարանին: Ի դեպ, նշենք, որ երբ ժամանակին Նաիրի Հունանյանը միջնորդել էր բժշկական հետազոտության ենթարկել իր քեռուն՝ նրա միջնորդությանը կողմ էր արտահայտվել տուժող Աղվան Վարդանյանի շահերի ներկայացուցիչ փաստաբան Ռուբեն Սահակյանը: Մեղմ ասած, խիստ հազվադեպ դեպք է սա, երբ տուժողի ներկայացուցիչը հակադրվում է մեղադրողներին եւ համաձայնում ամբաստանյալին: Առանձին անդրադարձի է կարոտ, թե ինչու հատկապես Վռամ Գալստյանի միջոցով էր հնարավոր իրականացնել դատավարության հետաձգումը: Ոճրագործների այս խմբի մեջ նա ամենաթույլն է, կարելի է ասել՝ նաեւ տգետը, որին դեռ կարելի էր ազդեցության տակ պահել, համոզել, թե չի իրականացվելու մահապատիժ՝ միայն անհրաժեշտ է որոշակի դադար: Հիշեցնենք նաեւ, որ ոճրագործներին տրամադրվում են բացառապես իշխանական թերթերը, որոնք իրենց առաջին էջերում հրապարակեցին Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերի հայտարարությունը, թե Հայաստանի խորհրդարանի կողմից մահապատժի մասնակի վերացումը եւս մեկ քայլ է ԵԽ անդամ երկրի՝ պարտավորությունները կատարելու ճանապարհին, բայց հուսով է, որ որքան հնարավոր է շուտ կկայացվի որոշում մահապատժի լիակատար վերացման վերաբերյալ: Կարծես թե անհրաժեշտ հիմքերը կան, որ պետության վրա ձեռք բարձրացրած մարդասպաններին փորձեն էլի հույսեր ներշնչել (ինչպես հանցագործության կատարման ժամանակ), թե այդ որոշումը դեռ կայացվելու է: Մինչ այդ հարկավոր է ժամանակ շահել, հետաձգել դատավարությունը: Իսկ ի՞նչ կլինի այնուամենայնիվ, եթե Հունանյանների քեռին հանկարծ «առողջանա»: Այ, այս դեպքի համար էլ անջատված մասը հայտնվեց Գլխավոր դատախազության առավել վստահելի ձեռքերում: Իշխանությունն ապահովագրեց իրեն հնարավոր վտանգից՝ «հեղափոխական ռոմանտիկների» խոստովանությունները կլսեն միայն լիակատար վերահսկողության ներքո գտնվող քննիչները: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել