Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՆՐԱՔՎԵՆԵՐԸ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՁԵՎԸ ՉԵՆ

Ապրիլ 25,2003 00:00

ՀԱՆՐԱՔՎԵՆԵՐԸ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՁԵՎԸ ՉԵՆ Ասում է Հայաստանում գտնվող ԵԽ ԽՎ պատվիրակության ղեկավար Լորդ Ռասել Ջոնսթոնը Հայտնի է, որ ԵԽ-ն մեծ հետաքրքրությամբ հետեւում էր ՀՀ ՍԴ-ում ՀՀ նախագահի թեկնածու Ստեփան Դեմիրճյանի դիմումի քննարկմանը: Մենք խնդրեցինք պարոն Ջոնսթոնին իր տեսակետը հայտնել ՍԴ որոշման առնչությամբ: «Չեմ կարծում, թե ԵԽ-ն կամ ես ԵԽ անունից իրավունք ունենք անկախ դատարանի որոշման վերաբերյալ կարծիքներ, դիտարկումներ հայտնել: Ես ՍԴ դատարանի նախագահին արդեն 5-6 տարի է ճանաչում եմ եւ գիտեմ, որ նա նույնիսկ ծանր վիճակում լինելով՝ իր կողմից հնարավորինս ամեն ինչ անում է, որպեսզի արդար որոշումներ ապահովի»,- նկատեց պրն Ջոնսթոնը: Այդուհանդերձ, ինչպե՞ս է վերաբերվում ՍԴ արած առաջարկին՝ մեկ տարվա ընթացքում «վստահության հանրաքվե» նշանակելու մասին, որի շուրջ ՀՀ-ում շատ կրքեր բորբոքվեցին: Որքանո՞վ են հանրաքվեներն ընդհանրապես ընդունված ձեւ որեւէ հարց լուծելու իմաստով եվրոպական երկրներում, ինչի մասին ՍԴ նախագահն իր ասուլիսում էր ակնարկել: «Դա ընդհանրապես տարածված պրակտիկա չէ: Հանրաքվեների օգտագործման հարցը շատ վերացական է, բայց երկրներ կան, որտեղ հանրաքվեները կիրառվում են կանոնավոր կերպով, օրինակ՝ Շվեցարիան, որը որոշ հարցեր կարող է դնել հանրաքվեի: Իմ կարծիքն այն է, որ հանրաքվեները լավագույն ճանապարհը չեն: Կարծում եմ, որ մարդկանց պետք է ընտրել, որպեսզի նրանք զբաղվեն երկրի խնդիրներով եւ ավելի իրազեկված որոշումներ ընդունեն եւ այդ որոշումները պաշտպանեն հանրության առջեւ: Երբ երկիրը հանրաքվե է անցկացնում, վախենում եմ, որ դրանով շատ հաճախ որոշում կայացնելու պատասխանատվությունը թողնում են այն մարդկանց վրա, ովքեր բոլորից քիչ են տեղյակ տվյալ հարցերի մասին»,- լինելով խորհրդարանական կառավարման համակարգի կողմնակից՝ իր անձնական կարծիքը հայտնեց պարոն Ջոնսթոնը: Դեռ ս.թ. մարտի վերջին տեղի ունեցած ԵԽ բյուրոյի նիստում, ուր պրն Ջոնսթոնի ներկայացրած զեկույցի հիման վրա քննարկվել էր ՀՀ-ում նախագահական ընտրությունների հարցը, ԵԽ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանն էր հայտարարել, թե ԱԺ ընտրությունների ժամանակ ԵԽ-ն մտադիր է ավելի մեծ թվով դիտորդներ գործուղել Հայաստան, որովհետեւ չի ուզում, որ իր եզրակացությունը հիմնված լինի միայն ԵԱՀԿ դիտորդական առաքելության դիտարկումների վրա: Բնականաբար, հարց է ծագում՝ ԵԽ-ն արդյո՞ք չի վստահում ԵԱՀԿ դիտորդներին եւ արդյո՞ք որեւէ տարակարծություն կամ անհամաձայնություններ եղել են ԵԱՀԿ եւ ԵԽ դիտորդական առաքելությունների դիտարկումների եւ եզրահանգումների միջեւ: «Ոչ: ԵԱՀԿ եւ ԵԽ դիտորդների միջեւ տարբերությունը միայն այն է, որ ԵԱՀԿ-ն, որպես կանոն, ընտրություններին հետեւելու համար շատ մեծ թվով դիտորդներ է ներգրավում: ՀՀ նախագահի ընտրությունների ժամանակ 200 դիտորդ կար: Բայց նրանցից շատերը քաղաքական աշխատանքի փորձ չունեն: ԵԽ դիտորդների մասնակցությունն ընտրություններում, ըստ մեզ, ապահովում է փորձառու քաղաքական գործիչների ներկայությունը: ՀՀ նախագահի ընտրությունների ժամանակ մենք 9 հոգի էինք, իսկ ԱԺ ընտրություններին կգանք մոտ 30 հոգով: Խնդիրն այն է, որ մենք շատ մտահոգված ենք ՀՀ նախագահի ընտրությունների ժամանակ տեղի ունեցած խախտումներով: Մենք շատ զգույշ ենք եւ չէինք ցանկանա որեւէ մեկի հեղինակությունը փչացնել: Ուստի այսօր դեռ ընտրություններից մեկ ամիս առաջ մենք այստեղ ենք, իսկ ԵԽ դիտորդները կգան արդեն ընտրության օրը»: Անդրադառնալով ԵԱՀԿ եւ ԵԽ դիտորդական առաքելությունների՝ ՀՀ նախագահական ընտրություններին տված բացասական գնահատականներին եւ եվրոպական չափանիշներին անհամապատասխան ընտրությունների վերաբերյալ գնահատականներին, ՀՀ ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանն էր հայտարարել, որ թեեւ Հայաստանի համար ԵԽ-ին անդամակցելը արժեքավոր է, բայց «դա միակ ճանապարհը չէ դեպի զարգացում, եւ կան բազմաթիվ այլընտրանքներ»: Մենք փորձեցինք իմանալ լորդ Ջոնսթոնի կարծիքը ՀՀ պաշտոնյայի այս հայտարարության առնչությամբ: «ԵԽ-ն ունի 44 անդամ պետություն, այդ թվում՝ Հայաստանը, եւ բոլորի նպատակն է՝ փորձել ապահովել այն նույն չափանիշներն ու ժողովրդավարական արժեքները, որոնք շարադրված են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում: Ես չգիտեմ ինչ այլընտրանքի մասին է խոսել նա: Տեղյակ չեմ: Ինձ չի ասել: Բայց, իմ կարծիքով, ԵԽ-ից դուրս գալը հենց Հայաստանի համար էլ լավ չէր լինի: Հույս ունեմ, որ հայ հասարակությունը ցանկանում է իր կյանքը բարելավել ու դարձնել ավելի ժողովրդավարական»,- ասաց լորդ Ռասել Ջոնսթոնը: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել