Լրահոս
Օրվա լրահոսը

Ա. Սարգսյան. «Ստոյկիցայի գալով հավաքականի խաղն ուժեղացել է»

Ապրիլ 24,2003 00:00

Ա. Սարգսյան. «Ստոյկիցայի գալով հավաքականի խաղն ուժեղացել է» Ֆուտբոլի Ուկրաինայի առաջնության 19-րդ տուրում Կիեւի «Արսենալի» կազմում առաջին անգամ խաղադաշտ մտավ այդ թիմի ներկայիս ամենատիտղոսավոր լեգեոներականը՝ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Ալբերտ Սարգսյանը։ Նա Մոսկվայի «Լոկոմոտիվի» հետ երկու անգամ դարձել է Ռուսաստանի գավաթակիր, երեք անգամ նվաճել բրոնզե մեդալ։ Իսկ 1998 եւ 1999թթ. նրա թիմը ընդամենը մեկ քայլի վրա է կանգ առել Եվրոպայի գավաթակիրների գավաթի խաղարկության եզրափակիչից։ Մարզական կարիերայի վերջին շրջանն Ալբերտն անցկացրել է մոսկովյան մեկ այլ ակումբում՝ «Տորպեդոյում»։ Սակայն թիմի ղեկավարության հետ նրա հարաբերությունները չեն ստացվել, որի պատճառով էլ վարձակալությամբ, մինչեւ մրցաշրջանի ավարտը, նա տեղափոխվել է Ուկրաինայի «Արսենալ» ակումբ։ Նոր թիմի ընտրության, ապագա ծրագրերի, Հայաստանի ազգային հավաքականի ներկայիս վիճակի ու հեռանկարների մասին Ալբերտ Սարգսյանը խոսել է Ուկրաինայի զանգվածային լրատվամիջոցներին տված հարցազրույցում, որն էլ կրճատումներով ներկայացնում ենք հայ ֆուտբոլասերներին։ – «Տորպեդոյի» գլխավոր մարզչի փոփոխությունից հետո ես թիմի մեկնարկային կազմում չէի հայտավորվում։ Ի տարբերություն Վիտալի Շեւչենկոյի, Սերգեյ Պետրենկոն ինձ չէր վստահում։ Դրա համար էլ ստիպված էի նոր թիմ որոնել։ Առաջարկներ եղել են Ռուսաստանի պրեմիեր լիգայի այլ թիմերից, սակայն նախապատվությունը տվեցի Կիեւի «Արսենալին»,- ասել է նա։ – Իսկ ինչո՞ւ ընտրեցիր հենց Կիեւը։ – Դրանում դեր է խաղացել Վյաչեսլավ Գրոզնու հեղինակությունը։ Նա դավանում է տեխնիկային, կոմբինացիոն ֆուտբոլին, որը բնութագրական չէ Ուկրաինայի առաջնությանը։ Այստեղ թիմերի մեծ մասը շեշտը դնում է ուժային պայքարի վրա։ Իհարկե, անհրաժեշտ է վերափոխվել։ Բայց, կարծում եմ, ես դա կարող եմ։ – Հավաքականում դու եզրային կիսապաշտպանի պարտականություններ ես կատարում։ Գրոզնին այստեղ ի՞նչ է պահանջում քեզանից։ – Նա ինձ նայում է որպես ստեղծագործող ֆուտբոլիստի։ Իմ մեկնարկային խաղում գործում էի դաշտի կենտրոնում եւ գնդակ մատակարարում հարձակվողներին։ Կողքից կերեւա, թե դա ինձ որքանով էր հաջողվում։ Միջին գծի բարձրակարգ ֆուտբոլիստների ներկայությամբ դժվար չէր։ – Դու Ուկրաինա եկար Հայաստանի ազգային հավաքականից մի փոքր ավելի շուտ, որը հունիսի 7-ին Լվովում հանդիպելու է Բուրյակի թիմի հետ։ Այդ խաղում քո հայրենակիցների հնարավորություններն ինչպե՞ս ես գնահատում։ – Բավականաչափ լավատես եմ։ Ճիշտն ասած, արդեն հոգնել ենք ընտրական մրցաշարը եզրափակել վերջին կամ նախավերջին տեղում։ Հուսով եմ, նոր մարզչի գալով այդ ավանդույթը կխախտվի։ Առաջին արդյունքներն արդեն կան։ Գրեթե երեք տարվա դադարից հետո մենք կարողացանք հաղթանակ տոնել Հյուսիսային Իռլանդիայի նկատմամբ։ Ճիշտ է, ափսոս, որ հետո խոշոր հաշվով զիջեցինք իսպանացիներին։ Բայց նրանց հետ ոտք մեկնել դեռ մեր ուժերից վեր է։ – Ասում են, եթե դրամական պարգեւատրություն խոստացված չլիներ, առանց հաղթանակների շարքն էլի կշարունակվեր։ – Ցնդաբանություն է։ Երեք հազար դոլար դրամական խրախուսանք մեզ խոստանում են ամեն խաղից առաջ։ Պարզապես, այս անգամ հավանաբար հաղթելու ցանկությունը ինչպես երբեք մեծ էր։ – Արգենտինացի մասնագետ Օսկար Լոպեսի հեռանալը պարտադի՞ր էր։ – Կարծում եմ՝ այո։ Նրա օրոք թիմն ավե լի շատ պաշտպանողական ֆուտբոլ էր խաղում, որն առանձնակի արդյունք չէր տալիս։ Եկավ ռումինացի Միխայ Ստոյկիցան ու հավաքականն անմիջապես ավելի ուժեղ դարձավ։ Եվ առաջին հերթին տակտիկապես։ Հիմա թիմն ավելի լավ է նայվում հարձակումում։ Նույն իսպանացիներին առաջին խաղակեսում առնվազն երկու գոլ կարող էինք խփել։ Ո՞վ իմանա, թե այդ դեպքում ինչպես կավարտվեր մրցամարտը։ – Որպես աշնանային հանդիպումում Ուկրաինայի դարպասը խփած ճակատագրական գոլի հեղինակ, չե՞ս վախենում խեթ հայացքներից։ – Ֆուտբոլն անկանխատեսելի է։ Սեպտեմբերին 11 մետրանոցի նշանակետին մոտենալիս ի՜նչ իմանայի, որ ավելի ուշ խաղալու եմ Ուկրաինայում։ – Այդ 11 մետրանոց հարվածը հաճա՞խ ես հիշում։ – Իհարկե։ Մի քիչ անսովոր ստացվեց։ Բայց, այնուամենայնիվ, գոլ խփեցի։ Հաճելի է, որ այդ գոլը մեր թիմին ոչ-ոքի բերեց։ Պատրաստեց Ք. ՀԱԿՈԲՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել