Լրահոս
Օրվա լրահոսը

Ընկերովի մահը հարսանիք է

Ապրիլ 24,2003 00:00

Ընկերովի մահը հարսանիք է «Արմենիայի» պատասխան ասուլիսը Ապրիլի 19-ին «Մոսկվա» կինոթատրոնի տնօրեն Մարտին Ադոյանը «Արմենիա» հեռուստաընկերության տնօրինությանը մեղադրեց «ֆիլմեր գողանալու» եւ «ավազակություն անելու» մեջ։ Այդ մեղադրանքին երեկ պատասխանեց հեռուստաընկերության գործադիր տնօրեն Բագրատ Սարգսյանը՝ «Արմենպրեսի» մամուլի սրահում։ Բագրատ Սարգսյանը լրագրողների համար կարդաց նախապես պատրաստած հայտարարությունը, որտեղ պատասխան մեղադրանք հնչեց «Պարադիզ» ընկերության հասցեին՝ իր գործընկեր «Պրոմեթեւսի» եթերով բազմիցս առանց հեղինակային իրավունքի նյութերի ցուցադրման մասին։ Սակայն «ասպետական մեծահոգությամբ» պարոն Սարգսյանը մինչ օրս «հանդուրժել» է հենց նույն՝ «Արմենիա-TV»-ի հեղինակային իրավունքը ոտնահարած ու զանազան «անիրավունք» նյութեր ցուցադրած «Պրոմեթեւսի» «ավազակային» ոտնձգությունները։ Եվ այժմ, ընդունելով իր հեռուստաընկերությանն ուղղված «Պարադիզի» դիտողությունը (ենթադրում ենք, նաեւ՝ «Բագրատի հետ չի ստացվում մարդկային ձեւով համաձայնության գալ» արտահայտությունը, «Ֆիլմագողություն», «Առավոտ», 19.04.03թ.), «Արմենիա-TV»-ի տնօրենը չի ընդունում «մի ձեռքով գողանալու, մյուսով՝ մատ թափ տալու» «Պարադիզի» որդեգրած սկզբունքը։ «Ու չնայած մենք, լինելով առաջատար եւ ուժեղ ընկերություն, ներողամիտ ենք գտնվել նման խնդիրներում», սակայն այսուհետեւ «պարտավորություն ենք ստանձնում ապահովել հեղինակային իրավունքների պաշտպանությունն ամբողջ նյութերի ծավալով եւ հետամուտ ենք լինելու այլ ընկերությունների կողմից մեր իրավունքների պաշտպանությանը նույնպես»,- ասաց նա։ Իսկ եթե այլ հեռուստաընկերություններ խախտեն «Արմենիա- TV»-ի դրած «վետոն» կամ ընդհանրապես անարձագանք թողնեն այս կո՞չը։ Բագրատ Սարգսյանն, անշուշտ, իրենց հեղինակային իրավունքների ոտնահարման դեպքում դիմելու է դատարան։ Ի դեպ, չի բացառվում, որ իրավապահ մարմիններին պատասխան տա նախեւառաջ «Արմենիա-TV»-ն՝ «Մոսկվա» կինոթատրոնի հեղինակային իրավունքը շրջանցելու եւ «Նյու Յորքի բանդիտները» ֆիլմն ավելի շուտ ցուցադրելու համար, եթե կինոթատրոնի տնօրենը չփոշմանի ու չհրաժարվի ասուլիսում հնչեցրած իր սպառնալիքից։ Բ. Սարգսյանին չի մտահոգի նաեւ, եթե մյուս հեռուստաընկերությունները շարունակեն արտերկրի հեռուստաալիքներից վերցնել ու ցուցադրել ինչ-որ նյութեր, քանի որ «ժամանակը կգա ու դրան վերջ կտրվի այնպես, ինչպես հիմա փորձում են աղմկել 2-3 ֆիլմի հեղինակային իրավունքի պաշտպանության համար, որովհետեւ փող են տվել»։ Այսինքն, հեռուստատեսային ողջ դաշտը կաշխատի օրինական պայմանագրերով, առանց մեկը մյուսից կամ արբանյակային կապով հեռարձակվող ալիքներից տեսանյութեր «թռցնելու»։ Եվ «Արմենիա» հեռուստատեսությունն, ըստ իր տնօրենի հավաստման, առաջինն է սկսում հեղինակային իրավունքի պահպանման գործընթացն իրենց հեռարձակած ձայնա եւ տեսանյութերի ողջ ծավալով։ Ո՞վ է վերահսկելու այդ առաջարկ-գործընթացի կատարումը, ըստ Բ. Սարգսյանի՝ «ով ուզում է, հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովից սկսած»։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2003
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930