Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐ ՀԱՅՐԵՆԱՓՐԿԻՉՆԵՐ

Ապրիլ 24,2003 00:00

ՆՈՐ ՀԱՅՐԵՆԱՓՐԿԻՉՆԵՐ ԱԺ ընտրություններին մասնակցող «Արդարություն» հասարակական-քաղաքական կազմակերպության տղաները հույս ունեն, որ կհաղթահարեն 5%-ի արգելքը։ «Յուրաքանչյուրս մեր տեղում անհատականություն ենք,- ինքնագովեստով զրույցը սկսեց Արսեն Քարամյանը,- մեր հիմնական տարբերությունը մեր մրցակիցներից մեծ ինտելեկտն է ու երիտասարդ լինելը»։ Բացի այդ, «Արդարության» տղաները «կուսակցականացված չեն, չունեն կեղտոտված քաղաքական անցյալ, չեն ներկայացնում այս կամ այն տնտեսական կլանի շահերը, չեն սեղմել որեւէ կոճակ նրանց հրահանգով եւ իրականությանը նայում են այնպես, ինչպես կա»։ Այսպես բանավոր ներկայացրեց «Արդարության» ինքնակենսագրությունը Ա. Քարամյանը, այնուհետեւ ընդգծելու համար իրենց առավելություններն ու պատգամավորական մանդատին արժանի լինելը, անցավ ներկայիս խորհրդարանի «սարսափելի պատկերին»։ «ԱԺ-ում հազիվ 20-22 գրագետ մարդ կա ու պատգամավորներին թելադրություն տալու դեպքում շատերը կոպիտ ուղղագրական սխալներով կգրեն»,- ոգեւորված փաստեց նա։ Ուրեմն նշանակում է, բոլորը պիտի գիտակցեն, որ այս խորհրդարանին պետք են հենց «Արդարության» տղաների նմանները, որոնց մուտքը խորհրդարան կնշանավորվի աննկարագրելի հեղաշրջմամբ։ «Արդարության» ցուցակի առաջամարտիկը՝ Հակոբ Աբրահամյանն էլ (Հաշմանդամների «Փյունիկ» միության նախագահը) կանխավ խոստացավ առաջիկա ընտրություններում հաղթելու դեպքում «լավացնել երկրի վիճակը, մանավանդ ծանոթ է Հայաստանի թույլ եւ ուժեղ տեղերին»։ Իսկ Ատոմ Մխիթարյանը (Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ) ոչ միայն կարեւորեց «Արդարության»՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցելը, այլեւ իրենց կազմակերպության քայլը որակեց ասպետություն. «Բա ասպետություն չի, ի՞նչ է։ Մի ամբողջ սերնդի անունից վեր ենք կացել ու ողջ հասարակությանն ուզում ենք վարակել մեր գաղափարներով»։ Իր խոսքով՝ «անկախության տարիներից ձեւավորված նոր սերնդի էլիտայի ներկայացուցիչները (իրենք) գերադասում են իրենց աճեցրած ծիլերը՝ լավագույն գաղափարները, չտալ որեւէ մեկին, սեփական դիվիդենդները չնվիրել որեւէ կուսակցության, այլ դրանցից փունջ սարքել ու անձամբ մասնակցել ընտրություններին»։ Նա վստահ է, որ դեռ կհասցնեն մի ամսվա ընթացքում 50-100 հազար հետեւորդ հավաքել։ «Մանավանդ որ, մեկ ա՝ գալու ենք։ Ինչքան շուտ գանք՝ էնքան էս երկիրը կշահի»,- բոլոր հին ու նոր կուսակցություններին եւ հնարավոր փրկիչներին հայրենափրկության ձեռնոց նետեց պատգամավորության թեկնածուն (նաեւ մեծամասնական ընտրակարգով է առաջադրված)։ Ի դեպ, տղաները նշեցին, որ չեն տիրապետում ֆինանսական միջոցների, թեեւ հրաշալի գիտեն ինչ արժե քարոզարշավը հավուր պատշաճի կազմակերպելը։ Չեն թաքցնում, որ ունեն «լավ ընկերներ բիզնեսում», որոնք օգնել են իրենց առաջին քայլերն անելիս։ Ընտրակաշառքներ էլ չեն խոստանում, հիմնական ընտրազանգված համարում են երիտասարդությանը, պոտենցիալ՝ աղետի գոտու բնակչությանը։ Վստահեցնում են, որ իշխանամետ կամ ընդդիմադիր չեն, նախագահ Ռոբերտ Քոչարյանին էլ համարում են չարյաց փոքրագույնը։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել