Լրահոս
Օրվա լրահոսը

Տուժողը եւ շահերի ներկայացուցիչը իրավազուրկ են

Ապրիլ 24,2003 00:00

Տուժողը եւ շահերի ներկայացուցիչը իրավազուրկ են 2002թ. հունիսի 19-ին հրազենով սպանվեց «Եվրոմոտորսի» նախկին գլխավոր տնօրեն Հովհաննես Մանուկյանը։ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 2002թ. դեկտեմբերի 27-ի դատավճռով Հովհաննես Մանուկյանի սպանությունն իրականացրած Միշա Քալանթարյանը ոչ միայն պատիժ չկրեց, այլեւ դատարանը նրա նկատմամբ կիրառեց «առողջարանային» բնույթի «հարկադրական միջոց». նա տեղավորվեց «խիստ հսկողության» հոգեբուժական հիվանդանոցում։ Տուժողի հայրը՝ Ղազար Մանուկյանը դիմեց Քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարան, որը այս տարվա փետրվարի 3-ին ընդունեց որոշում՝ Արաբկիրի դատարանի որոշման դեմ բերված տուժողի իրավահաջորդի վերաքննիչ բողոքը թողնել առանց քննության։ Դատարանը նոր որակում տվեց մարդասպանությանը, այն ձեւակերպելով շատ մեղմ՝ «քրեական օրենքով արգելված արարք»։ Ավելին, նա իր մերժումը պատճառաբանեց, որ Մ. Քալանթարյանի նկատմամբ հարուցված քրեական գործը «միայն տուժողի բողոքի հիման վրա հարուցված քրեական գործերից չէ, հետեւաբար տուժողի իրավահաջորդը այդ գործով վերաքննիչ բողոք բերելու իրավունք չունի եւ նրա բողոքը պետք է թողնել առանց քննության»։ Տվյալ գործով իրավազուրկ եղավ ոչ միայն տուժողի իրավահաջորդը, այլեւ տուժողի շահերի ներկայացուցիչը՝ փաստաբանը։ Փաստաբանների միջազգային միության անդամ Ռուզաննա Տեր-Վարդանյանը ցանկանում էր Քրդատօրի 77 հոդվածի 11-րդ կետի համաձայն լուսապատճենահանել քրգործի իրեն անհրաժեշտ նյութերը։ Սակայն վճռաբեկ դատարանի քրեական եւ զինվորական գործերով պալատը այն հանձնարարում է դատավոր Դ. Ավետիսյանին՝ «պալատում քննարկելու համար»։ Հավանաբար դա է պատճառը, որ տուժողի շահերի ներկայացուցիչը Քրեական դատավարության օրենսգիրքը տուժողի իրավունքների մասով համարեց «հանցագործների պատվերով, հանցագործների ցանկությամբ եւ հանցագործների համար գրված»։ Նա վկայակոչում է գործող Սահմանադրության 38 հոդվածը, որով յուրաքանչյուր ոք ուներ իր իրավունքների եւ ազատությունների դատական պաշտպանության իրավունք։ Ղազար Մանուկյանը որդի է կորցրել եւ նրա որդուն սպանել են դաժանաբար։ Արդարադատական ատյանը «գժի թղթով» արդարացրել է մարդասպանին եւ ձեռքերը լվացել։ Տուժողն իրավունք չունի ո՛չ վերաքննիչ, ո՛չ էլ վճռաբեկ դատարան դիմելու։ Մինչդեռ, երբ գործող Քրդատօրը թույլ է տալիս մեղադրյալին կամ դատապարտյալին ցանկացած ժամանակ դիմել ցանկացած ատյանի դատարան՝ դատական պաշտպանության համար։ Իհարկե, մեր երկրում հանցագործները մեծ դեր ու կշիռ ունեն։ Իսկ քաղաքացի՞ն, որն այս դաժան իրականության մեջ ցանկացած պահի կարող է հայտնվել տուժողի իրավիճակում։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել