Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՌԱԿ-Ը ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ՊԼԱՏՖՈՐՄԸ

Ապրիլ 24,2003 00:00

ՀՌԱԿ-Ը ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ՊԼԱՏՖՈՐՄԸ Երեկ Թեքեյան կենտրոնում Հայաստանի ռամկավար-ազատական կուսակցությունը ներկայացրեց իր նախընտրական պլատֆորմի հիմնադրույթները։ ՀՌԱԿ ատենապետ Ռուբեն Միրզախանյանը հատկապես կարեւորեց ռամկավարների՝ վերջին շրջանում սկսած համագործակցությունը Ռուսաստանի հայերի միության հետ, որի նախագահ Արա Աբրահամյանը ներդրումային խոստումնալից ծրագրեր է առաջարկել։ Օրինակ, պլատֆորմի՝ կրթությանը վերաբերող հիմնադրույթում ՀՌԱԿ-ը ձեռնունայն չի ներկայանում Ազգային ժողովի ընտրություններին։ Ռուսաստանի հայերի միության հետ համատեղ, ՀՌԱԿ-ը խնդիր է դրել առաջիկա ժամանակաշրջանում Հայաստանի բոլոր դպրոցներն օժտել համակարգչային դասասենյակներով։ «Շատ հաճախ ականատես ենք լինում, որ այս կամ այն դպրոցին 1-2 համակարգիչ են նվիրում եւ դրանց շուրջ շուրջպար են բռնում։ Բայց խնդիրը, որը հետապնդում են Ռուսաստանի հայերի միությունը եւ ՀՌԱԿ-ը, շատ ավելի լուրջ է»։ Ի դեպ, ռամկավարների ծրագրի այս կետը համընկել է երբեմնի նախագահի թեկնածու, այժմ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախընտրական ծրագրում տեղ գտած նույնանման կետին։ Ռ. Միրզախանյանը ներկայացնելով նախընտրական պլատֆորմի հիմնադրույթները, նախեւառաջ կարեւորեց երկրի ազգային պաշտպանության խնդիրը եւ այն հաջողությամբ լուծելու գրավականը համարեց հայոց ազգային բանակը։ Իսկ բանակի զարգացումը ՀՌԱԿ ատենապետն ուղղակիորեն կապեց երկրի տնտեսական վիճակի հետ։ Ծրագրի համաձայն, ՀՌԱԿ-ը պատրաստ է ԱԺ-ում ուշադրության կենտրոնում պահել երկրի պաշտպանունակության բարձրացման, Ազգային բանակի կատարելագործման հարցերը, նպաստել դրանց լուծմանը։ Իր ելույթի ընթացքում Ռ. Միրզախանյանը մի քանի նախադասությունով էլ մեկնաբանեց ղարաբաղյան հիմնահարցին առնչվող հիմնադրույթը։ Ըստ դրա՝ ՀՌԱԿ-ը Լեռնային Ղարաբաղն ընդունում է որպես ինքնուրույն պետություն։ Կուսակցությունը հավատարիմ է մնում ազգերի ազատ ինքնորոշման իրավունքի հիման վրա հիմնահարցը լուծելու ռազմավարությանը եւ հակամարտության փաթեթային լուծման մարտավարությանը։ Պլատֆորմի հիմնադրույթում տեղ է գտել նաեւ կուսակցության մոտեցումը Հայ Դատի խնդրին։ Ռ. Միրզախանյանի խոսքերով՝ ԱԺ-ում ցեղասպանությանն առնչվող հարցերը հազվադեպ են քննարկվում, «այնինչ անհրաժեշտ է շարունակ տեսադաշտում պահել այդ հարցը, լսումներ եւ քննարկումներ կազմակերպել եւ օրենսդրական լուծումներ տալ այդ խնդրին»։ ՀՌԱԿ ատենապետի հավաստմամբ, կուսակցության 118 տարիների գործունեության ընթացքում Հայ Դատի հետապնդումը միշտ եղել է ՀՌԱԿ-ի ծրագրի հիմնական կետերից մեկը։ Ներքաղաքական դաշտում առկա բեւեռացումն է ռամկավարներին մտահոգում, եւ վերջիններիս կողմից քաղաքական կուսակցություններին, գործիչներին խորհուրդ է տրվում ամենայն պատասխանատվությամբ մոտենալ հարցին եւ անձնական նպատակներին հասնելու համար չօգտագործել ժողովրդի որոշակի խմբեր։ Ծրագրի հաջորդ ենթաբաժինը վերաբերում է երկրի տնտեսական քաղաքականությանը։ ՀՌԱԿ-ի համար անհատն առաջնային է. «հասարակությունը սկսվում է անհատից եւ ընտանիքից»։ Այս խնդրում կուսակցության նպատակն անհատ անձի բարօրության ապահովումն է, մասնավորապես նրա գույքային իրավունքների պաշտպանվածությունը։ Անդրադառնալով ազգաբնակչության զբաղվածության հարցին, ռամկավարները նշեցին, որ որեւէ գործատուի խնդիրն աշխատատեղեր ստեղծելը չէ։ Հետեւաբար, պետության խնդիրը պիտի լինի որքան հնարավոր է՝ շատ ձեռներեցների ներգրավել արդյունաբերության, գյուղատնտեսության եւ սպասարկման տարբեր ոլորտներում, «քան հույսը դնել եղածների ավելացման ու մեծացման վրա»։ Սոցիալական խնդիրը շոշափելով, ՀՌԱԿ-ի անդամների կարծիքով, պետության հիմքը միջին խավն է։ Եվ որպեսզի միջին խավը ձեւավորվի, ռամկավարները պատրաստվում են աշխատել տնտեսական զարգացման ուղղությամբ։ Առաջիկա ազգային ժողովի ընտրություններում ՀՌԱԿ-ի համամասնական ցուցակում առաջադրված է 60 թեկնածու։ Կուսակցության նախընտրական քարոզարշավի շրջանակներում նախատեսվում են այցելություններ ՀՀ մարզեր։ Այլ կուսակցությունների կողմից բաժանվող ընտրակաշառքների վերաբերյալ ՀՌԱԿ ատենապետն այսպես կատակեց. «Թող վերցնեն, բայց ձայնը տան ՀՌԱԿ-ին»։ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2003
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930