Լրահոս
Օրվա լրահոսը

Կոմկուսի ֆինանսները «սուղ են»

Ապրիլ 24,2003 00:00

Կոմկուսի ֆինանսները «սուղ են» Հայկոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Վլադիմիր Դարբինյանն կոնկրետ թիվ չի ասում, բայց կուսակցության ֆինանսների սղության մասին պատկերացում տալիս է. «Նրանք, ովքեր հարյուրհազարներ կծախսեն, մենք մի քանի հազարով յոլա կգնանք»։ Այսքան փողով, պարզ է, ակտիվ քարոզարշավ չես ծավալի, բայց, այնուամենայնիվ, ՀԿԿ-ն վաղվանից մարզեր կայցելի, հանրահավաքներ կհրավիրի։ Ով՝ ով, բայց «Կենտկոմի 3 քարտուղարով պետք է լինենք տեղերում։ Երկու մեքենա ունենք։ Բենզինի ծախս կա եւ այլն։ Յոլա կտանենք»։ Կենտկոմի հույսը «բոլոր շրջանների շրջկոմներն են, սկզբնական կազմակերպությունները։ Վստահ ենք, որ տեղերում կենդանի աշխատանք կտանեն»։ Պատահական չէ ֆինանսների սղությունը. «Եթե մեր ցուցակը նայում եք, այդտեղ միլիոնատերեր չկան»։ Գուցե ուրի՞շ կուսակցությունների են համակրում. «Դե, միլիոնատերերը, որոնք մի քանի տարվա ընթացքում թալանել են մեր ժողովրդի ազգային հարստությունները, պարզ է, կոմունիստների ցուցակը չեն մտնի։ Մենք էլ չենք մտցնի»։ «Միլիոնատերեր չկան»՝ դեռ քիչ է, ցուցակի կեսը զբաղեցնում են գործազուրկ կոմունիստներ, չլինի՞ որպես մասնագետներ չեն համապատասխանում այսօրվա պահանջներին. «Ոչ, խուսափում են կոմունիստին աշխատանք տալ՝ իրենց հայացքների պատճառով»։ Ֆինանսների բացակայությունը փոխլրացնում է կոմունիստական ոգին ու պաթոսը. «Դա է ճշմարիտը, մենք այդ գաղափարներից չենք նահանջում եւ կգա մեր օրը, լուսավոր օրը»,- հավատացած է պրն Դարբինյանը։ Վերջապես, նա չի կասկածում նաեւ Դոստոեւսկու «իմաստուն խոսքերին. «Մեծ գաղափարները կարող են ժամանակավորապես նահանջել, բայց նրանք չեն մեռնում»։ Նրանց վերադարձն անխուսափելի է»։ ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղարի խոսքերով, «հայտարարում են (նորացված կոմունիստները- Ա. Ու.), որ իրենք կառույցներ ունեն բոլոր տեղերը, որ իրենք շատ մեծ (նկատի ունի թվով- Ա. Ու.) համակիրներ ունեն։ Ես կարծում եմ, որ դա իրականությանը չի համապատասխանում»։ Ընդհանրապես, այս առումով Վլ. Դարբինյանի գնահատականը շատ խիստ է. «Հնուց եկող մի ճշմարտություն կա. քաղաքական, պետական գործիչը նման է կոտորակի։ Համարիչն այն է, ինչ իրականում ինքը կա։ Հայտարարն այն է, ինչ ինքն իր մասին կարծում է։ Որքան մեծ է հայտարարը, այնքան փոքր է արժեքը»։ Վլադիմիր Դարբինյանը կարծում է, որ «նորացվածները» «կարող էին իրենց անվանել սոցիալ-դեմոկրատներ, կարող էին ամեն բան էլ անվանել։ Նա իրավունք չունի կոմկուս կոչվելու»։ Հատկապես, «եթե նա մտածում է, որ իշխանություններին պաշտպանել են հրապարակայնորեն, ուստի իշխանություններն էլ վարձահատույց կլինեն եւ այս կեղծիքի ու ընտրակաշառքի պայմաններում իրենց բաժինը կմատուցեն։ Բայց դա ազնիվ ճանապարհ չի։ Ես չեմ հավատում, որ մեր ժողովուրդը ձայն կտա նրանց»։ Ա. ՈՒ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել