Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ՒՄ ՀԱՄԱՐ Է ՆՈՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Ապրիլ 24,2003 00:00

Ո՞ՒՄ ՀԱՄԱՐ Է ՆՈՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Ֆրիդրիխ Նաումանի հիմնադրամը եւ «Համաձայնություն» կենտրոնը երեկ սեմինար էին կազմակերպել՝ «ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը» թեմայով։ Հիմնական զեկուցող, ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանը խնդրեց հաշվի առնել հետեւյալ իրողությունը. ՀՀ նախագահի կողմից 2001 թ. սեպտեմբերի 1-ին ԱԺ է ներկայացվել մի տարբերակ՝ «ՀՀ Սահմանադրությունը նոր խմբագրությամբ»։ Վերջինիս մշակման գործում իր դերակատարությունն է ունեցել նաեւ Ֆ. Թոխյանը։ Իր բացման խոսքում պրն Թոխյանը հայ հանրության համար հարկ համարեց «որոշ փակագծեր բացել»։ Սակայն առողջական խնդիրների պատճառով պրն Թոխյանը ԱԺ-ում քաղաքական ուժերի հետ քննարկումներին մասնակցություն չի ունեցել։ Այս հատվածում ծանր հրետանու դերը ստանձնեց նախագահի կողմից նշանակված ներկայացուցիչ Արմեն Հարությունյանը։ Բայց, ըստ պրն Թոխյանի, 1999-ին ՀՀ նախագահի հրամանագրով ստեղծված սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի լիազորությունները որեւէ այլ հրամանագրով կասեցված չեն, ուստի այդ հանձնաժողովի անդամ Ֆ. Թոխյանն իրավամբ տարօրինակ է համարում, որ «2001-ի սեպտեմբերից մինչեւ 2003-ի ապրիլի 7-ն այդ ուժն իբրեւ կոլեգիալ մարմին որեւէ նիստ չի գումարել եւ սույն նախագծի վրա որեւէ աշխատանք չի կատարել»։ Մարտի 28-ին ԱԺ-ին ներկայացվեց թիվ 2 տարբերակը՝ նույն վերնագրով, որը երկօրյա քննարկումից հետո պատգամավորների դրական գնահատականին արժանացավ։ Ապրիլի 12-ին տպագրվեց երրորդ նախագիծը։ Որպես սահմանադրական իրավունքի մասնագետ, պրն Թոխյանը երեք կետի վերաբերյալ անհամաձայնություն արտահայտեց, որոնք «վրիպակ» ձեւակերպմամբ ներկայացրեց։ «Միշտ մերժվել է հանրաքվեից բացի այլ տարբերակով Սահմանադրության փոփոխությունը։ Բայց նախագծի 111.1 հոդվածով նախատեսված է այն հարցերի ցանկը, որոնք միայն հանրաքվեով հնարավոր է կատարել, բայց նշված չեն այն հարցերը, որոնք հնարավոր է փոխել ԱԺ-ի 2/3-ով»։ Փաստորեն, ինչպես նկատեց Ֆ. Թոխյանը՝ «Սահմանադրության մի շարք կարեւոր դրույթներ կարող են փոխվել ԱԺ-ի 2/3-ով, այն էլ՝ 4 տարում երկու անգամ։ Այդ իրավունքը վերապահված է նաեւ նախագահին, ուստի ստացվում է չորս անգամ»։ Ցանկում չկա գործող Սահմանադրության 96 հոդվածը («Դատավորները եւ ՍԴ անդամներն անփոփոխելի են…»)։ Ֆ. Թոխյանի կարծիքով՝ «դա միտումնավոր է արվել, որ ԱԺ-ն եւ նախագահը 4 անգամ կարողանան վերաձեւել այդ հոդվածը»։ Մյուս հիմնական զեկուցող, «Արմատ» կենտրոնի անդամ Արա Սահակյանը, սահմանադրական փոփոխությունների այս գործընթացը «Սահմանադրության նկատմամբ իրականացվող հախուռն հարձակում» որակեց։ Ըստ բանախոսի՝ «հեղինակը (նախագահը.- Ն. Գ.) իր նախաձեռնությունը մե՛կ անվանում է բարեփոխում, մե՛կ նոր խմբագրություն, մե՛կ փոփոխություններ, իսկ պաշտոնական տեղեկագրում վերնագրված է «ՀՀ Սահմանադրություն. փոփոխություններով»։ Խնդիրն ըստ Արա Սահակյանի, միայն անվանումը չէ, այլ իրավաբանական ձեւը, քանի որ «հանրաքվեի է դրվում ոչ թե փոփոխությունների տեքստը, այլ գործող Սահմանադրության փոփոխված տեքստը։ Պատկերացրեք, թե ինչ վիճակ կստեղծվի, եթե այդ հանրաքվեն ժողովուրդը մերժի։ Չէ՞ որ դրանով կմերժվի նաեւ անփոփոխ մնացած բազմաթիվ հոդվածներ, քանի որ դրանք կրկնակի հանրաքվեի են դրվել»։ Ի հակակշիռ Ֆ. Թոխյանի կարծիքի, որ փոփոխություններով հստակեցվում է նախագահական, գործադիր եւ օրենսդիր իշխանությունների տեղն ու դերը, Ա. Սահակյանը նախագծին վերապահված մի շարք լիազորություններին զուգահեռ նկատեց, որ «նախագահին պաշտոնանկ անելու եւ լիազորությունների կատարման անհնարինության հարցեր հարուցելու եւ քննելու ԱԺ-ի ու կառավարության լիազորությունները սահմանափակված են՝ ՍԴ-ի որոշումով։ Եթե ՍԴ-ն գտնի, որ նման հիմքեր չկան՝ գործընթացը կասեցվում է»։ Փաստորեն, նախագահին կմնա միայն ՍԴ նախագահի հետ «լեզու գտնել»։ Նաեւ՝ իր իսկ հայտարարած ռազմական դրության ժամանակ նախագահը շարունակում է պաշտոնավարել, եթե անգամ լիազորությունների ժամկետը լրացել է։ Այդ «շնորհը» տրված է նաեւ ԱԺ-ին։ «Էդվարդ Եգորյան» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռուբեն Եգորյանի կարծիքով՝ «առաջադրված նախագիծը որեւէ լուրջ ինստիտուտ չի փոխում եւ դրա անհրաժեշտությունն էլ չկա, պարզապես իշխանության կտորներն են վերադասավորվել։ Այս ներկայացված փաստաթուղթը իրավական բազար է, որի արդյունքում իշխանությունների հավասարակշռությունն ավելի շեղված է եւ վտանգներն ու սողանցքներն առավել շատացված են։ Այս սահմանադրական ռեւիզիոնիզմն անհրաժեշտ է նոմենկլատուրային կապիտալիզմին, որն ակնհայտ է փոփոխությունների բովանդակությունից։ Տպավորությունն այնպիսին է, որ մենք ստեղծում ենք մոնոպոլիստների, ռազմական ստրուկտուրաների, հարուստների եւ եկեղեցու հետ միասին»։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել