Ե՛Վ ՄԵԽԻՆ, Ե՛Վ ՆԱԼԻՆ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը թեեւ ներկայացված չէ Դաշնակցության համամասնական ցուցակում (թերեւս բավարար չէ 5 տարի ՀՀ քաղաքացի լինելու պայմանը), բայց ակտիվորեն մասնակցում է ՀՅԴ քարոզչությանը: Այսպես՝ օրերս նա հեռուստատեսությամբ կոչով դիմեց ընտրողներին, հաջողելով հավասարապես «կսմթել» ե՛ւ իշխանությանը, ե՛ւ ընդդիմությանը: Ընդդիմության բաժինն անհամեմատ ավելի մեծ էր. «Կան փարիսեցիներ, որոնք կեղծ ընդդիմություն են խաղում։ Կան մարդիկ, որոնց համար մեր ազգային քաղաքական կյանքը ոչ թե ժողովրդի ու պետության ներկան ու ապագան կերտելու ասպարեզ է, այլ լոկ իրենց քաղաքական կարիերայի ապահովման խաղադաշտ։ Իսկ ուրիշները թեպետ մեր ժողովրդի սոցիալ-տնտեսական դժվարություններն են խնդրո առարկա դարձնում, բայց իրականում մտացածին վրեժխնդրության են հետամուտ։ Կան նաեւ այնպիսիք, որոնք համախմբված են ինչ-որ անձի շուրջ, սակայն իրականում թիկունքից ծիծաղում են նրա վրա։ Իսկ ուրիշներն այլ գործ չունեն, բացի անընդհատ «ընդդեմի» սկզբունքով հրապարակի վրա մնալու վարքագծից։ Այսպիսիները մի այլ դեպքում վայրկենապես հայտնվելու են իրենց զինակից առաջնորդի դեմ։ Ոմանք էլ դեռ համառում են ասպարեզում մնալ, թեեւ ոչ վաղ անցյալում եւ այսօր խրված են երկրում առկա կոռուպցիայի, անարդարության ու տնտեսական չարաշահումների մեջ։ Կան նաեւ մարդիկ, որոնք Քաջ Նազարի բախտով հայտնվել են պատասխանատվության իրենց ոչ վայել տեղում։ Եվ վերջապես, չպետք է վստահել բոլոր նրանց, ովքեր այսօրվա մեր դժվարությունների ստեղծման մեղավորներն են»։ Ինչ վերաբերում է իշխանությանը՝ «Մենք դժգոհ ենք այսօրվա իրավիճակից, դժգոհ ենք տիրող համատարած կոռուպցիայից, դժգոհ ենք հասարակության ծայրահեղ բեւեռացումից, դժգոհ ենք երկրում առկա անարդարության մթնոլորտից։ Այս իրավիճակի պատասխանատուները ներկա են թե՛ իշխանական օղակներում, եւ թե՛ ընդդիմության շարքերում»։ Բնականաբար՝ Հրանտ Մարգարյանը շրջանցեց այս ամենում ՀՅԴ պաշտպանյալ Ռոբերտ Քոչարյանի դերակատարությունը, որն ի պաշտոնե արդեն 5 տարի թիվ 1 պատասխանատուն է իր թվարկած բոլոր երեւույթների եւ երկրում տիրող իրավիճակի համար: Ա. Ի.