Լրահոս
Օրվա լրահոսը

«Նորացվածները»՝ «քարացածների» դեմ

Ապրիլ 23,2003 00:00

«Նորացվածները»՝ «քարացածների» դեմ Հայաստանի նորացված կոմկուսի (ՀՆԿԿ) առաջին քարտուղար Յուրի Մանուկյանի խոսքերով, «կուսակցության շարքերում այսօր կա ձեռներեցների մի խումբ, որը շատ բան անել չի կարող, բայց կարող է ապահովել մեր յուղը՝ ճռռոց չլսվելու համար»։ Այդ անդամների հանգանակությամբ ստեղծվել է ՀՆԿԿ նախընտրական քարոզարշավի բյուջեն՝ 550 հազար դրամ, որը միտում ունի վերաճելու մինչեւ 2 միլիոն դրամի։ Այս պահին ձեռքի տակ եղած գումարները կազմկոմիտեն ուղղում է տպագրական նյութերի պատրաստմանը։ Այժմ պատրաստ է ՀՆԿԿ-ի կոչը, որը բաժին կհասնի 10-20 ընտրողից մեկին եւ նախընտրական «բուկլետը»՝ յուրաքանչյուր 200-րդ ընտրողին բաժին հասցնելու քանակով։ Կուսակցության շտաբը տեղավորված է վարձով բնակարանում։ Ընդհանրապես ֆինանսավորումը շատ խոցելի հարց է ՀՆԿԿ-ի համար, բայց «նորացվածների» առաջնորդը դրանից հուսահատված չէ, թեպետ ստիպված է օգտվել միայն պետության ընձեռած «ամենա, ամենահամեստ հնարավորություններից»՝ գովազդի անվճար ժամից, ասենք։ Իսկ գովազդային ցուցանակ, շրջագայություններ մարզերում եւ քարոզչության այլ ձեւեր օգտագործելու գումար չկա։ Ընտրակաշառքին էլ ՀՆԿԿ-ն դեմ է ու դեմ, եւ «այն կոմունիստը, որը կմտածի կաշառքով ձայն բերելու մասին՝ կոմունիստ չէ»։ «Եթե հնարավոր լիներ ճարել 1350 դոլար, մենք ավելի շուտ մայիսի 1-ի տոնը կնշեինք մեծ շուքով ու հանդիսությամբ»,- ասում է Յուրի Մանուկյանը։ Անհնարին էր, որ նա չհիշեր մյուս, ոչ նորացված կոմունիստներին. «Շատ դժգոհ եմ «Հայլուր» ծրագրից, հենց առաջին օրով գնացել է Սանատրուկի մոտ, այդ ինչո՞ւ մտքներով չանցավ գային՝ մեզ հարցնեին, թե ինչպե՞ս ենք կազմակերպելու քարոզարշավը»,- ասաց ՀՆԿԿ առաջնորդը, ՀԿԿ երկրորդ առաջնորդից էլ բողոքելով այն բանի համար, որ վերջինս «փնովեց մեր կուսակցությանն, ասելով, որ իրենք 50 հազարից ավելի անդամ ունեն»։ Յուրի Մանուկյանի կարծիքով, «Հայաստանի բոլոր կուսակցություններն իրար հետ վերցրած 70 հազար անդամ չունեն» եւ չկա կուսակցություն, որը 50 հազար մարդ ունենա»։ Ի տարբերություն այդ «անհամեստների», ՀՆԿԿ-ն համեստաբար լռում է եւ «մայիսի 25-ին բռնած քննությամբ կերեւա, թե այս արեւի տակ ով ինչքան տեղ ունի»։ Նախընտրական մի քանի հանդիպումներն արդեն անհանգստացնում են Յուրի Մանուկյանին այն առումով, որ «վախենում եմ մեզ շփոթեն ընտրություններին մասնակցող մյուս երկու կոմկուսների հետ», չնայած դրան, «ՀՆԿԿ-ն իր գաղափարական գործը կտանի մինչեւ վերջ»։ Զուր չէր, որ «անցյալ տարի կոչ արեցինք բոլոր 7 կոմունիստական կուսակցություններին համախմբվել եւ միասնական մասնակցել ԱԺ ընտրություններին, բայց արձագանքող չեղավ, մեզ էլ անվանեցին ստոր նպատակներ հետապնդող կազմակերպություն»։ Այժմ ՀՆԿԿ-ն գաղափարական ուղղվածությամբ ձախ թեւում է, չունի լծակներ ու ֆինանսներ, ինչպես «աջակողմյանները», բայց ունի լուրջ հույսեր, որ «ժողովուրդը դեռ չի մոռացել իր արժանապատիվ անցյալն ու կընտրի ոչ թե քարացած, այլ նորացված կոմունիստներին»։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել