Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՂԱՎՈՐԸ «ՍՈՑԱՊՌՈՍՆ» Է

Ապրիլ 23,2003 00:00

ՄԵՂԱՎՈՐԸ «ՍՈՑԱՊՌՈՍՆ» Է Մայիսի 7-ին Հայաստանում համերգով հանդես կգա իսպանական երաժշտության վիրտուոզ կատարող, ռուսական էստրադայի աստղ, կիթառահար Վալերի Դիդյուլյան։ Նա Երեւան կժամանի «Զարթոնք» համերգային գործակալության 12-ամյակի առիթով։ Քաղաքի կենտրոնական փողոցներում արդեն փակցվել են ազդագրեր «ռուսական էստրադայի անկրկնելի կիթառահարի՝ Դիդյուլյայի» մասին։ Նույն ազդագրերից տեղեկանում ենք, որ Ամերիկյան համալսարանի դահլիճում Դիդյուլյայի կիթառից բացի, հանդիսատեսը կլսի նաեւ «հայկական էստրադայի սիրելի աստղ» Սրբուհի Քեքեջյանին։ Ու քանի որ դժվար էր Դիդյուլյայի կիթառի ու հայ «աստղի» երգեցողության միջեւ որեւէ կապ տեսնելը, ստիպված դիմեցինք «Զարթոնքի» նախագահ Անդրանիկ Մանուկյանին։ «Եթե լիներ Աիդա Սարգսյան, Նունե Եսայան կամ Արմինե Գրիգորյան, դարձյալ նույն հարցը պիտի տայիք»,- ենթադրեց համերգի կազմակերպիչը։ «Առավոտի» մյուս հարցին, թե ինչո՞ւ է ընտրվել Սրբուհի Քեքեջյանը եւ ոչ թե որեւէ կիթառահար, օրինակ, «ֆլամենկո» ոճի հանրահայտ կատարող Հակոբ Ջաղացպանյանը, վերջինս պատասխանեց. «Երկու կիթառ իրար հետ չէին սազի»։ Ա. Մանուկյանը նաեւ նշեց, որ թեեւ Սրբուհին ու Դիդյուլյան միասին են ելույթ ունենալու եւ նույն դահլիճում, սակայն նրանց ծրագրերն իրար հետ բոլորովին կապ չունեն. «Ուղղակի Սրբուհին այսօր համարվում է դահլիճ լցնող երգչուհի, ինչը պարզել ենք «սոցապռոսով»։ Դրա համար էլ նրա վրա ենք կանգնել»։ Ա. Մանուկյանի խոսքերով, «լավ ռասկրուտկա» ունեցող այս երգչուհին ոչ միայն կօգնի «Զարթոնքին»՝ լցնելու Ամերիկյան համալսարանի մեծ դահլիճը, այլեւ համերգային գործակալությունը «Սրբուհիով կողջունի Դիդյուլյայի գալուստը»։ Գուցե «Զարթոնքի» հորինած յուրօրինակ ակցիան իսկապես շահավետ է իր համար, սակայն նույնը, դժվար թե դահլիճում հավաքված հանդիսատեսը (բնականաբար, երկու արտիստների երկրպագուները ճաշակներով միմյանց կհակասեն)։ Այս դեպքի համար էլ, սակայն, Ա. Մանուկյանը բացատրություն ունի. «Այս համերգով Դիդյուլյային չենք ցածրացնում կոնսերվատորիայի առաջին կուրսի ուսանողուհու՝ Սրբուհու մակարդակին, ոչ էլ Սրբուհուն ենք բարձրացնում համաշխարհային ճանաչում ունեցողի մակարդակին»։ Ի դեպ Սրբուհի Քեքեջյանը եւս որեւէ կապ չի տեսնում ճանաչված կիթառահարի արվեստի ու իր երգի միջեւ։ «Ռուսական էստրադայից մարդ են կանչել, հայկականից էլ ինձ են ընտրել, ի՞նչ կապի մասին ա խոսքը։ Մի ամիս առաջ էլ Հայկո ու Աբրահամ Ռուսո էր։ Ըտե՞ղ ինչ կապ կար»,- «աստղավարի» զարմացավ նա։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2003
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930