Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջին ատյանով անպարտ ճանաչվեց

Ապրիլ 23,2003 00:00

Առաջին ատյանով անպարտ ճանաչվեց Երեկ վերաքննիչում 9 տարի ստացավ Ավան եւ Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանը անցյալ տարվա օգոստոսի 26-ին անպարտ ճանաչեց Գագիկ Հովհաննիսյանին (խափանման միջոց կալանքը մնաց անփոփոխ)։ Դատարանի դահլիճից ազատ արձակվեցին եւս երկու ամբաստանյալներ՝ Դավիթ եւ Սամվել Գրիգորյանները, որոնք մեղադրվում էին Վաչիկ Մակարտիչյանի («Ջրվեժի գործը») սպանության մեջ։ Ամբաստանյալների պաշտպաններից մեկը դատավճիռը լսելիս նույնիսկ ուշաթափվեց։ Չլսված-չտեսնված բան։ Իսկ «Առավոտում» անդրադառնալով դատավոր Մարտին Կարապետյանի դատավճռին, զարմանքով արձանագրեցինք, թե դատավորն «առյուծի կաթ» էր խմել։ Առաջին ատյանի դատարանը գնահատելով նախաքննության մարմնի (Երեւանի դատախազություն) գործունեությունը՝ «ձեռք բերված ապացույցների» տեսքով, լուրջ կասկածներ էր հայտնել։ Ձեւակերպումներն այնքան կոշտ էին, որ կանխատեսեցինք, որ դատախազությունը չի ների դատավորին, ինչն իրականացավ։ Իսկ դատարանը մասնավորապես, գնահատել էր. «Նախաքննության մարմինը, ի օգուտ իր վարկածի, էապես այլափոխել է վկայի ցուցմունքը, բացի այդ, լռության է մատնել նույն ցուցմունքի այն կարեւոր մասը, որ Գագիկ Հովհաննիսյանն ասել է»։ Կամ. «Նախաքննության մարմինը Հրանտ Գրիգորյանի ցուցմունքները գնահատել է միակողմանի՝ Գագիկ Հովհաննիսյանին մեղադրող թեքումով, անտեսելով այն փաստը, որ դրանք մասամբ չեն համապատասխանում գործի կոնկրետ հանգամանքներին, ձեռք բերված ապացույցներին»։ Անշուշտ, դատախազությունը չէր հանդուրժի, երբ դատարանը հետեւյալ ձեւակերպումներն է անում. «Վաչիկ Մակարտիչյանին դիտավորյալ սպանելու մեջ Գագիկ Հովհաննիսյանին անհիմն մեղադրելը գործով ձեռք բերված ապացույցներին առանձին դեպքերում ոչ ճիշտ գնահատական տալու, առավելապես միայն Գագիկ Հովհաննիսյանի կողմից Վաչիկ Մակարտիչյանին սպանելու վարկածի շուրջ քննություն կատարելու հետեւանք է»։ Դատարանը, գտնելով, որ Գ. Հովհաննիսյանի մասնակցությունն ապացուցված չէ եւ սպառվել են նոր ապացույցներ ձեռք բերելու հնարավորությունները, միաժամանակ արձանագրել էր, որ նախաքննության մարմինը շահագրգռված չի եղել Գ. Հովհաննիսյանի արդարացի ցուցմունքները, ինչպես նաեւ գործում եղած դեպքի վայրի զննության, փորձաքննության եզրակացության արձանագրությունները հաշվի առնելու։ Սա այն դեպքն էր, երբ անգամ տուժողի իրավահաջորդը դռնբաց նիստում հայտարարում է, որ Գագիկ Հովհաննիսյանը մեղավոր չէ եւ պահանջում էր լրացուցիչ նախաքննություն, քանի որ գտնում էր, որ իր տղայի սպանողը բացահայտված չէ։ Սակայն ի՞նչ տեղի ունեցավ քրեական գործերով վերաքննիչ դատարանում, դատավորներ Հ. Ասատրյանի, Մ. Արղամանյանի եւ Ա. Խաչատրյանի մասնակցությամբ։ Վերաքննիչ դատարանը Գագիկ Հովհաննիսյանին 9 տարի ազատազրկման դատապարտեց։ Եվ ստացվեց, որ մի դատարանի դատավճռով մարդն անպարտ է ճանաչվում, մյուսով 9 տարի է ստանում: Ո՞ր դատարանի դատավճիռն է ճիշտ։ Եվ ինչո՞վ բացատրել, որ մի դատարան նոր ապացույցներ ձեռք բերելու հնարավորությունը համարում է փակված, մյուսը գտնում է, որ գործում առկա ապացույցները հիմնավորված են։ Գ. Հովհաննիսյանի պաշտպան, Փաստաբանների միջազգային միության անդամ Սեդա Սաֆարյանը երեկ պնդեց (ինչը պնդել էր նաեւ իր 70 էջանոց պաշտպանական ճառում), որ իր պաշտպանյալը «դատվել է առանց ապացույցների»։ Ավելին, նա, վերլուծելով մեղադրողներ Ալիկ Մուրադյանի եւ Մանուչար Մարտիրոսյանի մասնակցությունը, այն գնահատեց այսպես. «Ա. Մուրադյանը եկել էր դատարան թարմ ուժերով հայհոյելու ամբաստանյալին, նրան հավասարակշիռ վիճակից դուրս հանելու։ Մեղադրողների ֆունկցիան փոխանցվել էր 3 դատավորներին, որոնք քննությունն անցկացրին հեգնանքով, ստեղծվելով անհավասար իրավիճակ»։ Պաշտպանը հայտնեց, որ դիմելու է վճռաբեկ դատարան, քանի որ որեւէ ապացույց իրավաբանական գնահատականի չի արժանացել։ Ի դեպ, տուժողի իրավահաջորդը այս անգամ էլ բավարարված չէ դատավճռից։ Ամբաստանյալը, ինչպես առաջին ատյանի դատարանում, այնպես էլ վերաքննիչում հայտնեց, որ «իր վրա չի ուզում դիակ մնա», Մակարտիչյանները դարձյալ միջնորդում են, որ բացահայտվի իրենց տղայի սպանությունը եւ սպանությունն իրականում իրականացրածը պատժվի, ոչ թե Գ. Հովհաննիսյանը։ Հիշեցնենք, որ սա այն քրեական գործն է, երբ դեպքի վայրի տեղազննության երկու արձանագրություն էր ներկայացվել առաջին ատյանի դատարան, երբ չէր ճշտվել սպանության գործիքը (դանա՞կ էր, մետաղյա ձո՞ղ, բռո՞ւնցք…), դրդապատճառը (դեպքի վայրում Քաշաթաղից պատահաբար հայտնված Գ. Հովհաննիսյանն է եղել, որը չի էլ ճանաչել սպանվածին) եւ մի շարք այլ հանգամանքներ։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2003
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930