Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԱ ԴԵՌ «ՎԵՐՋՆԱԿԵՏ» ՉԷ

Ապրիլ 23,2003 00:00

ՍԱ ԴԵՌ «ՎԵՐՋՆԱԿԵՏ» ՉԷ Ռ. Քոչարյանը հանդիպեց ուսանողների հետ Երեւան: Գյուղատնտեսական ակադեմիա: Վերանորոգված դահլիճ: Դահլիճը լիքն է տարբեր բուհերի ուսանողներով, լրագրողներով: Տեսախցիկները պատրաստ են դեռ վաղուց: Բոլորը, 45 րոպե շարունակ, սպասում են հանրապետության նախագահին: Նախատեսված է ՀՀ նախագահի եւ ուսանողների հանդիպում: Առիթ է խոսելու քաղաքական զարգացումներից: Ներս է մտնում ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը, բուհերի ռեկտորներ, այլ պաշտոնյաներ: Երկու գեղեցկատես աղջիկ շրջում են դահլիճով՝ գրավոր հարցերը հավաքելու եւ նախագահին փոխանցելու համար: Արար առաջին. Ներածական: ՀՀ նախագահ- Ինձ դուր են գալիս հանդիպումներն ուսանողության հետ, եւ սա է պատճառը, որ երբեք չենք խախտել մեր պայմանավորվածությունները եւ հանդիպումների հաճախականությունը: ՀՀ նախագահ- Ես նախագահական ընտրությունների գնացի կոնկրետ ծրագրով եւ մտադրություն ունեմ այն կատարել ամբողջությամբ, մի բան էլ ավել: Բայց այդ ծրագիրը կատարելու համար անհրաժեշտ է, որ երկիրը կայուն լինի, անհրաժեշտ է համագործակցություն նախագահի եւ Ազգային Ժողովի միջեւ: Մենք այնպիսի խորհրդարան պետք է ունենանք, որի հետ հնարավոր լինի աշխատել, որը չի հակադրվի նախագահին, իսկ դա նշանակում է , որ ինձ համար, կարծում եմ՝ նաեւ երկրի համար շատ ավելի ցանկալի կլիներ, որ խորհրդարանում նախագահին սատարող քաղաքական ուժերն ունենան զգալի մեծամասնություն: Սահմանադրական դատարանը, ինչպես յուրաքանչյուր դատարան, պետք է վերջնակետ դնի (խոսքը, հավանաբար, վերջակետի մասին է- Հ. Բ.), այլ ոչ թե նոր հարցականներ առաջացնի: Հակառակ դեպքում կունենանք այն պատկերը, որ ունեցանք ՍԴ վերջին որոշման ժամանակ: Պատկերացրեք դատավճիռ 1-ին ատյանի դատարանում, որից հետո պարզ չլինի՝ դատվե՞ց ամբաստանյալը, թե՞ չդատվեց: Եթե ՍԴ անդամները ունեցել են կարծիք կամ առաջարկ, կարող էին այն ուղարկել կամ նախագահին, կամ ԱԺ, բայց ոչ թե այդ առաջարկը մտցնեին ՍԴ որոշման մեջ: Նախագահը միաժամանակ հիշեցնում է, որ ինքն ունի խորհրդականների ինստիտուտ, որտեղ, սակայն, ՍԴ-ն չկա: Դահլիճից մի քանի ուսանող ծափահարում է: Ռ. Քոչարյանն անցնում է գլխավորին. առաջին եռամսյակում, ընտրությունների պայմաններում անգամ, երկրում գրանցվել է 11.3 տոկոս տնտեսական աճ, բանկային տոկոսադրույքները իջեցվել են, նոր բանկեր են բացվել: Սա 2 բան է նշանակում: Նախ՝ բիզնեսն ունի վստահություն նախագահական ընտրությունների արդյունքների վերաբերյալ, եւ երկրորդ՝ երկրի տնտեսությունը բարեփոխումների շնորհիվ ավելի քիչ զգայուն է դարձել ընթացիկ քաղաքական գործընթացների հանդեպ: Արար 2-րդ. Հարցուպատասխան: Առաջին խոսափող- մի ուսանող աջակցություն է խնդրում նախագահից՝ իրենց բուհի մագիստրատուրայում հեռակա ուսուցում մտցնելու համար: Նախագահը հարցին չի տիրապետում: ԿԳ նախարարը հուշում է ՀՀ նախագահին՝ հնչած հարցի պատասխանը: ՀՀ նախագահ- Կրթության նախարարն ասում է, որ ոչ մի մագիստրատուրայում էլ հեռակա ուսուցում չկա: Ավելին՝ ողջ աշխարհում նման բան չկա: Ուզում եք ձեզնի՞ց սկսենք: Երկրորդ խոսափող- Գյուղակադեմիայի ուսանողներից մեկը ուսանողների փոխանակման հարցն է բարձրացնում: Նախագահը նորից հարցին չի տիրապետում: ԿԳ նախարարը նորից հուշում է, որ արդեն լուծված է Ռուսաստանում 120 ուսանողի ուսուցման հարցը: ՀՀ նախագահ (հավելում է)- Գյուղակադեմիայի ընդգրկումն այդ ծրագրում կքննարկենք: Երրորդ խոսափող- բարձրացվում է նախկին անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի մի մասնաշենքի՝ անորոշ պայմանագրով վաճառքի հարցը: Նախագահի օգնական Արմենը գլխով հավանություն է տալիս. հարցը նրան ակնհայտորեն դուր եկավ: Մանավանդ որ գործարքը Ռ. Քոչարյանի օրոք չի արվել: Կոնսերվատորիայից՝ մի մշակութային հարց. ուսանողուհին հարցնում է՝ հնարավոր չէ արդյոք գոնե զեղչերով դահլիճ տրամադրել ուսանողներին՝ մենահամերգների համար: Նախագահ- Իսկ ձեր քո՞ւյրը որտեղ է, ձեզ միշտ միասին եմ տեսել երգելիս: Կոնսերվատորիայի ուսանողուհի (կարմրում է)- Շնորհակալություն, որ մեզ լսում եք, բայց հարցս…8230 ՀՀ նախագահ- Այ եթե մի հատ էլ երգեիք:8230 Ուսանողուհի- Վերջում կերգեմ, բայց երկրորդ հարց էլ ունեմ, որ վերաբերում է շրջանների երաժշտական դպրոցների անմխիթար վիճակին: ՀՀ նախագահ- Դուք կոնկրետ գրեք՝ ինչ եք ուզում, եւ իմ օգնական Արմենի միջոցով փոխանցեք ինձ, իսկ ձեր երկրորդ հարցը շատ կարեւոր էր: Իսկ երրորդ հարց չունե՞ք: Նախագահի բազեներից մեկը- Մենք ուզում ենք նաեւ սրճարան ունենալ Կենտրոնում: Նախագահ- Կարող եմ տեղը առաջարկել, ասֆալտել, տալ: (Մի քանի վայրկյան մտածելուց հետո) բայց եթե իհարկե Կենտրոնում տեղ դեռեւս մնացել է: Մի ուսանողուհի բժշկական համալսարանից- Մենք ունենք ուսխորհուրդներ, բայց դրանց իրավական կարգավիճակը պարզ չէ: ՀՀ նախագահ- Իսկ ձեր ինչի՞ն է պետք իրավական կարգավիճակը: Ուսանողուհի (զարմացած, բայց մի կերպ ժպտալով)- Փորձեմ պատասխանել: Որպեսզի կարողանանք մեր իրավունքները պաշտպանել: Վաղը կարող է մեր ռեկտորը փոխվել, որպեսզի կախված չլինենք նրա քմահաճույքներից: ՀՀ նախագահ- Ուզում եք կախված չլինե՞լ: Ինչպես այնտեղ նստած լրագրողները (հայացքն ուղղում է լրագրողներին): Պայքարեցին, պայքարեցին ԶԼՄ-ների մասին օրենքի դեմ, ինչի՞ համար, որ ազատ լինեն: Նման առաջարկները կարող են նոր պրոբլեմներ առաջացնել: Լինսի հիմնադրամով հետաքրքրված մեկը փողոցաշինության որակի հարցերն է բարձրացնում: ՀՀ նախագահ- Մեղավորը ոչ թե շինարարներն են, այլ սալիկ արտադրող կազմակերպությունը, որ չնայած որակի սերտիֆիկատ էր ներկայացրել, բայց անորակ սալիկներ է արտադրել: (Խոստանում է հարցը լուծել իրավական դաշտում): Ամփոփիչ խոսքով հանդես եկող ուսանող- Հարգարժան նախագահ, այստեղ բարձրացվեցին կարեւորագույն հարցեր, որոնց տրվեցին սպառիչ պատասխաններ՝ Ձեր կողմից: Հոտնկայս ծափահարություններ: Դահլիճից դուրս են գալիս բարձրաստիճան պաշտոնյաները: Ուսանողները ժպտացող հայացքներով նրանց ուղեկցում են դեպի դուռը: Վարագույր: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2003
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930