Լրահոս
Օրվա լրահոսը

Նրանց համար մի մետր միջանցք է՞լ չկա

Ապրիլ 23,2003 00:00

Նրանց համար մի մետր միջանցք է՞լ չկա Զեյթունի ուսանողական հանրակացարանի հարեւանությամբ, ցելոֆանե «տանիքի», երկաթե «պատերի» (տես լուսանկարը) եւ թաց վերմակի տակ անցկացրած յուրաքանչյուր օրն այս մարդկանց առողջության վրա թանկ է նստում՝ անդառնալի հետեւանքներ ունենալով։ Այս պայմաններում ապրում են նաեւ երեխաները՝ Հակոբը եւ Արեւիկը, որոնք այստեղ են հայտնվել մոր՝ Սոնա Մեյմարյանի եւ տատիկի՝ Եփրաքսի Ալեքսանյանի հետ՝ Կալմիկիայից։ Նրանք Կալմիկիայում, ապա նորից Հայաստանում են հայտնվել անձնական խնդիրների պատճառով: Նրանց մասին մամուլն արդեն գրել է։ Բայց դրանից հետո էլ մեկ շաբաթվա ընթացքում այս դժբախտ ընտանիքը դեռեւս չի նկատել պետության գոյությունը, եթե չհաշվենք Քանաքեռ-Զեյթունի թաղապետարանի աշխատակցի անօգուտ այցելությունը եւ նրա եզրակացությունը. «Մենք ձեզ չենք կարող օգնել, դիմեք փախստականների կոմիտե»։ «Առավոտը» փորձեց իրավասուներից կոնկրետ հարցումների միջոցով պարզել. պետական ո՞ր մարմինը պետք է հոգա այս մարդկանց մասին։ Նախ ճշտեցինք, որ թաղապետարանի աշխատակիցն (անունը չեն հիշում) այնուամենայնիվ, սխալվել է՝ Եփրաքսի Ալեքսանյանը ՀՀ քաղաքացի է։ Ուստի այս պետությունը պարտականություններ ունի նրա նկատմամբ։ Ինչ վերաբերում է մյուսներին, որոնց անունից դիմում կա Միգրացիայի եւ փախստականների վարչությունում, Փախստականների բաժնի պետ Արա Հարությունյանը միանգամայն հանգիստ, գուցե անտեղյակ այս ընտանիքի «կացարանի» պայմաններից, հայտնեց. «Դիմումն ընդունված է, կարգավիճակի հարցն է ճշտվում, որից հետո մեկ շաբաթվա ընթացքում կպարզվի»։ Այսինքն մեկ շաբաթ է՞լ են փողոցում անցկացնելու։ Հնարավոր չէ՞ գոնե ժամանակավոր մի ծածկ տրամադրվի։ «Հնարավոր է՝ այդպես էլ անենք»,- եղավ պատասխանը, բայց չխոստացվեց։ Նույն աղբյուրն ավելի ուշ հայտնեց, որ Ս. Մեյմարյանի անունից փախստականի կարգավիճակ ստանալու մասին դիմում չկա: Այդ դեպքում հասկանալի չէ, թե ինչն էր «ճշտվում»: Իսկ Քանաքեռ-Զեյթունի թաղապետի տեղակալ Գագիկ Ավետիսյանը «արձանագրեց», որ անգամ միջանցքներում էլ տեղ չկա. «Հիմա ամեն անկյուն տեր ունի։ Բացի այդ, այդպիսի միջանցք Նորքում (Նոր Նորքի նախկին բնակիչներ են) էլ կլինի։ Եվ, ընդհանրապես, ով է նրանց հուշել, որ Էլիստայից գային եւ Զեյթունի հանրակացարանի մոտ իջեցնեին ուղեբեռը»։ Բայց «կարծիք չստեղծվի, թե մարդատյաց ենք», «հավատացեք, եթե որեւէ տեղ լիներ, կտրամադրեինք», «ես էլ եմ մեր ժողովրդի թշվառության հետ շփվում, եւ ցավում ենք»,- թաղապետարանի աշխատակիցների գթասրտության չափը նկարագրեց պարոն Ավետիսյանը։ Իսկ առողջապահության փոխնախարար Հայկ Դարբինյանը նման խոսքեր ասելու փոխարեն հավաստիացրեց. «Կասկած չունենաք, որ այդ մարդկանց կօգնեմ»։ Պարոն Դարբինյանը խոստացավ, որ կկազմակերպի գոնե երեխաների առողջության անվճար հետազոտությունն ու, անհրաժեշտության դեպքում՝ բուժումը։ Նույնպիսի պատրաստակամություն ցուցաբերեց նաեւ Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամը՝ եւ Եփրաքսի Ալեքսանյանն օրերս կստանա իր կենսաթոշակը, ներառյալ Հայաստանում չգտնված ժամանակահատվածի համար։ Ընտանիքին անվճար իրավաբանական ծառայություն մատուցելու աշխատանք է ստանձնել «Սրետենկա-կոնսուլ» ռուս-հայկական իրավաբանական գործակալությունը, որն էլ պատկան բոլոր գերատեսչությունների անունով դիմումներ է պատրաստել եւ ուղարկել։ Այդ թվում, ՀՀ նախագահից խնդրում են Մեյմարյանների ընտանիքին կացարանով եւ այլ սոցիալական պայմաններով ապահովելու նպատակով համապատասխան մարմիններին հանձնարարություն տալ։ Իսկ առայժմ ընտանիքը շարունակում է գոյատեւել իրենց խղճացողների օգնությամբ։ Տարածքի բնակիչներին հատկապես հուզել է այն, որ Մեյմարյանները ոչ մեկից փող կամ ողորմություն չեն խնդրում։ Հաշվի առնելով այն, որ, Սահմանադրության համաձայն, Հայաստանը սոցիալական պետություն է, հուսով ենք, վերջին տարիներին արձանագրված տնտեսական, ՀՆԱ-ի աճից, ինչպես նաեւ՝ ստեղծված բազմահազարանոց աշխատատեղերից համապատասխան մարմինները բաժին կհանեն նաեւ այս ընտանիքին։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2003
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930