«ԵՐԿՈՒ ԱՅՈ ՈՒՆԵՆՔ, ՄԵԿ՝ ՈՉ» «Արդարություն տանող ճանապարհը Թալինով է անցնելու»,- պատգամավորության թեկնածու, ՀԺԿ-ական Գրիգոր Հարությունյանի (չշփոթել ԱԺ պատգամավորի հետ) այս բառախաղը ամեն անգամ այցի գնալիս «Արդարություն» դաշինքի ակտիվիստները հանգիստ կարող են տեղայնացնել։ Երեկ սկսված նախընտրական քարոզարշավը նրանք մեկնարկեցին Թալինում։ Դաշինքի ներկայացուցիչները խոստովանեցին. «Երրորդ փուլի մեջ ենք»։ Թեեւ նախագահական ընտրությունների առաջին փուլին հաջորդած հանրահավաքներին Արամ Զ. Սարգսյանն ասում էր, որ չի լինելու երկրորդ, երրորդ փուլ։ «Երրորդ փուլի» քարոզարշավը ընդդիմությունն, ի դեմս Արշակ Սադոյանի, Բազմաբերդ գյուղում սկսեց ժողովրդից ներողություն խնդրելով. «Ասացինք, որ տեր կկանգնենք ժողովրդի ձայներին։ Մենք ամեն ինչ արեցինք, բայց լկտիությունն այնպիսին էր…»։ Ընդդիմությունը նպատակ ուներ պայքարելու օրենքով, կարգով, սակայն այս անգամ որոշել են հետոյի չթողնել. «Հենց քվեարկության օրը դեմը կառնենք» (ընտրախախտումների- Ա. Գ.)։ «Եթե մայիսի 25-ին էլ այս կարգի լկտիություն եղավ, ոչ մեկին զսպող կոչ չեմ անի. այսպիսի լկտիությամբ իշխանության եկածներին նույն լկտիությամբ պետք է հեռացնել»,- ասաց Արշակ Սադոյանը։ Ի դեպ, երեկվա շրջայցի ժամանակ ժողովուրդն այս կամ այն գյուղում «կենդանի Արշակ Սադոյան» էր պահանջում։ Լավ էր, հետներն ունեին։ Ամենաբուռն ընդունելությանն իհարկե Ստեփան Դեմիրճյանն ու Արամ Զ. Սարգսյանն էին արժանանում, թեեւ Արամ Կարապետյանին էլ այդ առումով չնեղացրին։ Չնայած երեկ իմացանք, որ հիմա գառան սեզոն չէ, միեւնույն է, Ս. Դեմիրճյանի ոտքերի տակ երկու ոչխար մորթեցին՝ Դավթաշեն գյուղում եւ Թալին քաղաքում։ Դավթաշենում պլակատ կար՝ «Սասունցիները ձեզ հետ են»։ Մարդիկ ասում էին, որ միայն Դեմիրճյանի հետ են հույսները կապել։ Իսկ եթե նորից կեղծվե՞ն ընտրությունների արդյունքները. դավթաշենցի մեկն ասաց, որ ինքն արդեն ճամփի վրա է։ Դրսում նպաստ ստանալով էլ կապրի։ Մի երկուսն էլ մնալու են Հայաստանում. «Մենք ի՞նչ անենք. իրանք (դաշինքը- Ա. Գ.) պտի պայքարեն»։ Այս կարգի պատասխաններ ստացանք Բազմաբերդում, Դավթաշենում, Կաթնաղբյուրում։ Այնպես որ, արդեն զարմանալի էր, որ Թալինում մի քանի երիտասարդներ տաք-տաք համոզում էին, որ պայքարելու են մինչեւ վերջ, պետք լինի՝ գլուխ էլ կջարդեն։ Բոլոր այս բնակավայրերում, հետո նաեւ՝ Արեգում, Մաստարայում, դաշինքի ներկայացուցիչներն անպայման ասում էին, իսկ Բազմաբերդում նույնիսկ փորձեցին, թե ինչպես պետք է քվեարկել մայիսի 25-ին. «Արդարություն» դաշինքին՝ ի՞նչ», հավաքվածները պատասխանում էին՝ այո՛, «Սահմանադրությանը՝ ի՞նչ», ժողովուրդ՝ ո՛չ։ Իհարկե, բոլոր տեղերում ժողովրդին «հիշեցնում էին» երկրորդ «Արդարության» գոյության մասին եւ կոչ անում քվեաթերթիկում կարդալ դրա դիմաց գրված անունները։ Հավանաբար, այս առումով ավելի արդյունավետ կարող էին լինել բուկլետները, որտեղ պատկերավոր կներկայացվեր երկու «Արդարությունների» տարբերությունները։ Մենք էլ, դաշինքի ներկայացուցիչների պես, վստահ ենք մեր ժողովրդի գրագիտությանը, բացահայտելու կարիք, այնուամենայնիվ, կա։ Հետեւաբար, ավելի լավ կլիներ, եթե այդ խոսքը՝ գրավոր տեսքով, ընդդիմության մեկնելուց հետո էլ մնար թալինցիների մոտ։ Կաթնաղբյուրցի մանկավարժ Հասմիկ Ղազարյանը մատնացույց անելով հյուրերին, իր համագյուղացիներին ասաց. «Ահա ոչ փաստաթղթերով, բայց հոգով ու սրտով մեր կառավարությունը, ձեր նախագահը»։ Նա Ալվարդ Պետրոսյանին կոչ արեց ամաչել ոչ թե ոչխարների, այլ մարդկանց արյունից։ Ներողություն խնդրելով մատաղացու ոչխարների բացակայության համար, տիկին Ղազարյանը հայտարարեց. «Մեր սիրտը՝ ձեզ մատաղ»։ Բոլոր բնակավայրերում էլ հյուրերը հիշում էին իրենց դաշնակցական մտերիմ-ընկերներին, բայց ինչպես Ա. Սադոյանն ասաց. «Ի՞նչ անենք, որ գլուխը փչացած է»։ Եթե Ս. Դեմիրճյանը բոլոր տեղերում կոչ էր անում չհիասթափվել եւ չհուսահատվել, նկատի ունենալով նախագահական ընտրությունների արդյունքները, Արամ Զ. Սարգսյանը՝ հակառակը. «Ես գտնում եմ, որ մենք հասանք ռեալ արդյունքի։ Ամբողջ աշխարհը ընդունեց, որ տեղի է ունեցել իշխանության բռնազավթում»։ Իսկ ՍԴ-ի որոշումը պրն Սարգսյանն այս կերպ մեկնաբանեց. «ՍԴ-ն ասաց՝ մեր իննի վրա մի թողեք, դուք՝ ժողովրդով որոշեք։ ՍԴ-ն ասաց, որ Քոչարյանին մեկ տարի է մնացել։ Ա՛յ, դրանից են իշխանությունները բարկացել։ ՍԴ-ն ասաց՝ մեկ տարի։ Ես ասում եմ՝ ավելի քիչ»։ Դաշինքի հաջորդ այցելությունը կլինի ապրիլի 25-ին, հավանաբար՝ Արթիկ։ ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ