Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀՇ-ն 15% է ակնկալում

Ապրիլ 23,2003 00:00

ՀՀՇ-ն 15% է ակնկալում Հայոց համազգային շարժում կուսակցության ցուցակը գլխավորող Արարատ Զուրաբյանը համոզված է, որ խորհրդարանական ընտրություններում կուսակցությունը 15% կհավաքի։ Իհարկե, դա ՀՀՇ-ին արծաթափայլ սկուտեղով չի մատուցվի եւ պարոն Զուրաբյանն առանցքային է համարում այն, որ «հանրությունը կարծում է, թե ՀՀՇ-ն լուրջ ֆինանսական միջոցների է տիրապետում։ Մինչդեռ դա իրականությանը չի համապատասխանում, որովհետեւ ֆինանսական միջոցները քաղաքական առնետների նման փախչում են վտանգավոր նավից»։ Ընդ որում, նրա համոզմամբ՝ «եթե խոսքը իրական հավաքած տոկոսների մասին լիներ, ես շատ ավելի բարձր թիվ կասեի։ 15-ը այն տոկոսն է, որը մեզ կհաջողվի պահպանել եւ արձանագրել»։ Պարոն Զուրաբյանը նաեւ գտնում է, որ ազատական գաղափարներին «կողմ» քվեարկողները կլինեն այն մարդիկ, ովքեր, իրավամբ, ցանկանում են ունենալ զարգացող հայրենիք։ Տարօրինակ զուգադիպությամբ թե ընդդիմադիրները, թե իշխանամետները քաղաքական ասպարեզում պայքար են մտել ժողովրդին փրկելու եւ բարեկեցիկ ապագա ապահովելու առաքելությամբ։ «Զարմանալի է,- դիտարկմանն այսպես արձագանքեց Արարատ Զուրաբյանը,- որովհետեւ ցանկացած կուսակցություն իր քաղաքական գովազդում ցուցադրում է ՀՀՇ-ի իշխանության օրոք կատարած լավը, փորձում է ինչ-որ բան փոխել, ուստի արձանագրում է բացասական իրավիճակ, միաժամանակ բոլորը գոհ են ներկայիս իշխանությունից»։ Ուստի Ա. Զուրաբյանը եւս գտնում է, որ «իշխանությունը կարող է հանգիստ քնել, միեւնույն է, քաղաքական դաշտը կձեւավորվի իրենց ուզածով»։ Եվ, այնուամենայնիվ, ՀՀՇ-ն, ի դեմս Ա. Զուրաբյանի, գտնում է, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ պետք է ձգտի քայլ առաջ անել։ Հենց այդ առաքելությամբ էլ ՀՀՇ-ն մասնակցում է խորհրդարանական ընտրություններին։ Սակայն, եթե այս ընտրություններն էլ իրենց որակով նմանվեն նախագահական ընտրություններին, ապա՝ «Հայաստանում ոչ մի լեգիտիմ ինստիտուտ չի լինի»,- ասում է Ա. Զուրաբյանը։ ՀՀՇ-ն չի բացառում նախ ետընտրական դաշինքների առաջացումը, եթե «դրանք նույն գաղափարական հիմքով լինեն»։ Ծայրագույն դեպքում՝ «ծառայեն միեւնույն նպատակին», ասենք իշխանափոխության, նաեւ՝ ընտրությունների կազմակերպման նորմալ ընթացք ապահովելու եւ վերահսկելու այն։ ՀՀՇ-ն ժողովրդին կներկայանա այն ծրագրային դրույթներով, որոնցով արդեն պատիվ ունեցել է իշխել։ Իսկ մարզային հանդիպումները նախատեսվում են քարոզարշավի վերջին տասնօրյակում։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել