ՃԻՊՈՏԸ ԾԱՌ ՉԻ ԴԱՌՆԱ Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտի երեկվա հյուրն էր Երեւանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը, որը գլխավորում է նաեւ «Հզոր Հայրենիքի» համամասնական ընտրակարգով դրված ԱԺ պատգամավորության թեկնածուների ցանկը։ Թեեւ հանդիպումը ներկայացվեց իբրեւ դեկտեմբերից սպասված եւ ծրագրված ու հարցեր էլ չհնչեցին ԱԺ ընտրությունների կապակցությամբ, քարոզչական ենթատեքստը պարզ էր: Ինստիտուտի ռեկտոր Սուրեն Զոլյանը սկսեց հանդիպումը մի «գաղտնիքի» բացահայտմամբ՝ «ինստիտուտին կից ապօրինի շինարարության, որը սկսվել էր Վանո Սիրադեղյանից եւ սկզբունքային լուծումը տվեցիք դուք»: Դա ակնհայտորեն շոյեց Երեւանի թվով 50-րդ քաղաքապետի ինքնասիրությունը (համենայնդեպս, նախորդ 48 քաղաքապետերի մասին որեւէ թթու հիշատակում չեղավ)։ Քաղաքապետին տրվեցին բազմաթիվ հարցեր՝ այդ թվում ծառերի մասին, որ ճիպոտ են հիշեցնում, իսկ ճիպոտը ծառ չի դառնում (առաջարկվում էր շաբաթօրյակներին 4-5 տարեկան ծառեր տնկել), թափառող կենդանիների, որոնք նույնպես երեւանցիներ են եւ օգնության կարիք ունեն (առաջարկվեց գումար հավաքել նրանց չոչնչացնելու խնդիրը իրագործելու համար)։ Ուսանողներից մեկի հարցն արժանացավ բուռն ծափերի. «Խոսում ենք Լինսի հիմնադրամի մասին, այդ շինարարական աշխատանքները թերի են կատարվել, փոսեր են առաջացել մայթերին, ի՞նչ պատասխանատվություն են կրելու մարդիկ, որոնց կառուցածը մեկ տարի էլ չանցած քանդվեց»։ «Պաշտոնապես հայտարարում եմ՝ թերի էին։ Ցավոք, մրցույթում հաղթեցին նրանք, ովքեր քիչ փորձ ունեին»,- խոստովանեց քաղաքապետը, նկատի ունենալով այն, որ 1987 թվականից նման ծավալի աշխատանքներ չէին կատարվել։ Ռ. Մ.