«ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ՄԻԱՅՆ ԲԵՐՔԱՀԱՎԱՔԻՑ ՀԵՏՈ» Ասում է գյուղնախարար Դավիթ Զադոյանը Հանրապետության քաղաքական կյանքը վերջին ամիսներին չափազանց լարված ընթացք ունի։ Ընտրություններից աչք չենք բացում, տեղական ինքնակառավարման ընտրություններից հետո կարճ հրադադար տեւեց, որից հետո գլխապտույտ արագությամբ սկսվեցին եւ շարունակվեցին նախագահական ընտրություններն իրենց երկու փուլերով, Սահմանադրական դատարանի երկու խիստ օրիգինալ եւ ամենեւին ոչ օբյեկտիվ վճիռներով։ Իսկ այսօր Հայաստանի Հանրապետությունը կանգնած է հերթական՝ խորհրդարանական ընտրությունների առաջ եւ քաղաքական ուժերն ու քաղաքական գործիչներն ինքզինքը չեն խնայում ինքնացուցադրվելու եւ ապագա խորհրդարան սպրդելու նպատակով։ Ամենադժվարինն այս պահին պետական պաշտոնյայի վիճակն է, եւ ուզենք, թե չուզենք, իշխանամետ կամ ընդդիմադիր լինելով հանդերձ, պարզապես ստիպված ենք ընդունել սույն հանգամանքը։ Պետական պաշտոնյան, մանավանդ եթե գտնվում է այս կամ այն ուժի համամասնական ընտրացուցակում, պարզապես պարտավոր է խորհրդարանում արեւի տակ իր տեղն ապահովելուց բացի, զբաղվել նաեւ իր բուն աշխատանքային պարտականություններով։ Գյուղատնտեսության նախարար Դավիթ Զադոյանն այս իմաստով եւս բացառություն չէ, եւ առաջին հարցը, որ ուղղեցինք վերջինիս, հետեւյալն էր՝ որքանո՞վ է երկրի ներքաղաքական իրավիճակն ազդում գյուղատնտեսության զարգացման վրա։ Գյուղնախարարը պատասխանեց. «Ուղիղ կապ իրոք կա, ես գտնում եմ, որ ներքաղաքական իրավիճակը բավականին լարված է, եւ այս տրամադրությունը ոչ միայն գյուղատնտեսության, բոլոր բնագավառների վրա էլ ազդում է։ Նույն գյուղացին հիմա փոխանակ զբաղվի իր գործով եւ իր դարդը լացի, հաճախ քաղաքականացվում է եւ, կտրվելով իր գործից եւ հողից, սկսում է զբաղվել քաղաքականությամբ, միտինգներ եւ այլն, որը, իմ կարծիքով, ճիշտ ճանապարհ չէ»։ Սակայն ըստ մեզ՝ սահմանադրական ճանապարհը հենց միտինգներն ու խաղաղ երթերն են. «Սահմանադրական են, բայց գարնան գլխին ճիշտ ճանապարհ չեն, երբ բերքը կհավաքեն, ճտերն աշնանն են հաշվում, մի քիչ էլ պարապ կլինեն, թող զբաղվեն քաղաքականությամբ»։ Արդյո՞ք գյուղնախարարն առաջարկում է քաղաքականությամբ զբաղվելու ճիշտ ժամանակը՝ աշունը. «Իրոք, առանց այդ էլ հիմա գարունը ուշ եկավ, ուշացած է, գյուղացին պիտի հասցնի ցանքսը կատարել»։ Պրն Զադոյանից հետաքրքրվեցինք, թե երկրի քաղաքական իրավիճակն ինչպե՞ս ազդեց գյուղատնտեսության բնագավառում ներդրումների վրա, ասենք՝ ՀԲ-ն որքանով կրճատեց իր ներդրումային քաղաքականությունը. «Չէ, առայժմ զգացնել չեն տալիս, այդպիսի բան չկա, եղած ծրագրերը նորմալ շարունակվում են»։ Սահմանադրական դատարանի վճռի մասին պրն Զադոյանի կարծիքը եւս հետաքրքիր էր (խոսքը Ստեփան Դեմիրճյանի՝ նախագահական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումի մասին ՍԴ-ի վճռին է վերաբերում)։ Ըստ Դավիթ Զադոյանի. «ճիշտն ասած, ես առաջին անգամն եմ պատկերացնում այսպիսի բան, ես չգիտեմ՝ ՍԴ-ն իրավունք ունե՞ր նման վճիռ կայացնելու եւ այդպիսի բան գրելու՝ վստահության հանրաքվեի մասով, բայց բոլոր դեպքերում գտնում եմ, որ այս որոշումը լարվածությունը չի թուլացնում, ընդհակառակը, լարվածությունն ավելի ուժեղացնում է։ Փաստորեն, եթե հարցի պատասխանը միանշանակ տրվեր, շատ մարդիկ կհանգստանային եւ կսկսեին իրենց նորմալ կյանքը, հիմա կարծես նորից հույսեր են փայփայում, վստահության հանրաքվե եւ այլն։ Վիճակը մի փոքր ավելի ծանրացավ»։ Իսկ ինչպե՞ս է գնահատում Դավիթ Զադոյանը ՀՀԿ-ի որոշումը՝ խորհրդարանական ընտրությունների գնալ առանց դաշինքի, միայնակ. «Կային քաղաքական դաշտում ուժեր, որոնց հետ կարելի էր դաշինքի գնալ, բայց մենք գտնում ենք, որ ավելի լավ է ինքներս առանձին գնանք եւ ունենանք մեր տեղն ու մեր մանդատները, որովհետեւ, եթե ուշադիր եք եղել, վերջին երկու խորհրդարաններում դաշինքներն անպայման տրոհվել են հետո, նաեւ՝ չես հասկանում ով՝ ով է։ Այսպես գոնե կոնկրետ է, թե ով որ ցուցակով է եղել, թող քիչ լինի՝ ոչինչ, բայց այդպես գոնե ավելի հստակ է։ Եվ նաեւ այս պատճառով խորհուրդը որոշեց խորհրդարանական ընտրությունների գնալ առանձին»։ ՀՀԿ-ի հավակնությունների մասին հարցին պրն Զադոյանը խիստ փորձառու գնահատական ուներ. «Եթե նույն հարցը տաք բոլոր կուսակցություններին, բոլորն անպայման կասեն, թե մոտ 30-40 տոկոսի հավակնություն ունեն, մենք եւս շուրջ 30 տոկոսի ակնկալիք ունենք, եւ ես գտնում եմ, որ ՀՀԿ-ն այս բոլոր տարիներին ապացուցել է, որ գործունյա կուսակցություն է, ու ես անձամբ գտնում եմ, որ մեր կուսակցությունը կկարողանա առավելագույն ձայներ ստանալ խորհրդարանում»։ Խորհրդարանական ընտրություններում սպասելիքներից բացի, պրն Զադոյանը խոսեց նաեւ Վազգեն Սարգսյանի մասին եւ ասաց. «Վազգեն Սարգսյանն այս պետության համար անհատականություն էր, Վազգեն Սարգսյանի նման հերոսներ, ազգասեր, հայրենասեր մարդիկ ծնվում են երեւի 100 տարին մեկ անգամ եւ Վազգեն Սարգսյանի կատարած գործն այնքան մեծ է, որ հնարավոր է՝ այսօր իր սերնդակիցներս չենք կարողանում ճիշտ գնահատել, հետո սերունդներն ապագայում անպայման ճիշտ գնահատելու են»։ Զրույցը վարեց ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ