Գնահատման կարիք չունի «Աշխատանք, օրենք, միասնություն» կուսակցության նախագահ Միհրան Մովսիսյանը երեկ հրավիրած մամլո ասուլիսում հայտարարեց, թե նախագահական ընտրություններին իրենք զերծ են մնացել ամեն տեսակի խարդավանքներից ու առաջին իսկ օրվանից սատար են կանգնել գործող նախագահին: «Մեզ ստիպելու կամ խնդրելու ոչ մի առաջարկ չի եղել, մենք այդ քայլին դիմել ենք կամավոր, քանի որ դեռ 1997թ. հարցեր կան պարոն Քոչարյանի ուսերին դրված. ղարաբաղյան հարցը դեռ լուծված չէ»,- ասաց Մ. Մովսիսյանը: ԱԺ ընտրություններին համամասնական ընտրակարգով մասնակցելու հայտ ներկայացրած կուսակցության նախագահ Միհրան Մովսիսյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք Ռ. Քոչարյանը որեւէ պատասխան գնահատականի արժանացրե՞լ էր իրենց՝ նման «կամավոր» նախաձեռնության համար, ինչին ի պատասխան՝ պրն Մովսիսյանն ասաց. «Ես նման պրովոկացիոն հարցերին չեմ կարող լուրջ մոտենալ, բայց, համենայնդեպս, ասեմ, որ գնահատման կարիք ես չունեմ, գնահատման կարիք ունի ժողովուրդը: Հետագայում ուրախալի կլինի, որ մենք վստահություն ձեռք բերենք մեր կազմակերպության անդամների առջեւ, որոնց երաշխավորել ենք եւ քարոզարշավի ժամանակ համապատասխան ծրագրերի հիման վրա խնդրել ենք իրենց ձայնը տալ պարոն Քոչարյանին: Ոչ մի պարտականություն չկա, ոչ մի գնահատական չկա ու ցանկություն էլ չունենք նման վերաբերմունքի: Այն խոստումները, որ ստացել ենք, եթե իրականացվի, մենք երկու ձեռքով կծափահարենք եւ կողջունենք: Մեր քաղաքական կուսակցությունների նախագահները, մանավանդ նրանք, ովքեր իրենց հզոր են ճանաչում՝ 50-60.000-ով, գործող նախագահին, դա կլինի պարոն Ռոբերտ Քոչարյանը թե որեւիցե մեկը, սովոր են հայտարարել՝ Քոչարյան, Պողոսյան, Պետրոսյան… Հարգանքի տուրք է պետք մատուցել ու մարդն իր նկատմամբ պետք է լուրջ մոտեցում ցուցաբերի»: Նման հորդորներից հետո նա բոլոր ուժերին խնդրեց գործող նախագահի նկատմամբ վերաբերմունքը «բարձր պահել»: Նա նշեց, որ նախագահական ընտրությունների 2-րդ փուլից առաջ իրենք «պարոն» Քոչարյանին իրենց ընտրողների կողմից «խորհուրդ» են տվել քարոզարշավը չկազմակերպել այն մարդկանցով, որոնք այսօր «ժողովրդի մեջ ընդունելի չեն», ինչն ընդունել է Ռ. Քոչարյանը: «Իրոք, այդպես էլ եղավ»,- հպարտացավ Մ. Մովսիսյանը: Նա համեստորեն խոստովանեց, որ, օրինակ, ինքն այս պահին չէր ցանկանա հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցնել, որովհետեւ այնպիսի իրավիճակ է ստեղծված, որ Ռ. Քոչարյանը հնարավորություն չի ունենալու «մարդկային ձեւով կառավարություն ձեւավորել»: «Մեծ թվով նախարարներ այսօր ընդգրկված են ՀՀԿ ցուցակում, որը մեծ պրոբլեմներ է առաջացնում նոր կառավարություն ստեղծելու համար»,- ասաց նա: Իսկ ինչ վերաբերում է գործող կառավարությանը, որը չի կարողանում իրականացնել կոռուպցիայի դեմ պայքարը, ապա Մ. Մովսիսյանի գնահատականը հետեւյալն էր. «Մի ամբողջ կառավարություն, ուրեմն իր տեղում չի գտնվում, եթե նման հարցեր չի կարողանում լուծել»: ԼԻԼԻԹ ՍԵՅՐԱՆՅԱՆ