ԹԻՎ 1-ՈՒՄ ԱՄԵՆ ԻՆՉ ՊԱՐԶ Է Ի տարբերություն 99-ի ԱԺ ընտրությունների, առաջիկա խորհրդարանական ընտրություններում մասնավորապես մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուների միջեւ ծավալվելիք մրցապայքարը որոշակի առանձնահատկություններ ունի: Այդ առանձնահատկություններից մեկն այն է, որ այս անգամ հայրենի ընդդիմությունն ու առավել եւս՝ «Արդարություն» դաշինքը ներկայացնող կուսակցությունները, փորձել են ընտրատարածքներում հնարավորինս իրար քիչ խանգարել, իհարկե, չհաշված մեկ-երկու այնպիսի անհեթեթ բացառությունները, երբ իրար հետ մրցակցելու են «Հանրապետություն» կուսակցությունն ու ՀԺԿ-ն՝ թիվ 2, 19, 20, 22, 51 ընտրատարածքներ: Փոխարենն ակնհայտ է, որ մինչեւ վերջերս Ռոբերտ Քոչարյանին համերաշխորեն պաշտպանող իշխանական կուսակցություններն են գրեթե բոլոր ընտրատարածքներում կատաղի մարտեր մղելու հենց միմյանց դեմ: Այս պայքարում պետք է կարծել, որ առաջնայինը կլինեն Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի «դաբրոն», հետո նոր մյուս՝ ֆինանսական ու իշխանական լծակների գործոնները: Բայց այդ ամենին անդրադառնանք հերթով՝ առայժմ իրավիճակը դիտարկելով թիվ 1 ընտրատարածքում: Այսպես, թիվ 1 ընտրատարածքն ընդգրկում է Ավան համայնքը: Այստեղ պաշտոնական գրանցումից հետո էլ մրցապայքարի մեջ կմտնեն ճիշտ այնքան թեկնածուներ, որքան ի սկզբանե՝ դեռ մարտին, ընտրություններին մասնակցելու հայտեր էին ներկայացրել: Դրանք չորսն են. անկուսակցական Ռուբեն Հայրապետյան, որը ներկայացված է՝ որպես ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, Լյովա Եղիազարյան՝ «Հանրապետություն» կուսակցության Ավանի տարածքային կազմակերպության նախագահ, Վալերի Սարգսյան՝ «Ազգային համաձայնություն» կուսակցություն, ՀՀ էլեկտրական ցանցեր ՓԲԸ առաջատար ճարտարագետ եւ ՀՅԴ անդամ Արմեն Շահնազարյան՝ «Վառադ» ՍՊԸ տնօրեն: Սկզբունքորեն այս ընտրատարածքում պայքարի ելքը կանխատեսելի է: Այս դեպքում «հիմնական պայքարը կծավալվի…» արտահայտությունն էլ այնքան տեղին չէ, որովհետեւ ակնհայտորեն այստեղ ֆավորիտը Ռուբեն Հայրապետյանն է: Ընդ որում, կոնկրետ նրա պարագայում, թերեւս, ճիշտ չի լինի նաեւ ասել, թե նա ընտրվելու ռեալ հնարավորությունն ունի, ասենք՝ գործարար է ու ֆինանսական կարողությունների շնորհիվ: Այս մեկն, անշուշտ, ընտրություններում հաջողության վերջին գործոնը չէ, բայցեւ տվյալ պարագայում հիմնականն ու գլխավորն էլ չէ, որովհետեւ Ռ.Հայրապետյանը այսօր ընտրակաշառք բաժանելու, թերեւս, հարկ չունի: Նա հայտնի է նաեւ՝ որպես բարերար, եւ քիչ չեն մշակույթի, սպորտի ոլորտի այն ներկայացուցիչները, մտավորականները ու պարզապես շարքային քաղաքացիները, նույնիսկ ոչ նրա ընտրատարածքում, ում Ռ.Հայրապետյանը կարողացել է անշահախնդիր օգնել՝ առանց դա տիրաժավորելու կամ գովազդելու: Պակաս կարեւոր չէ նաեւ, որ վերջինս այդ արել է իր ողջ գործունեության ընթացքում՝ չսպասելով արշավի սկիզբն ազդարարող սուլոցի: Ռ.Հայրապետյանի հետ թիվ 1 ընտրատարածքում մրցակցելու է նաեւ, ինչպես վերը նշեցինք՝ «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Լ.Եղիազարյանը: Նա եղել է «Էվրիկա» հանրակրթական դպրոցի տնօրենը: Միայն վերջերս Երեւանի քաղաքապետի հրամանով նրան ազատեցին զբաղեցրած պաշտոնից, որովհետեւ, ինչպես առիթ ենք ունեցել գրելու, ընդդիմադիր տնօրենները, այն էլ՝ ընտրությունների եռուն շրջանում, իշխանությունների համար կարող են միայն ավելորդ գլխացավանք լինել: Այդուհանդերձ, Լ.Եղիազարյանի ընտրվելու շանսերը շատ չեն, թեեւ հանուն արդարության պետք է ասել, որ նա կարող է հավակնել երկրորդ, այս դեպքում, առանձնապես ոչինչ չխոստացող պատվավոր տեղին: Իհարկե, Լ.Եղիազարյանի ասելով, ինքը ընտրվելու մեծ հնարավորություն ունի եւ Ռ.Հայրապետյանի ընտրությունն էլ այդքան միանշանակ չի, որովհետեւ Ավանում քիչ չեն նաեւ նրան չսիրողները: Ինչ վերաբերում է ՀՅԴ ներկայացուցիչ Ա.Շահնազարյանին, ապա, բացի ճանաչված դեմքերից, այս կուսակցության ներկայացուցիչներն ընդհանրապես մեծամասնական ընտրակարգով ընտրվելու խիստ փոքր շանսեր ունեն: Հարկ է, թերեւս, անդրադառնալ նաեւ Վալերի Սարգսյանին՝ «Ազգային համաձայնությունից»: Ավանցի իմ մի քանի զրուցակիցների ասելով, նա, ըստ ամենայնի, վերջին պահին կհանի իր թեկնածությունը: Սակայն դրանից որեւէ բան շահելու համար պետք է որոշակի հեղինակություն եւ կշիռ ունենալ: Արդյո՞ք դրանք բավարար են պրն Սարգսյանի դեպքում, դժվար է ասել: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ