Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ թե հագուստով, այլ խելքով

Ապրիլ 22,2003 00:00

Ոչ թե հագուստով, այլ խելքով Դպրոցական համազգեստը՝ սոցիալական բեւեռացման պայմաններում «Դպրոցում, ինչպես ցանկացած այլ կոլեկտիվում, կան դասակարգումներ։ Բայց եթե նախկինում այդ դասակարգման հիմքում ընկած էր աշակերտի լավ կամ վատ սովորելը, այսօր այդ խմբերի մեջ են մտնում «հարուստներն» ու «աղքատները»։ Իսկ դպրոցում երեխայի սոցիալական վիճակը ցույց է տալիս նրա հագուստը։ Համազգեստները դպրոցում, այսօր եւ ընդհանրապես, շատ մեծ դեր ունեն։ Խնդիրը միայն արտաքին տեսքի հետ չի կապված։ Անտեղյակ մարդու համար այդ ամենը մի փոքր ճոխացված կթվա, բայց, օրինակ, երբ նայում ես ահռելի ծառին, նույնպես դժվարանում ես պատկերացնել, որ այդ հսկան մի չնչին կորիզից է առաջացել։ Խորհրդային ժամանակներում, երբ համազգեստը պարտադիր երեւույթ էր, այսօրվա աշակերտին անհանգստացնող մի շարք պրոբլեմներ ընդհանրապես գոյություն չունեին»,- մեզ հետ զրույցում իր կարծիքը հայտնեց հոգեբան Անահիտ Գրիգորյանը։ Իսկ ինչպե՞ս է դասակարգումն ազդում երեխայի հոգեկանի վրա։ Ըստ տիկին Գրիգորյանի, երեխայի համար, տվյալ դեպքում՝ հարուստներ եւ աղքատներ դասակարգումը ուղղակի կործանարար է, ընդ որում, կարեւոր չէ՝ նա մտնում է «հարուստնե՞ր», թե՞ «աղքատներ» խմբի մեջ։ Երկու դեպքում էլ արդյունքում ստացվում է բարդույթների մեջ խեղդված անհատ։ Մի դեպքում երեխայի մեջ ձեւավորվում է ինքնաթերագնահատման բարդույթ, եւ նա սկսում է վախ ու ատելություն զգալ իրենից լավ հագնված ցանկացած մարդու նկատմամբ։ Իսկ այդ զգացողությունը նրա ենթագիտակցության մեջ մնում է հետագա ողջ կյանքի ընթացքում։ Մյուս խմբավորման երեխաների մեջ ձեւավորվում է ինքնագերագնահատման բարդույթ եւ ի հայտ են գալիս ցինիզմի երանգներ՝ ի տարբերություն առաջինների, որոնց մեջ նկատվում է ոչ հիմնավորված ագրեսիա։ Արդյունքում ունենում ենք անառողջ հասարակություն։ Հոգեբանի կարծիքով, նույնիսկ կրթամակարդակի բարձրացման մեջ համազգեստի դերն անփոխարինելի է։ Երեխաները հակված են միմյանց հետ անվերջ մրցելու։ Նրանք ամեն ինչ անում են առանձնանալու, ինչ-որ բանով աչքի ընկնելու համար։ Այսօր նրանք մրցում են իրենց հագուկապով, եթե մենք վերացնենք հագուստի հետ կապված այդ հանգամանքը, բոլորը կդառնան միանման։ Աշակերտը կսկսի աչքի ընկնելու, իր գերակայությունն ապացուցելու նոր ուղի փնտրել։ Իսկ այդ նոր ուղին դպրոցում կմնա միայն մեկը՝ սովորել։ Սակայն այս դեպքում էլ ձեւավորվում է «լավ եւ վատ սովորողների» նոր դասակարգում, եւ արդյո՞ք այն չի հանգեցնի նույն խնդիրներին։ «Դասակարգում հասկացությունն ընդհանրապես հատուկ է թե՛ կենդանական աշխարհին եւ թե՛ մարդկությանը։ Երեխաները պետք է փոքր տարիքից ընտելանան այդ երեւույթին։ Պետք չէ վախենալ դասակարգումից, այլ պետք է պարզապես հետեւել, որ դրա հիմքում ընկած լինեն ճիշտ սկզբունքներ։ Առաջին՝ «հարուստներ եւ աղքատներ» դասակարգման դեպքում երեխաները բաժանվում են ոչ ըստ իրենց անձնական հատկանիշների ու արժանիքների։ Այստեղ, պարզ ասած, դոմինանտ է երեխայի «հայրիկի գրպանի պարունակությունը»։ Երկրորդ դեպքում՝ «լավ եւ վատ սովորողներ» դասակարգման ժամանակ, ամեն ինչ շատ ավելի հստակ է։ Երեխան գիտի, որ ինքը այս կամ այն խմբին է պատկանում իր անձնական հատկանիշների, իր գիտելիքների շնորհիվ։ Եվ իր կարգավիճակի շտկումը կախված է միայն իրենից եւ ոչ թե իր հագուստի տեսքից ու գնից»։ ՔՐԻՍՏԻՆԵ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ Չվիճարկելով հոգեբանի նկատառումներն ըստ էության, ճշտեցինք, որ 70-ականների խորհրդային դպրոցում նույնպես կար սոցիալական բեւեռացում՝ աշխատավարձով ապրողների եւ «կողմնակի եկամուտներ» ունեցողների երեխաներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել