Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՏԱԿԱՆ ՊՐՈՑԵՍՆԵՐԸ ՆՈՐԻՑ ՍԿՍՎԵՑԻՆ

Ապրիլ 22,2003 00:00

ԴԱՏԱԿԱՆ ՊՐՈՑԵՍՆԵՐԸ ՆՈՐԻՑ ՍԿՍՎԵՑԻՆ Կիրակի օրը ՀՀ ԿԸՀ-ն մերժել էր գրանցել «Բագրեւանդ» կուսակցության ընտրացուցակը: Երեկ մենք փորձեցինք կուսակցության նախագահ Կամո Պետրոսյանից մեկնաբանություն ստանալ «Բագրեւանդին» չգրանցելու որոշման շուրջ: Նա չբարեհաճեց անձամբ խոսել մեր թղթակցի հետ, բայց կուսակցության լրատվական ծառայությունը ներկայացնող աշխատակիցներից մեկն ասաց, թե մեկնաբանություն չեն կարող տալ: «Հարցը լուծենք, հետո կասենք»,- եղավ պատասխանը: Պարզվեց նաեւ, որ հարցը լուծել ասելով, կուսակցությունում նկատի ունեն ԿԸՀ որոշումը դատական կարգով բողոքարկել-չբողոքարկելու որոշում կայացնելը: Մեզ հասած այլ տեղեկությունների համաձայն, այս կուսակցության գրանցել-չգրանցելու հարցում խիստ որոշակի է եղել, իբր, վերջինիս թիկունքին կանգնած ՀՀ գլխավոր ոստիկանապետ Հայկ Հարությունյանի որոշումը, որը, տվյալ դեպքում, ըստ ամենայնի, եղել է՝ «օտբոյ»: Թե ինչու՝ հայտնի չէ: ԱԺ ընտրություններին համամասնական ընտրակարգով մասնակցելու հայտ ներկայացրած 23 կազմակերպություններից մեկն էլ «Րաֆֆի Հովհաննիսյանի դաշինքն» էր, որը միավորում էր «Ժառանգություն» եւ «Ազգային պետություն» կուսակցություններին: Վերջինս ինքնաբացարկ էր հայտարարել, իսկ երեկ ե՛ւ Րաֆֆի Հովհաննիսյանը, ե՛ւ դաշինքի անդամ կուսակցությունները հանդես եկան հայտարարությամբ, ուր մասնավորապես Ր.Հովհաննիսյանը բարեմաղթանք հղելով «խորհրդարանական ընտրությունների մասնակիցներին», միաժամանակ ընդգծել է, թե «այս հանրահանդեսին մաս չկազմելու որոշումն ընդունելով՝ փոխարենը զբաղվելու եմ մեր Ժառանգության շինարարությամբ: Խորին երախտագիտություն եմ հայտնում իմ անունը կրող դաշինքի բոլոր անդամների ու համախոհների աննկուն զորակցության համար եւ ակնկալում նրանց հետեւողական ներդրումը ժամանակակից որակի պետություն դարբնելու ընդհանուր գործում»: «Ժառանգությունն» ու «Ազգային պետությունն» իրենց հերթին հայտարարել են, թե «ՀՀ նախագահի ընտրությունների երկու փուլերի ընթացքն ու արդյունքները, դրանցում ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դերակատարումը, ցավոք, կասկածի տակ են դնում եւ ժողովրդավարության առկայությունը մեր երկրում, եւ առաջիկա խորհրդարանական ընտրությունների ազատ եւ արդար անցկացումը: Այս գործընթացների խոր ուսումնասիրությունն ու վերլուծությունը մեզ համոզեցին, որ պատկան այրերն ու մարմինները ո՛չ կարողություն, ո՛չ էլ քաղաքական կամք ունեն թափանցիկ եւ ազնիվ ընտրություններ անցկացնելու եւ քաղաքացիների կամ արտահայտման իրավունքն ապահովելու համար: Չցանկանալով ակամա մասնակից դառնալ քաղաքական հերթական արարողությանը, «Րաֆֆի Հովհաննիսյան դաշինքի» անունից մենք հրաժարվում ենք ընտրություններին մասնակցելուց»: Առավել եւս, ՀՀ նախագահի ընտրությունները, դրանից հետո նաեւ ՍԴ-ում ընթացած պրոցեսն ու դրա արդյունքը հուշում են, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները լինելու են ընդամենը դրանց տրամաբանական շարունակությունը: Այդպիսի կանխատեսում անելու համար պարարտ հող է ոչ միայն մեծամասնական ընտրակարգով առաջադրված ընդդիմադիր թեկնածուներին խաղից դուրս թողնելու ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների մասնակիորեն հաջողված փորձերը, այլեւ հենց համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած իշխանական կուսակցությունների միջեւ սկսված, պատկերացրեք, արհեստականորեն անհավասար պայմանների ստեղծումն ու անառողջ պայքարը: Բանն այն է, որ մեր ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն, անցած շաբաթավերջին «Հզոր Հայրենիքի» համամասնական ցուցակում ընդգրկված Երեւանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանն է թաղապետերին հավաքել ու «հորդորել», որ վերջիններս իրենց համայնքներում աշխատեն «Հզոր Հայրենիքի» համար: Ինչ վերաբերում է մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուներին խաղից դուրս թողնելու փորձերին, կիրակի ԿԸՀ-ն որոշեց չեղյալ հայտարարել թիվ 15 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշումը՝ մեծամասնական ընտրակարգով Արշակ Սադոյանի գրանցումը մերժելու մասին եւ գրանցեց նրա թեկնածությունը: Փոխարենը նա մերժեց «Ազգային միասնություն» կուսակցության համամասնական ցուցակում Աղասի Արշակյանի գրանցումը: Պատճառը նրա ունեցվածքի մասին եղած իրար հակասող տեղեկանքներն են եղել: Ի դեպ, թիվ 5, 17 եւ 22 ընտրատարածքային հանձնաժողովներն են որոշում կայացրել համապատասխանաբար ՍԻՄ փոխնախագահ Հայկ Բաբուխանյանի, Էդուարդ Մադաթյանի, «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Հուսիկ Բաղդասարյանի գրանցումը մերժելու մասին: Ի դեպ, եւ վերջիններս, եւ Ա.Արշակյանն արդեն դիմել են դատարաններ՝ վիճարկելու ԸԸՀ որոշումները: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել