Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-Ն ԱՊԱՎԻՆՈՒՄ Է ԻՐ «ՄՏՔԻՆ ԵՎ ԲԱԶԿԻՆ»

Ապրիլ 22,2003 00:00

ՀՀԿ-Ն ԱՊԱՎԻՆՈՒՄ Է ԻՐ «ՄՏՔԻՆ ԵՎ ԲԱԶԿԻՆ» Հայաստանի Հանրապետական կուսակցության այս կարգախոսը խորհրդարանական քարոզարշավի ընթացքում կուղեկցի ընտրողներին։ Գործող իշխանությունն իրականացնող ՀՀԿ-ն խորհրդարանական ընտրություններին գնում է համամասնական 120 հոգիանոց ցուցակով (երկուսն օրերս ինքնաբացարկ հայտարարեցին), 22 մեծամասնական պատգամավորության թեկնածուներով, ինչպես նաեւ պաշտպանում է 20 անկուսակցական թեկնածուի։ Կուսակցության նախագահ Անդրանիկ Մարգարյանը վստահ է, որ ՀՀԿ-ն հաղթելու է, որովհետեւ ունի «կուտակված փորձ»։ Վարչապետը կոչ արեց մրցապայքարում լինել ազնիվ եւ դիմացինին վերաբերվել ոչ թե որպես հակառակորդի, այլ՝ մրցակցի, քանի որ կյանքը շարունակվելու է նաեւ մայիսի 25-ից հետո։ ՀՀԿ համամասնական ցուցակում երկրորդը՝ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, հայտարարեց. «ՀՀԿ-ն, ունենալով մութ գաղափարախոսական հիմք, անցած տարիների ընթացքում բազմիցս ապացուցեց, որ ունակ է նաեւ քաղաքական երկխոսության, հանուն անկախ պետականության անվտանգության ապահովման։ Գնահատելի է կուսակցության փորձը քաղաքական համակարգում նախագահի, տարբեր ուժերի հետ համագործակցության մթնոլորտի ձեւավորման առումով»։ Պաշտպանության նախարարը վստահություն հայտնեց, որ ապագա խորհրդարանում կարեւոր է լինելու քաղաքական ճկունությունը. «մենք ողջունում ենք բոլոր քաղաքական ուժերի համագործակցությունը՝ ի շահ մեր ժողովրդի եւ մեր պետության։ Սկսած գործի շարունակության ապահովմամբ է թերեւս պայմանավորված նաեւ որոշումը՝ խորհրդարանական առաջիկա ընտրություններին մասնակցել Հանրապետականի ընտրական ցուցակում եւ նաեւ այն հանգամանքով, որ վերջին երեք տարիներին աշխատելով որպես պաշտպանության նախարար՝ Հանրապետական կուսակցության ղեկավար Անդրանիկ Մարգարյանի վարչապետությամբ, ղեկավարությամբ, ես ամեն օր զգացել եմ լուրջ հոգատարություն հայկական զինված ուժերի, հայկական բանակի նկատմամբ»: Մ. Ե.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել