ՀՅԴ-ն հավակնում է ուղղություն տվող լինել Քարոզարշավի մեկնարկի առաջին օրը ՀՅԴ-ի մեծամասնական ցուցակով առաջադրված Աղվան Վարդանյանը, Վահան Հովհաննիսյանը, Դավիթ Լոքյանը եւ Արտաշես Թումանյանը, մամուլի ասուլիս էին հրավիրել։ Այսպիսով, ըստ ՀՅԴ կենտրոնական շտաբի պատասխանատու Աղվան Վարդանյանի՝ կուսակցության նպատակն է՝ «այս ընտրություններից դուրս գալ հասարակական եւ քաղաքական դաշտից չարության եւ անվստահության մթնոլորտը հանած, համախմբված»։ Նաեւ առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքում ՀՅԴ-ն երազում է այնպիսի քաղաքական իրավիճակ, որ «առաջիկա տարիներին կայուն, խաղաղ, զարգացող երկիր ունենանք»։ Ցանկը գլխավորող ՀՅԴ ԳՄ անդամ Վահան Հովհաննիսյանը մի նախ եւ ետընտրական պարզաբանում տվեց. «ՀՅԴ-ն պաշտպանեց Ռ. Քոչարյանի թեկնածությունը, որովհետեւ նրա հետ ենք կապում մեր կյանքն արմատապես փոխելու նպատակը»։ Իսկ թե ինչպե՞ս է ՀՅԴ-ն պատրաստվում փոխել մեր կյանքը։ Ըստ Վ. Հովհաննիսյանի՝ «ազատվել այն հոռի երեւույթներից, որոնք զարգացել են վերջին 10-ամյակի ընթացքում եւ պատել են բոլորին», անգամ՝ «կապանքների մեջ է պահում նախագահին»։ Այդ դաշնակցականները համարում են կոռուպցիան, որից ազատվելով՝ խոստանում են ազատ մրցակցային դաշտ ստեղծել բիզնեսից մինչեւ մշակույթի ոլորտներում։ «Իսկ ի՞նչ է պետք դրա համար,- հարցնում է Վ. Հովհաննիսյանն ու պատասխանում,- Սեփական երկիրը սեփական շահից ավելի սիրել»։ Իսկ հայրենասիրությունը «մենք ոչ միայն ունենք, այլ դրսեւորել ենք բազմիցս»,- փաստում է Վահան Հովհաննիսյանը եւ հավելում, որ այդ ամենի հետ նաեւ խիզախություն է պետք ունենալ՝ «նպատակին հասնելու համար»։ Եվ վերջապես՝ «կոռուպցիայից երկիրն ազատելու բարոյական իրավունքը պետք է ունենալ»։ Իսկ ՀՅԴ-ականները համոզված են, որ դա էլ ունեն։ Այս ամենից հետո «անալիզ» անելով, Վ. Հովհաննիսյանը եկել է այն եզրահանգման, որ մեղավորները «թե՛ դիմության, թե՛ ընդդիմության դաշտում են»։ Եվ ըստ այդմ, ՀՅԴ-ն հաջորդ խորհրդարանում ակնկալում է «ուղղություն տվող ուժ լինել», ինչը նախորդ խորհրդարանում 8 պատգամավորով չի կարողացել լինել, եւ ըստ Աղվան Վարդանյանի չի կարողացել վերոնշյալ գաղափարները, որոնք այժմ ծրագրային դրույթներ են, կյանքի կոչել։ Ինչ վերաբերում է հավակնություններին Արտաշես Թումանյանը գտնում է, որ «իշխանության համար պայքարն ընտրությունների իմաստն է», բայց ՀՅԴ-ն իր հավակնությունները պատրաստվում է արտահայտել քվեները ձեռքին ունենալուց հետո միայն։ «Այսօր բաժանելու ժամանակը չէ,- գտնում է Աղվան Վարդանյանը,- ընտրությունների արդյունքներով դա կանենք»։ ՀՅԴ ծրագրի գաղափարախոսությունը նույնն է, հիմնական շեշտադրումը սոցիալական բեւեռացման դեմ պայքարն է։ Երկրում բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացումը, կոռուպցիայի եւ ստվերային տնտեսության դեմ պայքարը։ Այս ամենը կզուգակցվի «երկրում կադրային քաղաքականության լուրջ վերանայմամբ»։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ