Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆՏՐԱԿԵՂԾԻՔՆԵՐԻ ՍԱԿԱՎՈՒԹՅՈ՞ՒՆ

Ապրիլ 22,2003 00:00

ԸՆՏՐԱԿԵՂԾԻՔՆԵՐԻ ՍԱԿԱՎՈՒԹՅՈ՞ՒՆ Ըստ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արամ Թամազյանի՝ դատախազության տրամադրության տակ ընդամենը մի քանի դիմումներ կան քվեատուփերի լցոնման մասին, որոնք չեն հաստատվել: -Արդյոք դատախազությունն իրավասո՞ւ է գնահատել, մեկնաբանել Սահմանադրական դատարանի որոշումը, ինչպես արվեց դատախազության ապրիլի 17-ի հաղորդագրության մեջ՝ նշելով, թե ՍԴ որոշումն «առանձնանում է բարոյաքարոզչական, ընդհանուր ուսուցողական բնույթի եւ լոկ հռչակագրային փաստաթղթին բնորոշ դրույթներով» եւ այլն: – Մենք հիմնականում անդրադարձել ենք ՍԴ որոշման 4-րդ կետին, որը վերաբերում է դատախազության իրավասության, լիազորությունների շրջանակին: Մեր պատասխանում ուղղակի նշել ենք, որ դատախազությունը գործում է Սահմանադրությամբ եւ օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում: Եվ երբ ՍԴ որոշման մեջ նկատել ենք դատախազությանը համապատասխան հանձնարարականներ տալու անիրավաչափ գործողություններ՝ մասնագիտորեն մեկնաբանել ենք դրանք: Մասնավորապես՝ խոսքը վերաբերում է նախաքննության կատարման ժամկետներին, նախաքննություն իրականացնող մարմիններին, հրապարակայնությանը եւ այլն, որոնք բոլորն օրենքով սահմանված կարգով կարգավորված են, եւ դրանց վերաբերյալ, մեր պատկերացմամբ, չպետք է տրվեին առանձին՝ նոր ցուցումներ կամ հանձնարարականներ: – Իսկ առանց ՍԴ-ի հանձնարարականի՝ դատախազությունն ի՞նչ է արել արձանագրված ընտրախախտումների առնչությամբ: Ասենք՝ բազմիցս բերվել է ընտրական հանձնաժողովների կնիքների համար նախատեսված ծրարների օրինակը: Մինչ այժմ պատրաստ չէ դրանց վերաբերյալ փորձագիտական եզրակացությունը: ՍԴ քննությունն էլ ավարտվեց, սակայն դեռ վերացված չէ կասկածը, թե գուցե այդ կնիքների միջոցով կեղծվել է 1 մլն քվեաթերթիկ: Մեկ ամիսը բավարա՞ր չէր այս հարցերը պարզելու համար: – Հարցեր կան, որոնց պարզաբանման համար մեկ օրն էլ բավարար է, բայց կան հարցեր, որոնց համար մեկ ամիսն էլ է քիչ: Եթե ընտրական գործընթաց է ընթանում՝ շատ դժվար է հանձնաժողովների անդամներին հրավիրելը, լսելը. առաջանում են բարդություններ: Ուստի, ավելի հեշտ է նրանց հարցաքննել, երբ նրանք ազատվում են այդ պարտականությունների կատարումից: Եվ եթե կան մի շարք նյութեր, գործեր, որոնց ընթացքը դեռեւս չի լուծվել՝ այժմ ավելի կարճ ժամանակում կարող ենք կարգավորել այդ խնդիրները: Մի օրինակ՝ փետրվարի 18-19-ի գիշերը մեզ ներկայացրել են 372 քվեաթերթիկ եւ դրանց վերաբերյալ անմիջապես հարուցել ենք քրեական գործ: Հիմա՝ ներկայացնողներին հարց ենք տալիս, թե ո՞վ բերեց-տվեց ձեզ, եւ որեւէ մեկը չի բացահայտում: Եթե որոշակի ասեին, թե ով է իրենց տվել՝ մենք կարող էինք բացահայտել մեկ օրվա ընթացքում: Եվ էլի ունենք նման բազմաթիվ դեպքեր, երբ մեզ ներկայացնում են քվեաթերթիկներ կամ կեղծիքների վերաբերյալ փաստեր, սակայն չեն ասում, թե որտեղից: Դրա համար էլ բավական բարդություններ են առաջանում հետագա նախաքննության ընթացքում եւ, ինչ-որ տեղ՝ նաեւ լրացուցիչ վարկածներ առաջանում, թե արդյոք ներկայացնողների մատը խա՞ռը չէ այս ամբողջ գործընթացին: – Քվեաթերթիկների լրացուցիչ խմբաքանակ կարող է հայտնվել միայն նրանց ձեռքում, ովքեր վերահսկում են ընտրական հանձնաժողովները եւ այն տպարանները, որտեղ տպագրվում են քվեաթերթիկները: Թերեւս ավելորդ է նկատել, որ իշխանությունից բացի՝ ոչ մեկը չունի նման լծակներ: – Ես, իհարկե, չեմ կիսում Ձեր կարծիքը: Բոլորն էլ հնարավորություն ունեն տպարաններում ինչ-որ բաներ տպելու: Եթե անգամ դրամ են տպագրում՝ քվեաթերթիկներ էլ կարող են տպագրել: – Նույնը կասեք նաեւ կնիքների՞ մասին: – Եզրակացություն դեռ չունենք, որ համոզվենք՝ դա արդյոք ԿԸՀ կնի՞քն է, թե՞ ոչ: Միայն կարող եմ ասել՝ տվյալ կնիքներով կնքվել են ոչ միայն այդ ծրարները, այլ նաեւ վստահված անձանց վկայականները եւ հազարավոր այլ փաստաթղթեր: Հիմա նշանակել ենք փորձաքննություն, որ առաջին հերթին պարզենք՝ ծրարների վրա եղած կնիքները ԿԸՀ-ի՞նն են, թե՞ ոչ: Եթե տեսնենք, որ նույն կնիքն է, պետք է քննենք ու պարզենք, թե ինչպես են հայտնաբերվել մեզ տրամադրված այդ 10-11 ծրարները: – Անգամ մամուլում են հստակ՝ անուն-ազգանուններով, հասցեներով եւ այլ տվյալներով մատնանշվել խախտումներ, որոնց համար «Ընտրական օրենսգրքով» սահմանված է պատասխանատվություն: Օրինակ, պատասխանատվություն է ենթադրում այլ անձի փոխարեն քվեարկելը, եւ հրապարակվել են բազմաթիվ վկայություններ մարդկանց, ովքեր եկել են տեղամաս ու տեսել, որ իրենց փոխարեն քվեարկված է: Նման որեւէ դեպքի առնչությամբ նախապատրաստվե՞լ են նյութեր: – Անպայմա՛ն: Ընտրախախտումների վերաբերյալ մեր ստացած դիմումների հիման վրա արդեն 10-ից ավելի դեպքերով հարուցել ենք քրեական գործեր, իսկ 60-ի շրջանակում՝ մերժել: Ցանկացած նման դեպքի վերաբերյալ լրատվամիջոցներին կարող ենք տրամադրել ստացված դիմումի, բողոքի, գանգատի եւ նրա արդյունքի վերաբերյալ տեղեկատվություն: Անկեղծ եմ ասում՝ բաց ենք աշխատում այդ բնագավառում, թաքցնելու կամ քողարկելու ոչինչ չունենք: Եթե կան փաստեր, որոնց մեջ առկա է «Ընտրական օրենսգրքի» խախտումների հանցակազմ՝ անպայման հարուցում ենք քրեական գործեր: Մի քանի օր առաջ մենք ՍԴ-ից ստացել էինք պատճեններ, որոնցով մեզ տրված եռօրյա ժամկետում կատարել ենք ուսումնասիրություններ՝ արել շատ մեծ, ծավալուն աշխատանք: Ընթացքում պարզվել է, որ 8-ի հետ կապված՝ ընդհանրապես որեւէ խնդիր չկա, քանի որ դրանք ժամանակին ստուգված են եղել: Իսկ մյուսների առնչությամբ՝ շատ մարդկանցից ենք բացատրություններ վերցրել, բայց քանի որ փաստաթղթերը եղել են քսերոպատճեններ՝ փորձաքննություններ եւ այլ գործողություններ կատարելու համար անհրաժեշտ են բնօրինակները: Հիմա, եթե քվեարկության ոչ հավաստի համարվող ընտրատեղամասերի հետ կապված ՍԴ-ն տրամադրի այդ փաստաթղթերի բնօրինակները՝ բնական է, կստուգենք: – Մի երկու դեպքի առնչությամբ, որոնց վերաբերյալ նախապատրաստված նյութերով քրգործի հարուցումը մերժվել է՝ արդեն իսկ եղել են հրապարակումներ: Ասենք՝ Արաբկիրի թիվ 6 ընտրատարածքի հանձնաժողովների ԱԺՄ-ական անդամների անունից գրված իբր կեղծ դիմումների վերաբերյալ գործի հարուցումը մերժվել է առանց անգամ բացատրություն վերցնելու դիմումի հեղինակից: Իսկ Շիրվանզադեի անվան դպրոցում տեղակայված ընտրատեղամասում 4 լրագրողների վրա հանձնաժողովի անդամ Պետրոս Սարգսյանի հարձակումը եւ տեղամասից նրանց վռնդելու փորձը Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների դատախազությունը ձեւակերպել է, թե Սարգսյանը «մոտեցել է նրանց, բարկացել եւ հրելով տեղափոխել մի կողմ»: Բոլո՞ր 60 գործերի հարուցումն է մերժվել նման մակերեսային քննությամբ եւ անհեթեթ հիմնավորումներով: – Ինձ ներկայացրել են այդ գործերը, որոնց ուսումնասիրությամբ պարզվել է, որ առանց վստահված անձանց համաձայնության՝ փորձ է արվել նրանց փոխարինել այլ անձանցով, որը չի ընդունվել ԸԸՀ նախագահի կողմից: Ասվածը, ինչպես տեսնում եք՝ ամենեւին էլ անհեթեթ հիմնավորում չէ: – «Քրեական օրենսգրքի» 1331 հոդվածի համաձայն՝ 2-5 տարի ազատազրկում է նախատեսված քվեարկության արդյունքները կեղծելու համար: Որեւէ մեկի մեղադրանք առաջադրվե՞լ է այս հոդվածով: Չէ՞ որ բացի քվեարկության արդյունքների կեղծման վերաբերյալ հրապարակված փաստերից, նաեւ ՍԴ որոշման մեջ նշվեց, թե «իրավական առումով հիմնավոր փաստարկված է, որ տեղ են գտել լցոնման, ձայների սխալ հաշվարկի, այլոց փոխարեն քվեարկության եւ այլ բնույթի էական խախտումներ»: – Իհարկե, ուսումնասիրում ենք նաեւ մամուլում եղած հրապարակումները: Իսկ մեր ստացած դիմում-գանգատներում չկան այդպիսի աղաղակող օրինազանցությունների վերաբերյալ փաստեր: Լցոնումների առնչությամբ ընդամենը մի քանի դիմումներ են ստացվել՝ կապված Էջմիածնի առանձին տարածքների հետ: Հանձնարարվել է մարզի դատախազությանը՝ ստուգումներ են կատարվել, հարցաքննվել հանձնաժողովի բոլոր անդամները, որոնք վկայել են, թե չեն եղել նման դեպքեր: – Կան նաեւ անվիճելի խախտումներ՝ ասենք, դարձյալ պատասխանատվություն ենթադրող փաստ է, որ պետական լրատվամիջոցները թեկնածուների միջեւ չեն ապահովել հավասար պայմաններ: Այս առնչությամբ ի՞նչ միջոցներ է ձեռնարկել դատախազությունը: – Ընդհանրապես՝ «Ընտրական օրենսգրքի» նորմերի կիրառման նկատմամբ հսկողությունը ոչ թե դատախազությանն է վերապահված, այլ ԿԸՀ-ին: Երբ ԿԸՀ-ն ուսումնասիրում է եւ գտնում, որ դատախազության միջամտելու խնդիր կա, այսինքն՝ քրեորեն պատժելի արարք, այդ նյութերն ուղարկում է մեզ, մենք էլ ընթացք ենք տալիս: Կարգ է սահմանված, եւ մենք չենք կարող ինքներս ուսումնասիրություններ կատարել. ասենք՝ մի քանի աշխատող նստեցնենք այստեղ, որ արձանագրեն, թե հեռուստատեսությամբ տվյալ թեկնածուին քանի րոպե տրամադրվեց, մյուսին ինչքան: Դա մեր խնդիրը չէ: Զրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ Հ. Գ. Գլխավոր դատախազը պատասխանել է նաեւ ընդդիմության ցույցերի ընթացքում կալանավորվածների եւ հասարակական հնչեղություն ունեցող քրգործերի վերաբերյալ մեր հարցերին: Կարդացեք վաղվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել