Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՈՒՐԲ ԶԱՏԻԿ. ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՀՐԱՇԱՓԱՌ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

Ապրիլ 19,2003 00:00

ՍՈՒՐԲ ԶԱՏԻԿ. ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՀՐԱՇԱՓԱՌ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ -Քրիստոս յարեաւ ի մեռելոց:-Օրհնեալ է յարութիւնը Քրիստոսի: Հիսուս Քրիստոսի խաչելությունից եւ մահից հետո՝ երեկոյան, բարեպաշտ մարդիկ Նրա մարմինը իջեցրին խաչից եւ դրեցին վիմափոր գերեզմանի մեջ, որի մուտքը փակեցին մի մեծ քարով: Երեք օր հետո՝ կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք՝ Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը եւ Սողոմեն, գնացին գերեզմանը խնկարկելու, բայց զարմանքով տեսան, որ քարայրի մուտքից քարը հեռացված է, իսկ գերեզմանը՝ թափուր: Մինչ նրանք տարակուսում էին, երեւացին երկու հրեշտակ եւ ասացին. «Ի՞նչու եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ հարություն առավ» /Ղուկ. ԻԴ 4-9/: Հարության լուրը կանայք ավետում են առաքյալներին, որից հետո Հիսուս երեւում է նրանց: Հիսուս Քրիստոսի Հարության ավետիսը այն հուսադրիչ եւ կենսատու լուրն է, որ տարածվում է մինչեւ այսօր աշխարհի չորս կողմերում: Սուրբ Հարության տոնը հայերիս մեջ կոչվում է նաեւ Զատիկ: Զատիկ նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից եւ իր վերջնական տեսքով՝ վերադարձ առ Աստված: Զատիկը թե Հին եւ թե Նոր կտակարաններում համարվում է մեծագույն տոներից մեկը: Այն կապված է ազատագրության եւ փրկագործության պատմական զույգ իրողությունների հետ: Առաջինը Հին կտակարանի այն դրվագն է, երբ հրեաները, Աստծո խնամածությամբ եւ Մովսեսի առաջնորդությամբ անցնելով Կարմիր ծովը, փրկվեցին եգիպտական գերությունից: Եգիպտական գերությունից ձերբազատվելը խորհրդանշում է մեղքի եւ մահվան երկրից դուրս գալը, զատվելը եւ դեպի ավետյաց երկիր ճանապարհվելը: Հին Ուխտի զատիկը նախատիպն ու նախօրինակն էր Հիսուս Քրիստոսի ինքնակամ զոհաբերության: Երկրորդը Քրիստոսի Հարությունն է: Աստծո որդին՝ իբրեւ Գառն Աստծո, իր արյունը թափեց աշխարհի եւ մեղավոր մարդկության համար, խաչվեց եւ երրորդ օրը հարություն առավ մեռելներից, որպեսզի սրբելով մեղքերից՝ մեզ արժանի դարձնի հավիտենական կյանքին: Եգիպտոսից դուրս գալու խորհուրդով հին աշխարհը խորհրդանշանաբար ազատվեց մարմնավոր գերությունից, իսկ այժմ Քրիստոսի Հարության խորհրդով՝ մարդկությունը փրկվեց եւ մահվան տիրակալությունից, խավարից դարձավ դեպի Աստվածային լույսը, հավատն ու հավիտենական կյանքը: Աստվածորդին մեր մեղքերի համար մեռավ եւ իր սուրբ արյունով սրբեց մեզ մեղքերից, որպեսզի Նրա անունով հավիտենական կյանք ունենանք: Փրկչի խաչելությամբ եւ հարությամբ հաստատվում է կյանքի ու անմահության գաղափարը: «Ինչպես Ադամով բոլորը մեռնում են, նույնպես եւ Քրիստոսով ամենքը պիտի կենդանանան» (Ա Կորնթ. ԺԵ 22): Քրիստոսի հարությունը դարձավ քրիստոնեական հավատքի եւ վարդապետության հիմքը: Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ձուն համարվում է հարության եւ նոր կյանքի սկզբնավորման խորհրդանիշ: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մեր փրկության համար: Ս. Գրիգոր Տաթեւացին ձուն կարմիր ներկելու մասին ասում է. «Միայն Զատիկին ենք ձու ներկում, որովհետեւ ձուն օրինակ է աշխարհի, եւ ինչպես իմաստուններն են ասում, «դրսի կեղեւը նման է երկնքին, թաղանթը՝ օդի, եւ սպիտակուցը՝ ջրին, դեղինն էլ երկիրն է»: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է, թե աշխարհը գնվեց Քրիստոսի արյամբ: Եվ մենք, կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով, հռչակում ենք մեր փրկությունը»: Արարատյան Հայրապետական թեմի մամլո դիվան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել