Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԱՍՆՀԻՆԳ ՏԱՐԻ ԱՆՑ

Ապրիլ 19,2003 00:00

ՏԱՍՆՀԻՆԳ ՏԱՐԻ ԱՆՑ 1988-ին Կարեն Դեմիրճյանը հեռացավ իշխանությունից, երբ Թատերական հրապարակը «Ղա՛-րա՛-բա՛ղ» էր վանկարկում: 97-ին ԼՂՀ ղեկավարության կողմից ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ձախողելուց եւ Հայաստանի առաջընթացն անվերջ արգելակելուց հետո, կռահելի էր, որ մի օր Երեւանում «Հա՛-յա՛ս-տա՛ն» վանկարկումը թեւածի: Բայց որ երբեւէ Թատերական հրապարակում կամ Մատենադարանում նույն հարյուր հազարանոց հանրահավաքները գումարվեն «Դե՛-մի՛րճ-յա՛ն» վանկարկումո՜վ, դա արդեն անհատի հաղթանակ էր: Իհարկե այսօր ասպարեզում Ստեփան Դեմիրճյանն է, եւ նա է «Դե՛-մի՛րճ-յա՛ն» վանկարկումը ողջունում, բայց նաեւ ինչ-որ տեղ, թող լինի ամենավերջին հերթին, Կարեն Սերոբիչի կենսադիրքի ճշմարտությունն է հաստատվում: Հրաժեշտ իշխանությանը Կարեն Սերոբիչը մի հարցազրույցում ասել է. «Հայաստանում երբ սկսվեց ղարաբաղյան շարժումը, բացատրում էի, որ կյանքի ընթացքը սեփական կամքին ենթարկելը դյուրին չէ. մի ձեռքբերման կողքին կունենաք բազմաթիվ կորուստներ, որոնք առայժմ չեք նկատում: Մի անգան նույնիսկ Ղարաբաղյան շարժման առաջնորդներին հրավիրել էի Կենտկոմ, նստած էինք իմ աշխատասենյակում, ասացի՝ եկեք գոչենք Ղարաբաղ, ես էլ Ձեզ հետ՝ տեսնենք ի՞նչ է փոխվում: Ընդհանրապես հասարակական հարաբերություններում՝ անհատների միջեւ թե ժողովուրդների, պետք է համբերատարություն եւ դիմացինին ըմբռնելու հակում դրսեւորել: Ջրի խնդիր լինի, թե հողի՝ ոչ թե արյան ու պատերազմների, այլ քաղաքական փոխզիջումների միջոցով պետք է լուծել»: 88-ին հազիվ թե որեւէ մեկը նման դիրքորոշման ականջալուր կլիներ: Հայաստանը սթափվում էր 70-ամյա թմբիրից, ուր ժամանակային բոլոր համեմատությունները կատարվում էին 1913-ի ցարական Ռուսաստանի հետ եւ պատմություն կերտելու զգացողությունը ստվերել էր մնացյալը: Այնուհետեւ կային պատմական արդարություն հաստատելու, վրեժխնդրության մղումներ, որոնց տրամաբանությանն էր ենթարկված երկրի ողջ հասարակական-քաղաքական կյանքը, եւ այդտեղ ոչինչ հնարավոր չէր փոխել: Կարեն Սերոբիչին ըստ էության մնում էր մի առաքելություն՝ անել հնարավորը, թեկուզ անհնարը, որ Երեւանում ժողովրդի դեմ ուժ չգործադրվի: Այն, ինչ անում է Կարեն Սերոբիչը՝ ուղղակի պետության ղեկավարի իր գիտակցումից ու պատասխանատվությունից ելնելով, ժամանակի մեջ դառնում է անգնահատելի ծառայություն՝ Հայաստանում խաղաղ ցուցարարների դեմ ուժ չգործադրելու ավանդույթ է սկզբնավորվում: Դա մեծապես պայմանավորում է Հայաստանի հեգեմոն դերը առնվազն ետխորհրդային երկրներում ընթացող ժողովրդավարացման շարժումներում: «Թեեւ ընդհանրապես իրավիճակը լուրջ էր, որովհետեւ Հայաստանում Պրահան կրկնելու ծրագրեր կային»,- հետագայում պատմել է Կարեն Սերոբիչը: Մինչդեռ 15 տարի անց հայտնվեց մեկը, որ իր «ինքնագուրացիայի» ժամանակ Հայաստանի մայրաքաղաքը փշալարերով, զրահամեքենաներով ու զինվորներով խցանելուց հետո, անցավ ցուցարարների դեմ մահակներ գործադրելու՝ հանդգնելով խախտել հեղափոխական թոհուբոհերի մեջ Հայաստանի կորզած ամենամեծ նվաճումը՝ երկրի ղեկավարի մտահոգությունն ու պատասխանատվությունը իր քաղաքացիների համար՝ նույնիսկ իրեն ընդդիմադիր քաղաքացիների: Ինչեւէ:8230 88-ի փետրվարին Կարեն Սերոբիչին հաջողվում է Երեւանում կանխել 68-ի Պրահայի կրկնությունը: 88-ի մայիսին նա հեռանում է ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնից: Բառացիորեն հեռանում է նաեւ Երեւանից, երկարատեւ հաստատվելով մերձմոսկովյան հանգստավայրում: Գուցե Հայաստանից հեռու հոգեբանորեն վերջակետ է դնում կյանքի մի շրջանին: Գուցե հոգնել էր Կենտկոմում ժամանակ առ ժամանակ խմորված սադրանքներից, նշանակալից կամ աննշան ստորություններից, եւ ցանկանում էր, որքան հնարավոր է, հեռու լինել: Ամեն դեպքում մտերիմներն ասում են, որ Կարեն Սերոբիչը ընդհանրապես սիրել է առանձնանալ, ինքն իր հետ լինել, իր գրքերի, մտքերի, որտեղից էլ երեւի եկել է կյանքին փիլիսոփայորեն նայելու կարողությունը՝ չնայած գործնականությամբ գերհագեցած կենսաձեւին: Կյանքը՝ իբրեւ քաղաքացի 1990-ին Հայաստանում անիշխանությունն ավարտվում է: ՀՀ Գերագույն խորհրդի նախագահ է ընտրվում Լեւոն Տեր-Պետրոսյանը, վարչապետի պաշտոնը ստանձնում է Վազգեն Մանուկյանը, Խորհրդային Միությունը սահում էր դեպի փլուզում: Ոչ միայն իշխանությանը, այլեւ քաղաքականությանը հրաժեշտ տված Կարեն Սերոբիչը վերադառնում է արդյունաբերություն: 1991-ին վարչապետի հրամանով նա նշանակվում է «Հայէլեկտրո» գործարանի տնօրեն: Աշխատակիցները պատմում են, որ տնօրենի պաշտոնում գործարանի ակտիվի հետ առաջին հանդիպմանը /արտադրության պետերն են, գլխավոր ինժեներ, տեղակալներ եւ այլն, հարյուրից ավելի անձինք/ Կարեն Սերոբիչը սովորական մուտքի խոսքից հետո նայում է ներկաներին, մի պահ լռում, ապա. «Հասկանում եմ, Ձեզ առավել մտահոգող հարցն այն է, թե պաշտոնների ինչ փոփոխություններ են լինելու: Ոչ մի: Բոլորդ կշարունակեք աշխատել Ձեր պաշտոններում: Միասնաբար պետք է գործարանի առջեւ կանգնած խնդիրները լուծենք»: Այսպես սկսվում է 7-8 տարիների գործունեությունը «Հայէլեկտրոյում»: Լինում են հաջողություններ՝ գործարանի կուտակած պարտքերի զգալի մասը մարվում է: Մնում են եւ չհաղթահարվող դժվարություններ՝ գործարանի արտադրանքը հիմնականում հաշվարկված էր արտաքին շուկայի համար, իսկ շրջափակումը, հետագայում նաեւ էներգետիկ ճգնաժամը, հարկադրում են արտահանումների եւ իրացման ծավալները շարունակաբար կրճատել: Սակայն, որքան էլ Կարեն Սերոբիչը հեռու լիներ քաղաքականությունից եւ զբաղված «Հայէլեկտրոյի» առօրյա խնդիրներով, միեւնույն է, շարքային քաղաքացի դառնալ եւ աննկատ մնալ չէր կարող: Հիշողությանս մեջ 1993-ին կայացած մի խոսակցություն է մնացել, որը հետագայում բազմիցս հիշել եմ: Տեր-Պետրոսյանին մեղադրում էին ընդդիմության նկատմամբ անհանդուրժողականության մեջ, ես էլ զրուցակցիս /չէի ցանկանա անուն-ազգանունը ճշտել/ տարակուսած հարցնում էի, այս երկրում ախր ո՞ւր է ընդդիմություն /Վազգեն Մանուկյանը ՊՆ նախարար էր/, դաշնակցականնե՞րն են ընդդիմությունը, նրանք Տեր-Պետրոսյանի հետ համեմատելի գործի՞չ ունեն: Այն ժամանակ, դեռ 93-ին, զրուցակցիս պատասխանը եղավ. «Չե-չեմի՝ դաշնակցականները, ի՞նչ դաշնակ: Նախագահի մոտ խորհրդակցություն էր հրավիրված, գործարանների տնօրեններ էին: Մի քանի տասնյակ մարդ: Կարեն Դեմիրճյանը ներս մտավ, բոլորը մի մարդու պես ոտքի կանգնեցին: Այդպես ողջունեցին մեկ էլ նախագահին: Հասկանո՞ւմ ես, մարդիկ կան, ովքեր հեղինակություն ունեն. հենց նույն Դեմիրճյանը8230 եթե մի օր որոշի մտնել քաղաքականություն, դա արդեն լուրջ կլինի»: Ես միայն 98-ին գիտակցեցի այն, ինչ ոմանք գիտեին դեռ 93-ին: Կարեն Սերոբիչն էլ, որքան հասկացել եմ, իր հասարակական-քաղաքական կշիռը չի թերագնահատել նույնիսկ արդյունաբերությամբ զբաղվելու տարիներին: Այլ հարց, որ հավատարիմ իր սովորությանը, դա ինչ-որ հումորով է շղարշել: «Հայէլեկտրոյում» տնօրենի տեղակալները, գործարանի ղեկավարությունը, ընդհանուր թվով երեւի տասը հոգի, սովորություն են ունեցել ամեն տարի ապրիլի 17-ին ծննդյան օրվա առիթով հավաքվել Կարեն Սերոբիչի աշխատասենյակում: Մի տարի, ինչպես պատմում են, հատուկ պատվերով փորագրված փայտե ժամացույց են նվիրել՝ հայոց պատմության 12 արքաների դիմապատկերներով: Կարեն Սերոբիչը նայել եւ ծիծաղել է. «Բա ե՞ս ուր եմ..»: Վերադարձ պատմության թատերաբեմ Իհարկե 98-ին էլ, այսօր էլ կան մարդիկ, ովքեր հավատացնում են, թե Կարեն Սերոբիչի հայտնությունը նախագահական ընտրարշավում եւ վերադարձը քաղաքականություն, իշխանափոխություն իրականացրած «հայտնի ուժերի» հաշվարկներին է համապատասխանել: Հիշյալ շրջանակներից նման վարկածներ լսել եմ: Վազգեն Մանուկյանն էլ մի քանի անգամ կարծիք է հայտնել, թե ինքն էր «հայտնի ուժերի» իրական հակառակորդը, եւ իշխանությունները իրեն չեզոքացնելու համար Դեմիրճյանին էին սատարում: Սակայն նույնիսկ երբ այս տեսակետները հայտնողները իրադարձությունները շարադրում են առաջին դեմքով, դարձյալ հավատարժանությունը չի մեծանում: Եվ ոչ միայն այն պատճառով, որ 98-ի քարոզչամեքենան Կարեն Սերոբիչի վրա թեկուզ անօգուտ, բայց անվերջ ցեխ էր շպրտում կամ ՀՀՇ-ի հետ համագործակցություն վերագրում: Կարեն Սերոբիչին դեռ 95-ի խորհրդարանական ընտրություններում Կոմկուսի կողմից է առաջարկություն եղել գլխավորելու կուսակցական ցուցակը: 96-ին ոչ միայն քաղաքական շրջանակները, այլեւ մտավորականներ, ուղղակի քաղաքացիներ ջանացել են համոզել առաջադրել թեկնածությունը նախագահական ընտրություններում: Դարձյալ ձեռնպահ է մնացել: Վերադառնում է Կարեն Սերոբիչը միայն այն ժամանակ, երբ ակնբախ էր համաժողովրդական ընդունելություն: Քաղաքական ուժերը, իշխանությունը կամ ընդդիմությունը նրան սատարեին թե ընդդիմանային՝ դրանից ի՞նչ էր փոխվելու: Ինչ խոսք, գերադասելի է, որ 2003-ի նախագահական ընտրարշավում, քայլ առ քայլ Ստեփան Դեմիրճյանի շուրջ համախմբվեց գրեթե ողջ ընդդիմությունը. քաղաքական համախմբումը միշտ ողջունելի է: Բայց հասարակական անդրադարձի տեսակետից 2003-ին Ստեփան Դեմիրճյանին սատարելը ինչ-որ մեծ տարբերություն չստեղծեց 98-ի համեմատությամբ, երբ քաղաքական ուժերը միացյալ ընդդիմանում էին Կարեն Սերոբիչին: Երկու դեպքում էլ դեռ ընտրարշավի մեկնարկից ակնհայտ էր, թե ով է հասարակության ֆավորիտը՝ անկախ քաղաքական դաշտի կողմնորոշումներից: Այլ հարց, որ նույնիսկ 99-ին ԱԺ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո Կարեն Սերոբիչը չստանձնեց իրական իշխանությունը, որին լիազորված էր ընտրողների քվեով: Նա շատ ավելի հասարակական համերաշխություն հաստատելու եւ իշխանության հանդեպ վստահություն ստեղծելու խնդիր լուծեց: Իշխանություն իրացնել, լավ կամ վատ, կարող էին նաեւ այլք, մինչդեռ համերաշխության ու վստահության հենասյուն լինել՝ ուրիշ ոչ ոք: Գուցե որովհետեւ Դեմիրճյանի վերադարձը ոչ այնքան քաղաքական, որքան պատմական օրինաչափություն էր: Կարեն Սերոբիչի բառերն են. «Պարզապես մարդիկ հիշում են, որ Կենտկոմում պաշտոնավարության տարիներին ես արել եմ այն, ինչ խոստացել եմ, եւ արել եմ արժանապատվորեն: 8230Պետական գործիչը պետք է կարողանա ղեկավարել այնպես, որ հասարակությունը դա բարօրություն համարի եւ գնահատի»: Երբ ավարտվեց հեղափոխությունը, մարդիկ սկսեցին գնահատել իրատեսությունն ու պատասխանատվությունը: Արկածները իրական կյանքում հոգնեցնում են… գերլարումից: Ինչպես «Նվագախմբի փորձը» ֆիլմում մարդիկ ինչ-որ պահից վերստին տենչում են հաստատուն դրվածքների: Թերեւս սա էր ստեղծել Կարեն Սերոբիչի վերադարձի պատմական անհրաժեշտությունը հասարակական կյանքում: Քաղաքական հարթությունում Դեմիրճյանի առանձնահատկությունը ժամանակի ու տարածության մեջ ծավալվող գործունեությունը ներկայի պրիզմայով արժեւորելն էր: Նախ արժանանալ ժամանակակիցների գնահատանքին, հետո հույսը դնել սերունդների ավելի մեծ խելամտության վրա: Նման մոտեցումը չի տառապում պատմականության պաթոսով, գուցե դրա համար է արդարացված, ինչպես ցույց տվեց Կարեն Սերոբիչի վերադարձը: Թերեւս նաեւ անխուսափելի է, ինչպես ցույց է տալիս Ստեփան Դեմիրճյանի հաջողությունը: ԼՈՒՍԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել