Լրահոս
Օրվա լրահոսը

Կկայանա՞ «Նոր Անտանտան»

Ապրիլ 19,2003 00:00

Կկայանա՞ «Նոր Անտանտան» Այդպես կոչեցին լրագրողները Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Ռուսաստանի համագործակցությունը, որն ամրապնդվեց Իրաքի խնդրի վերաբերյալ միասնական դիրքորոշմամբ։ Անվանումը միգուցե այնքան էլ հաջող չէ, որովհետեւ իրական Անտանտայի մեջ ընդգրկված էին Ռուսաստանը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան՝ ընդդեմ Գերմանիայի եւ նրա աստելիտների։ Վերջին անգամ եռյակը հավաքվեց Ռուսաստանում եւ ճշտեց այն միասնական կարծիքը, որ ետպատերազմյան Իրաքում հիմնական դերը պետք է խաղա ՄԱԿ-ը (ինչին, ինչպես հայտնի է, փաստացիորեն դեմ է ԱՄՆ-ն)։ Եռյակը նաեւ մի շատ հետաքրքիր քայլ է մշակել՝ ապրիլի 22-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ է հրավիրվելու Իրաքում միջազգային տեսուչների ղեկավար Հանս Բլիքսը, որը պետք է ներկայացնի ետպատերազմյան Իրաքում ստուգումների վերսկսման հնարավորությունը։ Դա իսկապես շատ կարեւոր է, քանզի մինչ օրս Իրաքում զանգվածային ոչնչացման զենք չի հայտնաբերվել, իսկ եթե այդ գործը թողնեն միայն ամերիկացիներին՝ նրանք անպայման «կգտնեն», քանի որ միայն դա կարող է ինչ-որ տեղ արդարացնել պատերազմը եւ կորուստները։ Պենտագոնի վերջին տվյալներով, իրաքյան պատերազմում զոհվել է 123 ամերիկյան զինվոր, իսկ 490-ը՝ վիրավորվել։ Պարզ է, որ այդ թվերի մոտ 1/3-ը բաժին է ընկել Մեծ Բրիտանիային (ճշգրիտ տվյալները մեզ առայժմ չեն հասել)։ Իրաքի բանակի կորուստները տասնապատիկ ավելի են, իսկ խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը գերազանցում է մեկուկես հազարը։ Նաեւ ավերված է ամբողջ երկիրը եւ նրա տնտեսական ինֆրակառուցվածքը։ Սակայն առավել շատ ցնցեց հետեւյալ փաստը՝ չնայած բազմաթիվ նախազգուշացումներին, ամերիկյան զինվորականների թողտվության պայմաններում, թալանվեց Բաղդադի ազգային թանգարանը՝ մինչեւ վերջին ցուցանմուշը։ Այն աշխարհում ամենահարուստ եւ ամենանշանավորներից մեկն էր։ Եվ դա բնական է։ Բոլորիս հայտնի է, որ հենց այժմյան Իրաքի տարածքում են առաջացել ամենահնագույն քաղաքակրթությունները։ Ամերիկացիներին, իհարկե, ամեն ինչ քաջ հայտնի էր, սակայն նրանք չմտահոգվեցին անգամ մեկ տանկ եւ երկու ավտոմատավոր տեղակայել մուտքի մոտ, ինչը կփրկեր թանգարանը թալանից։ Դա, իհարկե, արվեց միտումնավոր՝ ցույց տալու աշխարհին, թե ինչպիսի մակարդակ ունեն իրաքցիները։ Իրականում նրանք ցույց տվեցին իրենց իսկ մշակութային մակարդակի բացակայությունը եւ չնայած ամերիկացիները ողջ պատասխանատվությունը բարդեցին իրաքցիների վրա, հիմնական մեղքը հենց իրենցն է եւ դա հանցագործություն է մարդկության առջեւ։ Կարելի է ենթադրել, որ առկա է նաեւ հետեւյալ ճիզվիտական ծրագիրը՝ հետագայում ամերիկյան էմիսարները, օգտվելով ժողովրդի աղքատությունից, չնչին գներով կգնեն թանգարանի հարստությունները եւ կտեղափոխեն ԱՄՆ (սա, իհարկե, միայն ենթադրություն է)։ Շատերը մինչ օրս զարմացած են, թե ինչու իրաքյան բանակը, որն այդպիսի կատաղի դիմադրություն ցույց տվեց պատերազմի առաջին երկու շաբաթում, Բաղդադի համար մարտի ժամանակ համարյա չդիմադրեց եւ լուծվեց խաղաղ բնակչության մեջ։ Հիշենք, որ բանակը դիմադրությունը դադարեցրեց այն պահից, երբ Սադամ Հուսեյնը փախավ Բաղդադից։ Դա բոլոր ավտորիտար ռեժիմների վախճանն է՝ նրանք արտաքուստ թվում են շատ ամուր, բայց փլուզվում են ստվարաթղթե տնակի պես, երբ դիկտատորը չքվում է թատերաբեմից։ Հեղինակի կարծիքով, Հուսեյնի ռեժիմը տոտալիտար չէր, քանզի զուրկ էր ամուր գաղափարախոսությունից։ Հակառակ դեպքում, դիմադրությունը շատ ավելի երկարատեւ կլիներ եւ կախված չէր առաջնորդի անձից։ Վերադառնանք վերնագրի հարցին։ Մի կողմից ՌԴ-ն, Ֆրանսիան եւ Գերմանիան շահագրգռված են համաձայնեցված միջազգային քաղաքականություն վարելու մեջ։ Մյուս կողմից, ԱՄՆ-ից տնտեսական կախվածությունը ստիպում է նրանց վերականգնել խաթարված հարաբերությունները ամենահզոր երկրի եւ Մեծ Բրիտանիայի հետ։ Նրանք հայտարարել են արդեն, որ չնայած բոլոր բացասական հետեւանքներին, Սադամ Հուսեյնի ռեժիմի տապալումը դրական փաստ է, իսկ Եվրամիության համաժողովի ժամանակ առաջարկվեց «Եվրոպայի նախագահի» պաշտոնը, որը 2006 թվականից, ամենայն հավանականությամբ, կզբաղեցնի Մեծ Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլեերը։ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՂԱՄԱԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել