Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՈՎՔ ԽՈՀԱՐԱՐՈՒԹՅԱՆ

Ապրիլ 19,2003 00:00

ԳՈՎՔ ԽՈՀԱՐԱՐՈՒԹՅԱՆ Սահմանադրական դատարանից այլ բան ակնկալելը, քան որոշվեց, նույնն է, ինչ արդարություն սպասել պատմությունից, որ վաղուց անցյալ է։ Այսինքն՝ ետին թվով հաղթանակ կորզել Ավարայրից, 2003 թվականին տեսնել ցեղասպանության կանխման հնարավորությունը, որ կատարվել է 1915-ին եւ նույն թվականին կանխել ղարաբաղյան հակամարտության ի վնաս մեզ լուծելու հեռանկարը՝ ժողովրդավարական կարգերի հաստատման փորձով։ Չնայած դրան, Սահմանադրական դատարանն իր որոշման 6-րդ կետի արձանագրությամբ, որով ապագա Ազգային ժողովից եւ նախագահից պահանջում է մեկ տարվա ընթացքում անցկացնել «վստահության հանրաքվե», կարծես թե ակամա կանխատեսում է Քոչարյանի Վաթերլոոյի մոտալուտությունը, սակայն ճարպիկ, երկիմաստ զգուշավորությամբ այն քողարկում է ոչիրավաբանական, անորոշ, բարդ համադասական նախադասությունների շղարշով, կոմունիստական եւ առհասարակ այլաբանություն սիրող բոլոր իշխանություններին հատուկ լեզվական աճպարարությամբ, որի անուրանալի մասնագետը (Խոսրով Հարությունյանին չհաշված) ինքն է՝ Գագիկ Հարությունյանը։ Կարելի է առանց սխալվելու չնչին հավանականության՝ պնդել, որ այդպիսի լեզուն բոլոր ժամանակներում պատասխանատու մարդկանց լեզուն է, որոնց անելիքից շատ բան է կախված, բայց ասելիքից՝ գրեթե ոչինչ։ Եթե մի քիչ փիլիսոփայենք՝ լեզուն իրականության վարքն է, խոսքը՝ իրականությունը վավերագրելու չափը։ Խոսքի անորոշությունը՝ ըստ հոգեվերլուծաբանների, մանկապատանեկան «մեղքի»՝ օնանիզմի հիշողական վերապրուկ։ Տեսե՞լ եք երկար տարիներ իշխանական աթոռներին շալվար մաշած մեկին, որ կարողանա ուղիղ նայել մարդկանց աչքերին։ Եթե տեսել եք, նրա արձանը կարելի է կանգնեցնել Հանրապետության հրապարակի թափուր մնացած անկյունում։ Գագիկ Հարությունյանի տեսակը կարող է հանուն ճշմարտության մերժել Պլատոնի բարեկամությունը, հանուն ժողովրդավարության ընդունել Քոչարյանի օրինականությունը, նշանավոր մարդկանց հոբելյաններին կասկածելի սենսացիա պարունակող ելույթներ ունենալ, նախանձելի փութաջանությամբ կազմել համբավ բերող ժողովածուներ, բայց երբեք չի կարող դավաճանել իր էության հետ ոչ մի առնչություն չունեցող լեզվական կառույցին։ Նրա լեզուն կարող է բնորոշել ստեղծագործական տեսակետից ստերջ ժամանակների կաթվածի պատկերը, բայց այդ ժամանակներում ապրած մարդկանց մասին ոչ մի իրական պատկերացում չտալ։ Դա միջանկյալ ժամանակների աղետն է (մերոնք ասում են՝ անցման շրջան), բայց պաշտոնական վերելքի գրավականը։ Եթե ապագա պատմաբանները ոչ մի վկայություն չգտնեն մեր ժամանակաշրջանի մասին, բավական է եգիպտական պապիրուսի մի փերթի կամ շումերական աղյուսների վրա արձանագրված մի փոքրիկ տեքստ ՍԴ-ի վերոհիշյալ որոշումից, որպեսզի պարզվի, որ աշխարհում Համմուրաբին, Մխիթար Գոշը եւ «Որոգայթ փառացը» ընդամենը առասպել են, եղել է միայն Գագիկ Հարությունյան։ Գերմանացի նշանավոր փիլիսոփա Կարլ Յասպերսը «Մեծ փիլիսոփաներ» բազմահատոր աշխատության մեջ, ըստ պատմության ընթացքի վրա իրենց ունեցած ազդեցության, նշանավոր մարդկանց դասակարգում է մի քանի խմբի. ա) նրանք, ովքեր մարդկայնության չափանիշ են տվել (Սոկրատես, Բուդդա, Կոնֆուցիոս, Քրիստոս), բ) փիլիսոփայության հիմնադիրներ, որոնք շարունակում են նոր փիլիսոփաներ սերել (Պլատոն, Ավգուստինոս, Կանտ), գ) աշխարհիկ տիեզերական հայեցակարգեր ստեղծողներ (Քսենոֆոն, Էմպեդոկլ, Բրունո), դ) մեծ խառնակիչներ, միաժամանակ՝ վերականգնողներ (Աբելյար, Դեկարտ, Հյում), ե) մեծ արթնացնողներ (Պասկալ, Կյերկեգոր, Նիցշե), զ) մեծ համակարգողներ (Արիստոտել, սբ. Թովմա, Հեգել), է) փիլիսոփա բանաստեղծներ (հույն ողբերգակները, Դանթե, Շեքսպիր, Գյոթե, Դոստոեւսկի), եւ այլն։ Ավաղ, այդպիսին է պատմության գեշ բնույթը. այն արձանագրում է դեմքեր եւ դեպքեր, որոնք էական ազդեցություն են թողել պատմության ընթացքի վրա եւ ոչ մի խոսք նրանց մասին, ովքեր կարող էին նույնքան ազդեցիկ լինել, եթե կամենային։ Այդպիսին է նաեւ լեզվի բնույթը. գոյություն ունի գիտություն լեզվի մասին, որ կոչվում է լեզվաբանություն, բայց չկա գիտություն լռության մասին, չնայած խորհրդային տարիներին կուտակված հսկայական նյութին. չէ՞ որ ողջ երկիրը լռում էր եւ յուրաքանչյուրը լռում էր յուրովի՝ կախված այն բանից, թե ինչի մասին էր լռում։ Հավանաբար, 70-ամյա հարկադիր լռության վրեժը այդքան ծանր էր լինելու, որի համար վճարում ենք մուտանտ պերճախոսությամբ եւ այն լեզվով, որով կազմված է Սահմանադրական դատարանի վճիռը, որը մոտավորապես կարելի է ձեւակերպել հետեւյալ կերպ. ճիշտ է, դուք իրավացի եք նախագահական ընտրություններն անվավեր ճանաչելու ձեր հայցադիմումով, սակայն պետք է մնա Քոչարյանը։ Փոքր-ինչ չափազանցելով, կարելի է ասել, որ վերջին 10-ամյակին Հայաստանում ոչ ոքի տրված չի եղել այնպիսի հնարավորություն, որ կարող էր շրջել, անկյունադարձային լինել մեր պատմության համար, որքան Գագիկ Հարությունյանին եւ ոչ ոք այդքան համառությամբ չի մերժել իրեն վերապահված առաքելությունը։ Վեց տարվա մեջ երեք անգամ նրան վիճակվեց առաջին պլանում հայտնվել՝ մեկ 1996-ին (նախագահական ընտրությունները վիճարկելու), երկրորդ անգամ 98-ին, երբ ըստ քաղաքական ետնաբեմերում ստուգապես շրջանառվող խոսակցությունների պետք է առաջադրվեր ՀՀ նախագահի թեկնածու, եւ երրորդ անգամ հիմա՝ նախագահական ընտրությունները անվավեր ճանաչելու խնդրով։ Գագիկ Հարությունյանի ոչ երկիմաստ նախորդը՝ Վլադիմիր Իլյիչ Լենինը, ուսուցանում էր՝ յուրաքանչյուր խոհարարուհի պետք է կարողանա կառավարել պետությունը։ Այդ նշանակում է, որ պետությունը պետք է լինի այնպիսին, որպեսզի յուրաքանչյուր խոհարարուհի կարողանա կառավարել այն։ Մյուս կողմից՝ առաջնորդի արտահայտությունը ոչ թե խոհարարուհիների, այլ կատարյալ պետական մոդելի գովք է։ Չգիտեմ, մեզ կհաջողվի՞ այդպիսի իդեալական պետություն կառուցել, բայց որ այդ պետության մեջ խոհարարները մեծ ապագա ունեն, կասկածից վեր է։ ԹԱԴԵՎՈՍ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել