Լրահոս
Օրվա լրահոսը

Տարին մեկ անգամ

Ապրիլ 19,2003 00:00

Տարին մեկ անգամ Դպրոցականների Երեւանի քաղաքային օլիմպիադայի հաղթողները երեկ հյուրընկալվել էին քաղաքապետին։ Պատմության մեջ առաջին անգամ «հյուրընկալմանը» մասնակցեցին առարկայական հանձնաժողովների նախագահները ու առաջին անգամ արժանացան դիպլոմի եւ նվերի։ Հաղթողները կամ առաջին կարգի դիպլոմակիրները 53-ն էին։ Նրանց 53 անգամ ժպտաց ու ձեռքսեղմում շնորհավորանքով նվերներ հանձնեց քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը։ Մինչ այդ նա չմոռացավ հղել ընդհանուր շնորհավորանք բոլոր նրանց, ում օգնությամբ մասնակցել ու հաղթել էին երեխաները։ Ինքը՝ քաղաքապետը, առաջին օլիմպիական հաղթանակի հաճույքը վայելել է 7-րդ դասարանում (մաթեմատիկայից), 8-րդ դասարանում մասնակցել է ֆիզիկա առարկայից եւ գրավել երկրորդ տեղը։ Այս մասին չազդարարվեց քաղաքապետական ամբիոնից, փոխարենը կրթության վարչության պետ Օնիկ Վաթյանը խոսքի մեջ ու իմիջիայլոց նշեց, որ «քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը, լինելով ոսկե մեդալակիր, շատ լավ է հասկանում ուսման արժեքը»։ Շարունակելով իր խոսքը «ինչպես նշեց պարոն քաղաքապետը», «շնորհիվ պարոն քաղաքապետի», «հանձինս պարոն քաղաքապետի» արտահայտություններով, պարոն Վաթյանը համբերությունից հանեց պարոն Նազարյանին։ Վերջինս ստիպված էր հիշեցնել, թե ինչի եւ ում համար են հավաքվել՝ «երեխաներից խոսեք, ոչ թե քաղաքապետից» ասելով։ Կրթության բաժնի պետը չընկրկեց՝ «տարին մեկ անգամ առիթ եմ ունենում ասելու, պիտի ասեմ»։ Ի դեպ, քաղաքապետ Նազարյանը նույնպես տարին մեկ անգամ է առիթ ունենում «հաճույքով կտրվել քաղաքային տնտեսությունից» ու մասնակցել օլիմպիադայի հաղթողների մրցանակաբաշխությանը։ Քաղաքապետարանի նվերը երեխաներին կարելի է անվանել «երեքը մեկի մեջ»՝ հաշվիչ, ժամացույց եւ ռադիո՝ միաժամանակ։ Օլիմպիադայի հրաշալի վեցյակից (3 եւ ավելի դիպլոմ շահած աշակերտներ) 4-ը «Քվանտ» վարժարանից էին։ «Քվանտ»-ից էին նաեւ առաջին մրցանակակիրներ Մկրտիչ Սողոմոնյանը, Դավիթ Աղամալյանը, Սերգեյ Մարկոսյանը եւ այլք։ Ընդհանուր հաշվարկով առավելագույն թվով առաջին մրցանակակիրներ ապահովելու համար (18 աշակերտ) «Քվանտն» արժանացավ հատուկ «թիմային» մրցանակի։ Այս ուսումնական տարում (2002-03թթ.)՝ քաղաքային օլիմպիադային մասնակցել է 169 դպրոցների 1540 աշակերտ։ 70 դպրոցների 241 աշակերտ արժանացել է տարբեր կարգի դիպլոմների։ Նրանցից շատերն այժմ պատրաստվում են հանրապետական եւ միջազգային օլիմպիադաների։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2003
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930