Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե չվճարեիր՝ կշահեիր

Ապրիլ 19,2003 00:00

Եթե չվճարեիր՝ կշահեիր Մինչեւ 2000 թ. ընկած ժամանակահատվածի համար խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման եւ կեղտաջրերի մաքրման ծառայության դիմաց վճարումներ կատարած մարդիկ որեւէ արտոնությունների ակնկալիքով կարող են այլեւս չդիմել Ջրմուղ-կոյուղի կամ էլ ԶԼՄ-ներին։ Այդ բարեխիղճ, բայց «տուժած» մարդկանց մոռացել կամ էլ թերեւս շրջանցել են ԱԺ-ում, համապատասխան օրենքը մշակելիս, որն էլ 2002թ. նոյեմբերի 6-ին ստորագրվել է ՀՀ նախագահի կողմից եւ գործում է։ Ինչպես հայտնի է, ջրային տնտեսությունների հետ պայմանագիր կնքած քաղաքացիները (բաժանորդները) ազատվել են մինչեւ 2000թ. խմելու ջրի մատակարարման դիմաց վճարելիք գումարներից։ Իսկ նույն օրենքի համաձայն, պարտաճանաչորեն վճարածների համար որեւէ արտոնություն, զեղչ նախատեսված չէ, ոչ էլ վերահաշվարկ կկատարվի։ Այս փաստը, բնականաբար, դժգոհություններ է առաջացրել վերջիններիս շրջանում։ Կարեւորը մինչեւ ապրիլի 9-ը, վերը նշված օրենքի համաձայն, շահավետ պայմանագիր կնքելն էր, որն էլ Ջրային տնտեսության պետական կոմիտեի տվյալների համաձայն, շտապեց անել մեր բնակչության մոտ 90%-ը։ Սակայն հիշեցնենք նաեւ, որ ըստ այդ պայմանագրի, բաժանորդը իր ցանկությամբ է տեղադրում ջրաչափը, ինչն էլ նոր խնդիրների առաջացման հիմք է հանդիսացել։ Նկատենք, որ ջրային տնտեսության հետ պայմանագիր կնքելը վերաբերում է միայն վարձավճարների արտոնություններին։ Իսկ ջրաչափ տեղադրելու համար հարկ է առանձին պայմանագիր կնքել։ Այնպես որ, հայտնի չէ, թե հիշյալ 90%-ի քանի տոկոսը ջրաչափ կտեղադրի։ Ըստ Երեւանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության տվյալների, Երեւանում կա 5000 բնակելի շենք, որից 1500 շենքի ներանցման խողովակի վրա տեղադրված է ջրաչափ (ձմռան ցրտի պատճառով ընկերությունը դեռ այդքանն է կարողացել տեղադրել)։ Կնշվի շենքի ներանցման խողովակի վրա տեղադրված ջրաչափի ցուցմունքը։ Սրանից կհանվի շենքի ջրաչափ տեղադրած բնակիչների ջրաչափերի ցուցմունքները։ Մնացածը, ըստ պայմանագրի, կհաշվարկվի «ներանցման խողովակի թողունակությամբ ջրի շարժման 1,5 մ/վրկ արագության եւ ջրամատակարարման փաստացի ռեժիմի տեւողության պայմանով»՝ մյուս ջրաչափ չտեղադրած բնակիչների համար։ Այսպիսով, այլընտրանք չկա, քան ջրաչափ տեղադրելը, գոնե ավելորդ վեճերից ազատվելու համար, քանի որ դժվար է պարզել, թե ով ինչքան եւ ինչի համար է ջուրն օգտագործում։ «Ջրմուղ -կոյուղի» փակ բաժնետիրական ընկերությունը պայմանագիր է կնքում միջնորդ կազմակերպությունների հետ (համատիրություններ, ԲՇՏ-ներ եւ այլն) ջրի մատակարարման եւ վճարումները ապահովելու համար։ Նշենք, որ ըստ Երեւանի «Ջրմուղ- կոյուղու», ցայտաղբյուրներն ու շատրվաններն իրենց հաշվեկշռում ընդգրկված չեն ու դեռեւս այնքան էլ հրատապ խնդիր չեն համարվում վերջինիս կողմից։ Սակայն եթե հետագայում պարզվի, որ ջրի կորուստը մեծ է, այդ դեպքում կանդրադառնան նաեւ այդ խնդրին։ Քաղաքի կենտրոնում գտնվող ցայտաղբյուրների ու շատրվանների ճակատագիրը կորոշի քաղաքապետարանը, իսկ բակերինը՝ համատիրությունները կամ թաղապետարանները։ ԱՐՄԵՆՈՒՀԻ ԱՅՎԱԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել