Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջադրված է ծանր մեղադրանք

Ապրիլ 19,2003 00:00

Առաջադրված է ծանր մեղադրանք Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանում վերսկսվեց ավազակային հարձակման եւ սպանության մեջ մեղադրվող Կորյուն Սարգսյանի գործի նոր դատաքննությունը։ Այս գործը սկզբում լսվել է Ավան -Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանում (դատավոր՝ Ա. Պետրոսյան) եւ վերաքննիչ դատարանում, որտեղ եւ գործը համարելով խիստ թերի քննված, ուղարկվել է լրացուցիչ նախաքննության։ Կորյուն Սարգսյանը (ծնված՝ 1964թ., բարձրագույն կրթությամբ, չդատված, երկու անչափահաս երեխայի հայր) մինչ կալանավորվելը աշխատել է «Երկրակապ» ՍՊԸ-ի տնօրեն։ Արդեն մեկուկես տարի է՝ գտնվում է մեկուսարանում։ Նա մեղադրվում է ավազակային հարձակման (88 հոդվածի 2-րդ մաս) եւ սպանության փորձի (15-99 1.3.4.7 կետերով) մեղադրանքով։ Ըստ նախաքննության մարմնի, երկու անձ (որոնցից մեկը համարվում է Կ. Սարգսյանը, մյուսը՝ գործով չբացահայտված անձ) 12.08.2001թ., ժամը 8.35-ին զինված հարձակում են գործել տարադրամի փոխանակման կետի աշխատող Հ. Ալեքսանյանի վրա, նրա կնոջը եւ հարեւանին դանակի հարվածներ հասցրել՝ պատճառելով մարմնական վնասվածք, թալանելով 6212 դոլար եւ մոտ 2 մլն դրամ եւ դիմել փախուստի։ Դեպքին ականատես են եղել բազմաթիվ մարդիկ եւ այն փաստը, որ միայն տուժողի կինը՝ Հ. Կամենդատյանն է ճանաչել Կ. Սարգսյանին, քննիչ Մ. Բադեյանի մոտ որեւէ տարակուսանք չի առաջացրել եւ նա մեղադրանք է առաջադրել մեկին, որը նախկինում երբեւէ նմանօրինակ արարք չգործելով, այդպես սառնասրտորեն դանակահարել է, օգտագործել գազ եւ հաջողությամբ ճողոպրել օրը ցերեկով, բազնաթիվ մարդկանց ներկայությամբ։ Գործը երկու ատյաններով անցնելուց հետո ուղարկվել է լրացուցիչ նախաքննության։ Սակայն վճռաբեկ դատարանի քրեական եւ զինվորական գործերով պալատը (Մհեր Խաչատրյանի նախագահությամբ) բեկանել է երկու ատյանների որոշումները եւ գործն ուղարկել դատարան՝ «նորից ըստ էության քննելու»։ Առաջադրված է ծանր մեղադրանք եւ սա այն դեպքն է, երբ համակողմանի եւ լուրջ, պրոֆեսիոնալ քննություն է պահանջվում։ Այս հույսով արդեն նոր կազմով դատական նիստին (17.04.03թ., դատավոր՝ Արթուր Առաքելյան) Կորյուն Սարգսյանը դիմեց դատարանին, ներկայացնելով այն անօրինականությունները, որոնք, ըստ նրա, կատարվել են իր նկատմամբ՝ սկսած օպերատիվ ծառայության գործունեությունից, դատախազությունից (որի գործունեության ընթացքում կատարվել են, ամբաստանյալի կարծիքով, ոչ օբյեկտիվ գործողություններ, որոնք հիմք են հանդիսացել ամբաստանյալի բողոքի բազմաթիվ ակցիաների) եւ դատական պրոցեսի անհիմն ձգձգումից։ Ամբաստանյալը բացարկ հայտնեց պետական մեղադրող Շալիկո Փիրուզյանին, որը եւ պաշտպանեց պաշտպան Վաչագան Քոսյանը։ Սակայն դատարանը բավարար չհամարելով բացարկի հիմքերը, մերժեց միջնորդությունը։ Նիստի վերջում կայացվեց որոշում՝ նոր վկաներ կանչելու միջնորդությունը հետաձգելու եւ դատախազության կողմից դատակոչված վկաներին նորից լսելու։ Նիստը կշարունակվի ապրիլի 25-ին։ ՌՈՒԶԱՆ ԱՎՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2003
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930