Եթե բազմակարծություն լինի Երեկ Երեւանի մամուլի ակումբը «Կոնգրես» հյուրանոցում «Լրատվամիջոցների դերը միջազգային ճգնաժամի լուսաբանման գործում» թեմայով կազմակերպել էր սեմինար։ Քննարկվում է հայաստանյան եւ միջազգային լրատվամիջոցների անդրադարձն աշխարհում ընթացող զարգացումների շուրջ։ Սեմինարի մասնակիցները ծանոթացան մասնավորապես գերմանական եւ բուլղարական լրատվամիջոցների կողմից միջազգային ճգնաժամերի վերաբերյալ հրապարակումների վերլուծությանը։ ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանի խոսքերով, Իրաքյան պատերազմին այս երկու երկրները տարբեր մոտեցում են դրսեւորել։ Ազատ ժողովրդավարական կուսակցության Բադեն- Վյուրտեմբերգի վարչության անդամ Միխայիլ Լինկը, ներկայացնելով միջազգային ճգնաժամերի լուսաբանման եւ արտացոլման գործընթացը գերմանական ԶԼՄ-ներում, նշեց, որ վերջիններս ընդհանուր առմամբ բազմակարծություն են ապահովել։ Ինչը, Մ. Լինկի կարծիքով, չի եղել ամերիկյան ԶԼՄ-ներում՝ բացառությամբ «Նյու Յորք թայմս» թերթի, որտեղ, նրա խոսքերով, հրապարակումները լինում էին հավասարակշռված եւ քննադատական մեկնաբանություններով։ Պարոն Լինկը խոսեց նաեւ Գերմանիայի «Դիվելթ» թերթի հրապարակումների մասին, որոնք հաճախ ողջունել են Իրաքյան պատերազմի։ «Բայց ընդհանուր առմամբ գերմանական մամուլում մեկնաբանների մեծ մասը քննադատաբար են վերաբերվում ամերիկյան դիրքորոշմանը։ Այդ կերպ գերմանական մամուլն արտահայտում էր բնակչության մեծամասնության կարծիքը, քանի որ վերջինս նույնպես քննադատաբար է վերաբերվում ԱՄՆ քաղաքականությանը»,- ընդհանրացրեց Մ. Լինկը։ Նրա կարծիքով, 4-րդ իշխանությունը կարող է միայն գործել եւ ազդու լինել այն դեպքում, եթե նրա գործունեության մեջ բազմակարծություն կա. «Պետությունների ներսում պահանջում են բազմակարծություն, բայց հենց որ լուսաբանվում են միջազգային կոնֆլիկտները, իշխում է ազգային տեսակետը։ Գերմանիայում նույնպես այդպես է»։ Միխայիլ Լինկի կարծիքով, նույնիսկ «ամենալավ միջազգային լրատվամիջոցը՝ Բի-Բի-Սի-ն, նույնպես իրադարձությունները լուսաբանում է բրիտանական շահերի տեսանկյունից. «Կոնֆլիկտների լուծմանը նպաստելու համար ԶԼՄ-ները նախեւառաջ պետք է փորձեն լուսաբանել ամենատարբեր տեսանկյուններից։ Պետք է նայեն կոնֆլիկտներին ոչ միայն ազգային տեսանկյունից, այլեւ միջազգային»,- գտնում է Մ. Լինկը։ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախկին անդամ, Ֆրիդրիխ Նաումանի անվան հիմնադրամի խորհրդատու Ասպարուխ Պանովը բուլղարական ԶԼՄ- ների մասին արտահայտելով իր անձնական կարծիքը, նկատեց, որ արտաքին քաղաքականությունը բուլղարական ժուռնալիստիկայի ամենաթույլ կողմն է եղել։ Ըստ Ա. Պանովի, դա արտացոլվել է այն ժամանակ, երբ բուլղարական թերթերը լուսաբանել էին Հարավսլավիայում տեղի ունեցող պատերազմները, Կոսովոյի ճգնաժամը։ Սակայն Ա. Պանովի խոսքերով, վերջին իրաքյան ճգնաժամը ցույց է տվել, որ բուլղարական ԶԼՄ-ները հաղթահարել են այդ խնդիրը։ Իսկ դա արել են օրական 24 ժամ տեղեկատվություն ապահովելով, որի ընթացքում տալիս էին բազմաթիվ մեկնաբանություններ եւ արտահայտում կարծիքներ։ Իսկ քաղաքագետ Աղասի Ենոքյանն ավելի շատ կարեւորեց հեղինակային իրավունքի պաշտպանության հարցերը, նշելով, որ անթույլատրելի է առանց հղումների այլ լրատվամիջոցներից մեջբերումներ անելը։ Նա կարեւորում է նաեւ միջազգային իրադարձությունները «հայակենտրոն տեսանկյունից» մեկնաբանելու խնդիրը։ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ