ԱՍՏԾՈ ԱՉՔԻ ԱՌԱՋ Դատական համակարգի հին աշխատողներն իրենց համակարգը համարում են «պետության կողմից պատմականորեն անտեսված»։ Միայն շենքային պայմանները եթե համեմատենք, դատախազության ու դատարանների միջեւ սար ու ձորի տարբերություն կա։ Մի առիթով վերջերս ՀՀ գլխավոր դատախազ Արամ Թամազյանն ասաց, որ «մեր բոլոր շենքերն էլ նորմալ վիճակում են, բյուջեի պահուստային ֆոնդից տրամադրված գումարներով 2-3 տեղում վերանորոգումներ ենք անում՝ կանենք-կպրծնենք»։ Իսկ հանրապետության 47 դատարաններում «նորմալ վիճակ» սկսել են ապահովել ընդամենը անցյալ տարվանից, այն էլ՝ ոչ բոլորի համար։ Համաշխարհային բանկի 4 մլն դոլար ֆինանսավորմամբ 2001 թվականից սկսվել է 19 դատարանների շենքային պայմանների բարելավման աշխատանքը։ Դատաիրավական բարեփոխումների ծրագրի իրականացման գրասենյակի տնօրեն Արթուր Թունյանի կարծիքով, այդ գումարը քիչ է նախատեսված աշխատանքների կատարման համար, քանի որ «ծրագիրն անընդհատ փոփոխվում է, տարածքները՝ գնալով թանկանում»։ Հնարավոր է, որ բարեփոխումների ողջ ծրագրի համար հատկացված 11,4 մլն դոլարից (որից 4 միլիոնն է նախատեսված շինարարության համար) լրացուցիչ գումար տրամադրվի այս նպատակով եւս։ Արդեն պատրաստ շինություններում «եվրոստանդարտ» պայմաններ են. աշխատակազմի մուտքն՝ առանձին, այցելուներինը՝ առանձին։ Պարոն Թունյանի կարծիքով. «Եթե դատարանի շենքային պայմանները վատ են, դատարանի աշխատանքը վստահություն ու լրջություն չի կարող ներշնչել»։ Այսինքն, եթե դատարանի շենքը «եվրոռեմոնտ»-ով է, նրա կայացրած վճիռն էլ մաքուր է ու արդար։ Անկախ դրանից, այսուհետեւ Երեւանի երկու՝ արդեն շահագործման հանձնված Մալաթիա-Սեբաստիա, եւ նոր-նոր իր համար տարածք գտած Կենտրոն, Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարաններում կայացրած որոշումների վրա կասկածելն (իսկ բողոքարկելը՝ հատկապես), կարելի է ասել, սրբապղծություն կլինի։ Որովհետեւ երկու դատարաններն էլ գտնվում են եկեղեցիներին կիպ կպած, մեկը՝ սրբ. Մարիամ Աստվածածնի, մյուսը՝ Գրիգոր Լուսավորչի։ Եվ ոնց էլ լինի, Աստծո տաճարներից խղճի, արդարամտության մի ցոլք կընկնի դատարանի պատուհաններով ներս, դա էլ բավական է։ Ի դեպ, մինչեւ նոր բնակավայր տեղափոխվելը Մալաթիա-Սեբաստիա համայնքների առաջին ատյանի դատարանը երկար տարիներ զբաղեցնում էր անասնապահական ֆերմայի գրասենյակը, շրջապատված համապատասխան կենդանիների բույրերով։ Ինչ վերաբերում է դատարանների կահավորանքին, ապա այս հարցում բարեփոխումները «պահպանողական» բնույթ են կրում՝ նույն փայտե նստարանները, նույն թուղթ ու գրիչը, դատավորի նույն մուրճիկը։ Միայն թե, ըստ բարեփոխումների ծրագրի իրականացման գրասենյակի ղեկավարի, այս փայտե նստարաններն ավելի հարմարավետ են (գուցե պատրաստված են առավել փափո՞ւկ բնափայտից ու կոշտ չե՞ն)։ Իսկ համակարգիչների հարցում ծրագրի կատարման ավարտից հետո երեւի թե շատուշատ դատավորներ, մնալով առանց համակարգիչների, կհետեւեն դատախազության իրենց գործընկերների մի մասի օրինակին՝ կաշխատեն սեփական միջոցներով ձեռք բերված համակարգիչներով։ Այստեղ նույնպես պատճառն այն է, որ ծրագրում ընդգրկված չեն բոլոր դատարանները։ «Մենք ավելի մեծ ուշադրություն դարձրել ենք Երեւանի դատարաններին, որովհետեւ տնտեսական, պետական եւ այլ մարմինները կենտրոնացած են մայրաքաղաքում, հետեւաբար, վեճերը ծագում եւ քննվում են հիմնականում մայրաքաղաքի դատարաններում»,- ասաց Արթուր Թունյանը։ Դատաիրավական համակարգի շենքերի ու շինությունների վերակառուցման-վերանորոգման աշխատանքները նախատեսված է ավարտել 2004-ի դեկտեմբերին, բայց, ըստ գրասենյակի տնօրենի, հնարավոր է, որ այդ ժամկետը հետաձգվի, «քանի որ նման ծրագրերը, որպես կանոն, երկարաձգվում են 1-2 տարով, որովհետեւ ցանկությունները միշտ չէ, որ համընկնում են հնարավորությունների հետ»։ Ծրագրի մեկ այլ ուղղությամբ էլ դատարանների շենքեր են կառուցվում աղետի գոտում, որպեսզի «դատավորը ստիպված չլինի 4 քառակուսի մետրանոց դոմիկում դատ անել»։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ