Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի պետության հաղթանակը

Ապրիլ 19,2003 00:00

Հայաստանի պետության հաղթանակը ՍԴ որոշումը ցույց կտա՝ արդյո՞ք Հայաստանի Երրորդ Հանրապետությունն արժանի է Հայաստանի ժողովրդին»: Սա գրվել էր մարտի 5-ին, երբ ՍԴ-ում սկսվեց Ստեփան Դեմիրճյանի դիմումով գործի քննությունը: Այժմ՝ ՍԴ որոշման կայացումից հետո կարելի է ասել՝ արժանի է: Իհարկե ՍԴ որոշումը ճշմարտության եւ ժողովրդի հաղթանակ չէր: Ճշմարտությունն այն է, որ Քոչարյանը նախագահ է հռչակվել ընտրակեղծիքի արդյունքում, եւ ժողովուրդը հաղթություն կտոներ, եթե այդ ընտրությունները համարվեին անվավեր: Սակայն ՍԴ որոշումը ողջամտության եւ պետության հաղթանակ էր: ՍԴ-ն ողջամտություն ցուցաբերեց երկրի պետական էսթաբլիշմենթը ցնցումից զերծ պահելու: Հասարակության համար, իհարկե, Քոչարյանի ներկայությունն իսկ Բաղրամյան 26 հասցեում ցնցումների նախադրյալ է: Մինչդեռ պետական ինստիտուտները ենթակա են բուրգի տրամաբանության: Ընտրությունները անվավեր ճանաչելը բուրգը գլխատել է նշանակում, եւ հետեւող զարգացումներն առավել սպասելի է, որ հեղափոխականության բնույթ կրեն, քան էվոլյուցիայի: Սահմանադրական դատարանը, գտնվելով հարգանք ներշնչող բարձրության վրա, մի կողմից՝ արձանագրեց ընտրությունների ընթացքում կատարված իրավախախտումներն ու հանցագործությունները՝ իրավական ու բարոյական նորմերն անցած քարոզչությունից մինչեւ «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի» ոտնահարմամբ կատարված խաղաղ երթերի մասնակիցների ձերբակալություններ, քվեաթերթիկների լցոնումից, ձայների սխալ հաշվարկից, այլոց փոխարեն քվեարկության դեպքերից՝ մինչեւ ընտրական հանձնաժողովների եւ ընդհանուր իրավասության դատարանների կողմից օրենքի պահանջների չկատարումը: Շուրջ 40 տեղամասերում ընտրակեղծիքներ իրականացրած անձանց բացահայտելու եւ օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու համար ՀՀ Գլխավոր դատախազությանն են տրամադրվում նյութեր՝ համալիր քննություն կազմակերպելու եւ մինչեւ մայիսի 20-ը արդյունքների մասին ՍԴ-ին ու հանրությանը տեղյակ պահելու համար: /Գլխավոր դատախազությունը դրանից խելագարվել էր այնքան, որ ՍԴ որոշմանը որակումներ ու մեկնաբանություններ, ՍԴ-ին էլ՝ լիազորությունների վերաբերյալ դասեր էր տվել: Դե, եթե մեկին պատժեն՝ մյուսները անպատժելիության երաշխիքներին կհավատա՞ն, խորհրդարանական ընտրություններում կեղծիքի ու հանցագործությունների տեխնոլոգիաները ի՞նչ արդյունավետությամբ կաշխատեն/: ՍԴ որոշման մեջ հանցագործությունների հասցեները մատնանշված են, եւ եթե անպատժելիությունը շարունակվի, հովանավորը՝ Հայաստանի առջեւ թե աշխարհի՝ միարժեքորեն Քոչարյանն է: Մյուս կողմից՝ նույն այդ Քոչարյանին իշխանությունից հեռացնելու համար խաղաղ, առանց ցնցումների, էվոլյուցիոն ելք է մատնանշված: Դժվար է ասել՝ Հուսեյնն էր ավելի ատելի Իրաքում, թե Քոչարյանը Հայաստանում, եւ վերջին հաշվով վստահություն չվայելող բոլոր ռեժիմներն էլ՝ մի ճանապարհով թե մյուս՝ տապալվում են, բայց ՍԴ որոշման մեջ ուղի է նշված ժողովրդի իշխանության անմիջական գործադրմամբ, օրինական ընթացակարգով իշխանափոխություն իրականացնելու: Իրոք միայն հազարամյակների քաղաքակրթություն ունեցող եւ քրիստոնեական հանդուրժողականությամբ օծյալ երկրում էր դա հնարավոր: Ժողովրդին, ընդսմին, միայն հարկավոր է նախագահականի ակտիվությամբ մասնակցել խորհրդարանական ընտրություններին: Թե ժողովրդի ձայնը ում կտրվի, կարծում ենք, «Նկարենք միասին» կարգախոսի իրականացնողներն էլ պատրանք չունեն: Մնացյալը մեկ տարվա մեջ արդեն ինքնահոսի ընթացք է: Եթե իհարկե մի հրաշքով Քոչարյանը խոսքով ու գործով հրեշտակի չկերպարանափոխվի: Իսկ խորհրդարանական ընտրություններում ե՛ւ արդյունքներ կեղծելն է տեխնոլոգիապես ավելի բարդ, ե՛ւ նախագահականի պատմությունը կրկնվելու դեպքում Հայաստանը Եվրախորհրդից հեռացնելու վերջնագիր է դրված /ԼՂՀ-ի համար բխող հետեւանքներով/, ե՛ւ ընտրություններ անվավեր ճանաչելու կիսաքայլ կատարած ՍԴ-ն դժվար թե բարդույթ ունենա իրերին իրենց գնահատականները տալու: Առավել եւս, մարտի 16-ի որոշմանն ի պատասխան՝ շնորհակալության փոխարեն իշխանությունների բարձրացրած հայհոյանք-զառանցանքից հետո: Ամփոփելով ՍԴ որոշմամբ հաղթեց ողջամտությունը, որովհետեւ ռեժիմից ազատվելու ժողովրդավարական ուղի առաջարկվեց՝ ֆորմալ առումով նորընտիր ԱԺ-ին եւ նախագահին, իսկ իրականում ժողովրդին: ՍԴ որոշումը նաեւ, ինչն ամենաէականն է եւ առաջնայինը, պետության հաղթանակն է: Այն ցույց տվեց, որ տոտալիտար անցյալից եկող մի երկրում, աղետի, պատերազմի, հասարակարգի տրանսֆորմացիայի, հեղաշրջման ու քաղաքական սպանությունների մեջ անգամ Հայաստանի ժողովուրդը կերտել է պետություն, որտեղ նույնիսկ նախագահական աթոռը բռնազավթելուց հետո հնարավոր չէ բռնանալ պետությանը: Նախկին սոցճամբարի որեւէ երկրում կարողացե՞լ են «լուկաշենկոների» ընդդիմանալ: Կարողացան Հայաստանում: Կարողացավ եւ ժողովուրդը, եւ պետությունը՝ ի դեմս ՍԴ-ի: Ավելին՝ կարելի է վստահ լինել, որ ՍԴ որոշումով ոչ միայն վերականգնվեց Հայաստանի հեղինակությունը միջազգային ասպարեզում նախագահական ընտրություններին հետեւած աննախադեպ քննադատություններից եւ վարկաբեկումից հետո, այլեւ ՍԴ-ն իր ցուցաբերած հավասարակշռվածությամբ, իրավական գրագիտությամբ եւ հասարակական բախումը հանգուցալուծելու կարողությամբ երեւի թե Հայաստանը օրինակելի դարձրեց ետխորհրդային երկրների համար: Ինչ վերաբերում է Քոչարյանին, վերջինիս քարոզչական ջղագարությունը ցույց է տալիս, որ ՍԴ որոշման քաղաքական հետեւանքը գիտակցել է: Ընտրական վեճ լուծելու արդյունքում «վստահության հանրաքվե» առաջարկել, նշանակում է՝ պաշտոնավարող նախագահին վերածել նախագահի պաշտոնակատարի՝ ուղղափառ խաչ դնելով վերջինիս լեգիտիմության վրա: Բայց Քոչարյանը պետք է շնորհակալ լինի, որովհետեւ իր նկարած տոկոսներն ընդհանրապես արժանի էին անվավեր ճանաչվելու: Ապերախտությունն էլ, ի դեպ, վատ խորհրդատու է: ԼՈՒՍԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել