Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔՆԵՐԻ ԴԵՐԸ ՆՎԱԶԵ՞Լ Է

Ապրիլ 19,2003 00:00

ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔՆԵՐԻ ԴԵՐԸ ՆՎԱԶԵ՞Լ Է Թիվ 8 ընտրատարածքում ՀՀՇ-ն առաջադրել է անկուսակցական, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանին: Բավական բարդ ընտրատարածք է սա, որտեղ միմյանց դեմ են պայքարում ե՛ւ ընդդիմության երկու թեկնածուներ՝ Էմմա Խուդաբաշյանն ու Աղասի Արշակյանը, ե՛ւ Ռոբերտ Քոչարյանի երկու կողմնակիցներ՝ Ռուբեն Գեւորգյանն (ընտրությունների երկրորդ փուլում նա աշխատում էր Քոչարյանի Դավիթաշենի շտաբում) ու Հարություն Փամբուկյանը, որոնց լծակներն ու նյութական հնարավորությունները, բնականաբար, անհամեմատելի են մնացած թեկնածուների հետ: Ուստի եւ նման մրցակցության մեջ մտնելը թվում է վաղօրոք կանխորոշված ելքով բավական անհեռանկար զբաղմունք: Սակայն այս կարգի մեր հարցադրումներին պատասխանել Ստեփան Գրիգորյանը հակված չէր՝ միայն չհամաձայնեց, թե հնարավորությունները փոքր են հաղթելու նման ծանր մրցակցությունում: Փոխարենը ներկայացրեց, թե ինչու է որոշել մասնակցել ընտրապայքարին. «Համարում եմ, որ այս ընտրարշավում իմ եւ քաղաքականությամբ զբաղվող մարդկանց գլխավոր նպատակը պետք է լինի ժողովրդին բացատրելը, թե ինչ մարմին է խորհրդարանը եւ ինչով պետք է զբաղվի, քանի որ վերջին մի քանի տարվա զարգացումները ցույց տվեցին, որ մոռացվել է ԱԺ գլխավոր դերը: Մոռացվել է, որ ԱԺ-ում պիտի ներկայացված լինեն առաջին հերթին՝ քաղաքական ուժերը եւ դեմքերը, քաղաքագետներն ու իրավաբանները, այսինքն՝ օրենքներ գրողներն ու քաղաքականությամբ զբաղվողները: Սա՛ պիտի լինի գլխավոր նպատակը ընդդիմության, առաջին հերթին՝ ՀՀՇ-ի, «Արդարություն» դաշինքի եւ կուսակցության դասական սահմանմանը համապատասխանող ուժերի»: Ստեփան Գրիգորյանի ներկայացմամբ՝ իր վստահված անձինք ստորագրահավաքի ընթացքում հայտնաբերել են շատ հետաքրքիր միտումներ. «Պարզ երեւում է, որ մարդիկ իրոք հոգնած են ընտրակաշառքներից եւ կեղծ խոստումներից: Օրինակ՝ Աջափնյակի մի շենքի բնակիչները պատմեցին, որ 1999-ին պատգամավորության թեկնածուներից մեկը խոստացավ վերանորոգել տանիքը, բերեց բակում շարեց շինանյութեր, բայց ընտրություններից մի քանի օր հետո տարավ: Շատ կարեւոր է, որ մարդիկ հիշում են դա, որ իրենց տրվել են խոստումներ, որոնք չեն կատարվել: Վերջին տարվա զարգացումները մարդկանց նաեւ ցույց տվեցին, թե ինչքան ծանր հետեւանքների են հանգեցնում կեղծ խոստումները եւ ընտրակաշառքները: Տեսեք՝ նախագահի ընտրության ժամանակ ի՜նչ խոստումներ էին տրվում ասֆալտապատման վերաբերյալ, իսկ թե ի՛նչ վիճակում են այժմ փողոցները՝ տեսնում եք: Կամ՝ եթե որեւէ մեկը միամիտ է այնքան, որ մտածում է, թե պատահական են գազի, բենզինի եւ մթերքների գնի բարձրացումները՝ չարաչար սխալվում է: Այն մարդիկ, ովքեր ծախսեր էին արել եւ ընտրակաշառքներով էին ցանկանում նախագահի ընտրության ժամանակ առնել ժողովրդի ձայները՝ հիմա հետ են բերում այդ փողերը: Եվ իշխանավորներն անգամ դադար չտվեցին, որ մարդիկ գուցե մոռանան ու այդ ընտրակաշառքը չկապեն գների ներկայիս բարձրացման հետ: Այն, որ ժողովուրդն այժմ զգում է ընտրակաշառք-խոստում-վատ ապրելակերպ անմիջական կապը՝ ինձ հույսեր է ներշնչում, որ այս ընտրարշավի ժամանակ նորմալ քաղաքական գործիչները կունենան լուրջ շանսեր»: Ստեփան Գրիգորյանն անդրադարձավ նաեւ իր վստահված անձանց արձանագրած այլ միտումների, որոնք վերաբերում են ԱԺ-ում մեծահարուստների ավելացող ներգրավվածության հետեւանքներին. «Մեծահարուստներն ԱԺ-ում զբաղեցնելով քաղաքական պաշտոն՝ այն օգտագործում, ներազդում են օրենքների ընդունման գործընթացի վրա, նաեւ ազդեցություն ձեռք բերում ոստիկանության եւ հարկային ոլորտի վրա ու ճնշում միջին եւ մանր գործարարներին: Իմ վստահված անձինք հարյուրավոր նման անձանց են հանդիպել ստորագրահավաքի ժամանակ: Դա շատ կարեւոր է՝ այն մարդը, որ ինչ-որ փոքր խանութ ունի եւ 1-2 հոգու է աշխատեցնում՝ տեսնում է այդ կապը, որ մեծահարուստը, մտնելով ԱԺ՝ իրեն վանում է տնտեսական դաշտից, քանի որ չի ցանկանում հավասար մրցակցել»: Մեր զրուցակցի մեկ այլ դիտարկում, անկեղծ ասած, թվում է առնվազն բավական լավատեսական. «Ժողովուրդը սկսում է իրոք հասկանալ, թե ասֆալտապատելը չի մտնում պատգամավորական լիազորությունների մեջ: Նաեւ սա է հույս տալիս, թե ընտրությունները կանցնեն առավել քաղաքական շեշտադրումներով»: Սակայն այս ընտրատարածքում արդեն իսկ կան ընտրակաշառքի դրսեւորումներ՝ ասենք, վերելակներ նորոգելու խոստումներ են տրվում կամ ֆիզիկայի ինստիտուտի բանավանի տարածքում մալուխ անցկացնում: «Ինձ զարմացնում է, որ մեր ընտրատարածքում իրոք բավական ակտիվացել են էլեկտրացանցի աշխատակիցները,- ասաց պրն Գրիգորյանը:- Մեկ անգամ եւս բոլորին հիշեցնեմ, որ ընտրարշավը քաղաքակա՛ն գործընթաց է, որին պիտի մասնակցեն քաղաքակա՛ն սուբյեկտները եւ ոչ թե էլեկտրիկները կամ համատիրությունների աշխատակիցները: Բացի այդ՝ նաեւ 1999-ին գործադիր մարմինների աշխատակիցների «ակտիվացման» հետեւանքն է, որ այսօր ԲԷՑ-երն ահավոր ծանր վիճակում են: Այդ մարդիկ թող զբաղվեն այդ հարցերով, այլ ոչ թե քաղաքականությամբ»: Այս ընտրատարածքում անգամ արդեն բռնությունների փորձեր են արձանագրվել. «Համարում եմ, որ շատ կարեւոր է, որ իշխանությունները զբաղվեն խախտումների այդ փաստերով: Եվ եթե թեկնածուներից ինչ-որ մեկն, ասենք, արդեն իսկ ժամկետից շուտ քարոզչություն է սկսել՝ դրանով պետք է զբաղվեն ոչ թե մյուս թեկնածուները, այլ իրավապահները: Իմ գործառույթների մեջ դա չի մտնում»: Ի դեպ, թեեւ նրան առաջադրել է ՀՀՇ-ն, սակայն մեր զրուցակիցը պնդում է, որ իր թիմում առկա են անգամ Ռոբերտ Քոչարյանի կամ Արտաշես Գեղամյանի վստահված անձինք: Մեր հարցին՝ «Նախագահի ընտրությունն էլ ապացուցեց, որ Հայաստանում ընտրական համակարգը լիովին է ջախջախված: Եվ զարմանալի է, որ անգամ լրջմիտ քաղաքական գործիչները կարող են հուսալ, թե արդար ընտրություններ են լինելու, եւ իրենք էլ հանգիստ անցնելու են ԱԺ»՝ Ստեփան Գրիգորյանը պատասխանեց. «Նախ՝ պետք չէ մոռանալ, որ ե՛ւ ԵԱՀԿ-ն, ե՛ւ Եվրախորհուրդը եռապատկել են իրենց դիտորդական առաքելությունները: Մենք բոլորս իրոք լավ ենք հասկանում, որ ընտրական համակարգը շատ ծանր վիճակում է: Բայց համոզված եմ, որ նույնիսկ իշխանության մեջ կան մարդիկ, ովքեր հասկանում են՝ եթե չօգտագործեն համեմատաբար կարգին ընտրություններ անցկացնելու այս վերջին հնարավորությունը, հավաստիացնում եմ՝ դա լուրջ հետեւանքներ կունենա ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ իրենց համար, եւ ուրիշ կերպ կխոսեն ներկա իշխանության հետ»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել