«ԿԱՏԱՐԵՑԻՆՔ ԱՇԽԱՏԱՆՔ, ՈՐՆ ԱՐԴՅՈՒՆՔ ՏՎԵՑ» Հարցազրույց ՀՀ վարչապետ, ՀՀԿ խորհրդի նախագահ Անդրանիկ Մարգարյանի հետ -Պրն վարչապետ, խորհրդարանական ընտրություններից առաջ, հերթական անգամ, Հանրապետական կուսակցությունը հայտնվել է շահեկան վիճակում։ 98-ին Վազգեն Սարգսյանը կանգնեց ՀՀԿ-ի կողքին եւ բավականին մեծ թվով հանրապետականներ հայտնվեցին խորհրդարանում։ Այսօր դուք գործադիր մարմնի ղեկավարն եք եւ, անշուշտ, կօգտագործեք ձեր լծակները՝ ՀՀԿ-ի համար ապագա խորհրդարանում առավելագույն տեղեր ապահովելու համար։ – Շահեկան վիճակում պատահական չեն լինում, դա պատվերով չի լինում, մեր կուսակցությունը որոշակի ճանապարհ է անցել, որոշակի քայլերի պատրաստ էր, պատասխանատվությունը վերցնելու պատրաստ էր, այդ պատճառով էլ դեռ 98 թվականից սկսած գործընթացները հանրապետականների եւ երկրապահների միջեւ ավարտվեցին Երկրապահի քաղաքական մասի եւ Հանրապետականի միացմամբ՝ Վազգենի գլխավորությամբ։ Դա եղավ քաղաքական եւ գաղափարական ընդհանուր հենքի վրա։ Եվ ինչպես կյանքը ցույց տվեց, 99 թվականի հոկտեմբերի 27-ի ողբերգությունից հետո, այն ուժերը, որոնք կարող էին պատասխանատվությունը վերցնել ու շարունակել մեր առաջնորդի գործը, վերցրին պատասխանատվությունը, եւ փորձեցինք շարունակել մեր առաջնորդի գործը։ Թե որքանով դա մեզ հաջողվեց, պետք է ժողովուրդը գնահատի։ Ըստ մեզ՝ կատարեցինք աշխատանք, որն արդյունք տվեց։ Իհարկե, միշտ չէ, որ մարդը գոհ է լինում բոլոր արդյունքներից, սովորաբար, ակնկալիքները քեզնից ավելի շատ են լինում։ Միշտ կարող են լինել օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներ, որոնք պարզապես անհնարին է հաշվի չառնել։ Այսօր ունենք իրավիճակ, որ մեր գնահատմամբ ավելի լավն է, քան այն պահին, երբ 99 թվականին Վազգենը ստանձնեց վարչապետի պաշտոնը։ Վարչապետ լինելու հանգամանքը, այսինքն՝ իշխանական լծակներն օգտագործելու հանգամանքն ԱԺ ընտրությունների ժամանակ պայմանավորված է մեր ապրած կյանքով, մեր գործունեությամբ, ստեղծված իրավիճակով։ Հնարավոր չէ ամեն ընտրությունից առաջ ջնջել այն, ինչ եղել է, վերցնել մաքուր թուղթ եւ փորձել պայմանավորվածություններ ձեռք բերել մյուս կուսակցությունների հետ եւ ասել հավասար, մասերի ենք բաժանում։ Պայմանավորվածությունները պետք է լինեն ռեալության մեջ եւ արդյունքները պետք է լինեն՝ գնահատելով անցած ճանապարհը, վերցրած պատասխանատվության չափը եւ այն հարվածները, որ կուսակցությունն այս երեք տարիների ընթացքում կրել է։ Ի՞նչ է նշանակում՝ իշխանական լծակները կօգտագործենք։ Հանրապետականը վերցրել էր պատասխանատվություն, փորձել է կազմավորել կառավարություն (իհարկե, մեր կառավարության ոչ ՀՀԿ անդամ նախարարները եւս ստանձնել են պատասխանատվություն, իրագործել նաեւ Հանրապետականի եւ «Միասնության» ծրագրերը) եւ այդ կառավարությունն իր ազդեցությունը, իր հարաբերությունները, իհարկե, կօգտագործի, իհարկե՝ օրենքի սահմաններում, եւ ոչ թե պաշտոնական դիրքը չարաշահելով։ Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե ե՞րբ է մարդը պաշտոնական դիրքը չարաշահում եւ հնարավոր է արտաքուստ ասի՝ «այո», իրականում կատարի այլ ընտրություն։ – Թեպետ նախագահական ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն նույն նպատակին էին ծառայում՝ նախագահի աթոռին թողնել Ռոբերտ Քոչարյանին, սակայն դեռ այն ժամանակվանից նկատելի էին այդ երկու կուսակցությունների միջեւ առկա տարաձայնությունները։ Այս օրերին առճակատումն ավելի է խորանում, յուրաքանչյուրն ուզում է խորհրդարական ընտրությունների արդյունքում առավելագույնս ստանալ։ – Հարցադրմանը համաձայն չեմ, որ առճակատումը խորանում է, հարաբերությունները ոչ թե սրվել են, այլ՝ որոշակի մրցակցություն գոյություն ունի ոչ միայն Դաշնակցության, այլեւ բոլոր կուսակցությունների հետ, ովքեր մասնակցում են խորհրդարանական ընտրությունների նախընտրական պայքարին. դրանք 22 կուսակցություններ եւ դաշինքներ են, ու յուրաքանչյուր կուսակցություն եւ դաշինք մյուսի նկատմամբ ցանկանում է իր առավելությունը ցուցադրել։ Ես սա բնական եմ համարում։ Եթե այդ մրցակցությունը չլիներ, ապա մենք բոլորս կլինեինք մեկ ընդհանուր դաշինքում կամ կուսակցության մեջ։ Ես ԱԺ ընտրությունները գնահատում եմ որպես քաղաքական պայքար։ Կուսակցությունների հնարավորությունների իրացման ձեւը նաեւ ԱԺ ընտրություններն են։ Եվ, բնականաբար, բոլոր քաղաքական ուժերը պետք է փորձեն իրենց կարողություններն ու հնարավորությունները առավելագույնս օգտագործել՝ ավելի մեծ կշիռ ձեռք բերելու քաղաքական դաշտում, որովհետեւ այսօրվա աշխատանքով ձեռք բերված հնարավորությունը իրենցն է լինելու 4-5 տարի շարունակ։ Մրցակցությունը բոլոր կուսակցությունների միջեւ շատ բնական եմ գտնում, այդ թվում Հանրապետականի եւ Դաշնակցության, նաեւ՝ Դաշնակցության եւ «Օրինաց երկրի», Հանրապետականի եւ «Օրինաց երկրի» եւ…: – Այդ ամենը, իհարկե, հասկանալի է, սակայն Հանրապետականի եւ Դաշնակցության միջեւ ոչ թե մրցակցություն է, այլ՝ առճակատում, ընդհուպ բանը հասնում է այնտեղ, որ ՀՅԴ-ում հայտնված գործարարներից մեկը, ասենք՝ Հրանտ Վարդանյանը, խիստ կոնկրետ պահանջներ է դրել ասենք նախագահի առաջ՝ ձեր կուսակցության անդամ որոշ առանցքային նախարարներից ազատվելու մասով։ – Ես չէի ցանկանա որեւէ մի անհատի արտահայտությունները, որ նա արել է ներկուսակցական ինչ-որ հանդիպման, բանավեճի ժամանակ՝ քննարկել։ Ցանկացած անհատ կարող է ցանկացած արտահայտություն անել։ Ես նրա հետ հանդիպել եմ որպես գործարարի, մինչեւ այժմ էլ այդ առումով հարաբերություններ ունեմ: Նա քաղաքականություն Դաշնակցության միջոցով է ոտք դնում։ Ես որպես քաղաքական ուժի ղեկավար, Դաշնակցության հետ հարաբերությունները կառուցում եմ կուսակցության ղեկավար մարմնի հետ՝ Հրանտ Մարգարյանի, Արմեն Ռոստոմյանի, Աղվան Վարդանյանի, Վահան Հովհաննիսյանի։ – Սակայն հայտնի է նաեւ, որ ՀՀԿ համամասնական ցուցակում երկրորդ տեղը զբաղեցրած պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը եւս առանձնապես չի սիրում Դաշնակցությանը։ Արդյո՞ք ՀՀԿ-ՀՅԴ առճակատումը չի բերի Ռ. Քոչարյան-Ս. Սարգսյան առճակատման։ Նկատի ունեմ, որ Ռ. Քոչարյանի աշխատակազմի ղեկավարն էլ 3-րդն է ՀՅԴ ցուցակում։ – Չէ, չեմ կարծում, որովհետեւ եթե որեւէ մեկը շատ է սիրում որեւէ կուսակցություն, ապա անդամակցում է։ Այսինքն՝ անհատի վերաբերմունքը կուսակցության հանդեպ ունի օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ։ Սերժ Սարգսյանի հետ մենք վաղուց ենք համագործակցում, երբ պաշտպանության նախարարն էր Ղարաբաղում, հետո՝ Հայաստանում, նա եղել է Վազգեն Սարգսյանի ընկերներից մեկը եւ այդ ընթացքում մենք միշտ համագործակցել ենք։ Յուրաքանչյուրն ինքն է որոշում, թե որ կուսակցության հետ կարող է կապել իր քաղաքական գործունեությունը։ Սերժ Սարգսյանը որոշեց իր քաղաքական գործունեությունը կապել Հանրապետականի հետ, նա լավ էր ճանաչում ե՛ւ հանրապետականներին, ե՛ւ դաշնակցականներին։ – Ստացվում է, որ Ռոբերտ Քոչարյանն էլ իր քաղաքական գործունեությունը կապել է Դաշնակցությա՞ն հետ, եթե նրա աշխատակազմի ղեկավարը… – Ես չէի ասի, որ եթե նախագահի աշխատակազմի ղեկավարը մեկ կուսակցության ցուցակում է, ուրեմն նախագահն այդ կուսակցության հովանավորն է։ – ԱԺ-ում քանի՞ տոկոսի հավակնություն ունի ձեր գլխավորած կուսակցությունը։ – Տոկոսներով սխալ կլինի խոսել, բայց մենք կփորձենք պահպանել այսօր խորհրդարանում ունեցած տեղերի քանակը եւ, եթե հնարավոր լինի՝ ավելացնել։ – ՀՀԿ-ն, անշուշտ, ձգտելու է գործադիրում պահպանել իր ունեցած լծակները, այդ թվում նաեւ՝ վարչապետի պաշտոնը, սակայն, ըստ որոշ տեսակետների՝ դուք կզրկվեք վարչապետի պաշտոնից եւ կզբաղեցնեք ԱԺ նախագահի աթոռը։ – Ընտրություններից առաջ երբեք ոչ մի պաշտոն չի «բաժանվում»՝ ո՛չ վարչապետի, ո՛չ ԱԺ նախագահի, ո՛չ էլ հանձնաժողովի նախագահի։ Բայց եթե այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ Հանրապետական կուսակցությունն ԱԺ ընտրությունների արդյունքում ստանա բավարար քանակությամբ պատգամավորական տեղեր եւ ՀՀԿ-ին առաջարկվի որեւէ պաշտոն՝ նա կընտրի վարչապետի պաշտոնը։ – Հնարավո՞ր է ՀՀԿ-ն նոր խորհրդարանում վերամիավորվի իր նախկին դաշնակցի՝ ՀԺԿ-ի, նաեւ «Հանրապետություն» կուսակցության հետ։ – Կյանքում ես ոչ մի բանից չեմ զարմանում, այնքան բան եմ տեսել՝ 180 աստիճանի շեղումներ, նույնիսկ 360 աստիճանի, փոփոխություններ։ Ես հետագա զարգացումները չեմ ցանկանում գուշակել, բայց եթե մենք դաշնակիցներ լինեինք, ապա դրա հնարավորությունն ավելի շատ ունեինք նախագահական ընտրությունների ժամանակ։ Տեսականորեն չբացառելով ցանկացած ուժի հետ համագործակցությունը, այսօր ռեալ չեմ համարում, որ այդպիսի բան հնարավոր է։ – Ինչպե՞ս եք գնահատում ՍԴ որոշումը՝ Ստեփան Դեմիրճյանի դիմումի պատասխանը, ըստ էության, խիստ հակասական էր, եւ ՍԴ-ի վճիռը Ռոբերտ Քոչարյանին լեգիտիմ չդարձրեց։ – ՍԴ որոշման հետ կապված ես իմ կարծիքն ասել եմ. ես գտնում եմ, որ այսօրվա (երեկվա.- Մ. Ե.) իր մամուլի ասուլիսի ժամանակ Գագիկ Հարությունյանն իմ բարձրացրած հարցերի պատասխանն այդպես էլ չի տվել։ ՍԴ-ն պարտավոր էր հարցին պատասխանել եւ ոչ թե իր եզրակացություններն ու մտորումներն արտահայտեր որոշման մեջ, իրավունք չուներ: – Որպես գործադիր մարմնի ղեկավար եւ որպես «27»-ի գործով տուժած, հետաքրքրվե՞լ եք, թե ինչու է դադարեցված «27»-ի գործով ընթացող դատավարությունը։ Արդյոք սա՞ է ընտրված որպես մոռացման ձեւ։ – Ընտրությունների ժամանակ ընդդիմությունն անհարկի շահարկումների առարկա է դարձրել «Հոկտեմբերի 27»-ը։ Դատավարության ընդհատումը երբեք չի նշանակում փաստի մոռացում։ Ես, օրինակ, ե՛ւ ֆիզիկապես, ե՛ւ հոգեպես եմ իմ վրա զգում «27»-ի հետեւանքները, որովհետեւ զոհվածներն իմ ընկերներն են, եւ եթե Վազգենը չզոհվեր, ես այստեղ գործ չէի ունենա։ Եվ երբ ծանր վիճակում եմ լինում, սկսում եմ ե՛ւ բարձրաձայն, ե՛ւ մտքումս հայհոյել այն մարդկանց, ովքեր այս վիճակի մեջ դրեցին պետությունը։ Բայց որպես քաղաքական եւ պետական գործիչ, ես պետք է զսպեմ ինձ զգացմունքներին տրվելու գայթակղությունից։ Կասկածների եւ վրեժի հիման վրա չի կարելի քաղաքական որոշում կայացնել։ Հասկանում եմ բոլորի ցավը, ինչպես ես զգում եմ Վազգենի եւ Յուրայի ցավը, նաեւ մնացածների ցավը, բայց այս ամենը կապել ընտրությունների հետ, ճիշտ չեմ համարում։ – Պրն վարչապետ, դուք ձեզ վիրավորված չե՞ք զգում, որ տնտեսական աճի, ներդրումների եւ այլնի մասին խոսում է երկրի նախագահը եւ ոչ թե գործադիր մարմնի ղեկավարը։ – Ով կարդացել է Սահմանադրությունը, պիտի իմանա, որ գործադիր մարմնի գլուխը նախագահն է։ Տնտեսական ցուցանիշները ո՛չ նախագահինն են, ո՛չ էլ վարչապետինը, այլ՝ գործադիր իշխանությանը, որի համար երկուսս էլ հավասարաչափ պատասխանատվություն ունենք։ Եվ այն, ինչ ասում է նախագահը, եթե ուշադիր լինեք, կնկատեք, որ ասում է՝ նաեւ կառավարության անունից, իսկ կառավարությունը ղեկավարում է վարչապետը։ Եվ այս առումով եթե մենք համամիտ չլինենք, մեր երեք տարվա աշխատանքը չէր ստացվի, եւ այն ցուցանիշները, որ մենք ունենք, չէին լինի։ – Ձեր կարծիքով, մարդը պաշտպանվա՞ծ է մեր կյանքում։ – Այո, պաշտպանված է, այսօր մարդն ավելի շատ է պաշտպանված, քան խորհրդային տարիներին։ Հիմա, այսօր ինչ-որ կատարվում է, եթե կատարվեր խորհրդային տարիներին, բոլորին տնով-տեղով, բարեկամությամբ կաքսորեին կամ կկոտորեին։ Այսօրվա մարդու տնտեսական շահերն էլ, քաղաքացիական իրավունքներն էլ պաշտպանված են: Մեր երկրում այդ իրավունքներն ավելի շատ են պաշտպանված, քան մեր հարեւան երկրներում, մինչեւ անգամ՝ ԱՊՀ։ Հարցազրույցը վարեց ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ