ԸՆԴՈՒՆԵԼԻ՛ ԼԻՆԻ «Վաղն այս աթոռի համար կռիվ եք տալու, եկեք հանգիստ քվեարկեք», «Վայելեք պատգամավորական վերջին հաճույքները»: Երեկ պատգամավորներին այսպիսի «գայթակղիչ» կոչերով փորձում էր քվեարկության բերման ենթարկել ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանը, ինչը սակայն այնքան էլ ազդու չէր: Ա. Խաչատրյանի նման փութաջանության պատճառը, թերեւս, նախորդ շաբաթ ԱԺ փոխխոսնակ Տիգրան Թորոսյանի այն կշտամբանքներն էին, թե ԱԺ նախագահ լինելն ամենեւին էլ մեխանիկորեն օրինագծերի վրայով «անցնելը» չէ, այլ այն մթնոլորտի ստեղծումը, ինչը կապահովի անհրաժեշտ «արդյունավետություն»: «Քրեական օրենսգիրքը» երեկ վերջապես հաջողվեց երեք ընթերցմամբ ընդունել, ինչը սակայն տեւեց շուրջ 6 ժամ: Յուրաքանչյուր 20 րոպեի ընթացքում ԱԺ խումբ-խմբակցություններից մեկի ներկայացուցիչը 20 րոպե ընդմիջում էր խնդրում՝ գիտակցելով, որ օրինագիծը քվեարկության ներկայացնելու դեպքում այն դարձյալ՝ քվորումի բացայկայության պատճառով, չէր ընդունվելու: Առաջին ընթերցմամբ օրինագիծը քվեարկելուց հետո դահլիճում վեճի բռնվեցին Արմեն Խաչատրյանն ու Արշակ Սադոյանը, որոնց կարճ ժամանակով միացավ նաեւ «Հայաստան» խմբի նախագահ Մյասնիկ Մալխասյանը: «Սա Ազգային ժողո՞վ է, թե՞ խեղկատակություն»,- Արմեն Խաչատրյանին դիմեց Արշակ Սադոյանը՝ ավելացնելով, որ ԱԺ-ն զբաղված է զուտ «լեզվավարժանքով»: Մինչ Ա. Խաչատրյանը կհասցներ պատասխանել Ա. Սադոյանին, արդեն խոսափողի մոտ էր Մ. Մալխասյանը, որն անջատված բարձրախոսը պինդ բռնած բղավում էր. «Այստեղ այդքան մարդ չկա: Դու խեղկատակի ես վերածում այս ամեն ինչը: Ձեզ ո՞վ է թույլ տվել վարման կարգը խախտել»: Արմեն Խաչատրյանն Ա. Սադոյանին պատասխանելու «հարցը» հետաձգելով, անցավ Մ. Մալխասյանին. «Դու»-ով մի՛ խոսեք: Ավելորդ արտահայտություններ թույլ չտաս հանկարծ, էղա՞վ»: Իսկ հետո անդրադառնալով Արշակ Սադոյանին՝ ԱԺ խոսնակը նետեց. «Ձեր ողջ կենսագրությունը խեղկատակություն է»: Եվ այս «երկխոսությունը» տեղի էր ունենում դահլիճում, սակայն միայն Ա. Խաչատրյանն էր իր պատասխանները հնչեցնում բարձրախոսով: ԱԺ նախագահը դժգոհեց, թե «լավ է թատրոն, քան սենց Ազգային ժողով», ինչը լրացնելու համար խոսափողին մոտեցավ ՀՅԴ պատգամավոր Կիմ Բալայանը՝ հայտարարելով, թե ԱԺ-ում կա մեկ դերասան՝ Արշակ Սադոյան անունով եւ բազմաթիվ հանդիսատեսներ: Արշակ Սադոյանին էլ ավելի էր վրդովեցնում Ա. Խաչատրյանի այն մոտեցումը, որ նա բարձրախոսով արտահայտվելու իրավունք էր տալիս միայն այն պատգամավորներին, որոնք ելույթ էին ունենում նրա «օգտին»: «Սա ի՞նչ է, ինչի՞ նման է»,- ասաց Ա. Սադոյանը: Օրինագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու ժամանակահատվածում պատգամավորներից միայն Ա. Սադոյանն էր առաջարկությամբ հանդես եկել՝ կառավարությանն առաջարկելով այդքան մեծ «նշանակություն» ունեցող օրինագծի ընդունումը վերապահել նորընտիր խորհրդարանին: Մ. Գրիգորյանը սակայն նշեց, թե «հասարակության մեջ վստահության մթնոլորտի ամրապնդման անհրաժեշտությունից անգամ ելնելով», իրենք օրենսգրքի ընդունումը համարում են հրատապ հենց այսօր. «Դա հրատապ է հենց այսօր, ոչ թե ապագայի կտրվածքով: «Քրեական օրենսգրքի» նախագիծը չափազանց լուրջ փաստաթուղթ է, որը կազմավորման երկար ու դժվարին ճանապարհ է կտրել, անցել է մի շարք փորձաքննություններ, եւ կարծում եմ, հետագա ձգձգումները բոլորովին չեն նպաստի մեր հասարակական կյանքի զարգացման նկատառումներին»,- հայտարարեց նա՝ չմատնանշելով գոնե մեկ հանգամանք, որը չընդունվելու դեպքում կարող էր խոչընդոտել հասարակական կյանքի զարգացումը: Միքայել Գրիգորյանի հավաստմամբ, պատգամավորների այն մտահոգությունները, թե կառավարությունը փորձում է հապճեպ անցկացնել «Քրեական օրենսգիրքը»՝ միանգամայն «ավելորդ» են. «Օրենսգրքում մենք օգտագործել ենք ողջ իրավաբանական մտքի պահուստը, այն, ինչ մեր հանրապետությունում կա: Եվ այն բավանաչափ հաջողված ակտ է: Ընդհակառակը, շատ կարդինալ ձեւով ենք աշխատել եւ որեւէ հապճեպության մասին խոսելն այստեղ միանգամայն ավելորդ է»,- հայտարարեց նա՝ ավելացնելով, որ ինքը քրեական իրավունքի պրոբլեմներով զբաղվել է իր «ամբողջ գիտակցական կյանքի ընթացքում»: Նշենք, որ օրինագիծը որեւէ փոփոխության չի ենթարկվել նախորդ երկու շաբաթների ընթացքում, ինչի անհրաժեշտությունն, ըստ Մ.Գրիգորյանի՝ չկար: Բացի այդ, նա նշեց, որ այս օրինագիծը բոլորովին նոր է, եւ «հնի» հետ կապ չունի. «Ասել, թե ժառանգականության առումով կապ չունի հնի հետ, սխալ կլինի, բայց դա նրա նոր խմբագրությունը չէ, նրա կատարելագործված տեսակը չէ, այլ սկզբունքորեն նոր «Քրեական օրենսգիրք» է»,- ասաց Մ. Գրիգորյանը: Իսկ վերջում, երբ Մ. Գրիգորյանը պատգամավորներին կոչ արեց ընդունել այն, Արմեն Խաչատրյանն արձագանքեց. «Ընդունելի՛ լինի»: Եղա՛վ: Դահլիճում ներկա ընդդիմադիր պատգամավորները բոյկոտեցին օրինագծի ընդունումն ու չմասնակցեցին քվեարկությանը: ԼԻԼԻԹ ՍԵՅՐԱՆՅԱՆ