Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆՏՐԱԿԱՆ ԽՈՐԱՄԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ապրիլ 19,2003 00:00

ԸՆՏՐԱԿԱՆ ԽՈՐԱՄԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ Մերժել են գրանցել պատգամավորության թեկնածու Արմեն Զավենի Սարգսյանի թեկնածությունը: Արարատի թիվ 25 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու էր գրանցվել Արմեն Սարգսյանը, որն այժմ մեղադրվում է Տիգրան Նաղդալյանի սպանության կազմակերպման մեջ: Բնականաբար, քիչ էր հավանական, թե նրա թեկնածությունը գրանցվեր, քանի որ այդ դեպքում Արմեն Սարգսյանի խափանման միջոցը պետք է փոխվեր, եւ նա պիտի հնարավորություն ստանար մասնակցել քարոզարշավին: Մինչդեռ նման փորձերը՝ սկսած դաշնակցական Վահան Հովհաննիսյանից, որը «31»-ի գործով՝ պետական-հասարակական կարգը բռնի փոխելու նպատակով ձեռնարկված գործողությունների համար մեղադրվելուն զուգընթաց՝ փորձում էր գրանցվել իբրեւ պատգամավորության թեկնածու, վերջացրած Վանո Սիրադեղյանով՝ դեռ հաջողությամբ չեն պսակվել եւ ոչ մեկի համար: Ու որեւէ մեղադրյալ, որի վերաբերյալ դեռեւս չկա օրինական ուժի մեջ մտած դատավճիռ՝ չի կարողացել իրացնել նաեւ ընտրվելու իր օրինական իրավունքը: Սակայն հետաքրքիր էր, թե ինչ ընթացակարգով մերժումը պիտի իրականացվեր Արմեն Սարգսյանի պարագայում: Գրանցման գրեթե վերջնաժամկետին՝ ապրիլի 17-ին, թիվ 25 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը նիստ հրավիրեց, որում նախ փոխեցին հանձնաժողովի նախկին ղեկավարությանը: Հանձնաժողովի նոր նախագահ ընտրեցին Ռաֆայել Մկրտչյանին, իսկ տեղակալ՝ Սամվել Մխիթարյանին: Հետո նոր սկսեցին գրանցել պատգամավորության թեկնածուներին: Քաղաքացիական նախաձեռնությամբ առաջադրված Աբրահամ Բաբայանին, Արամայիս Գրիգորյանին, Բորիս Դավթյանին, Դերենիկ Շիրինյանին եւ «Օրինաց երկրից» Ազատ Հակոբյանին հանձնաժողովի 9 անդամները գրանցեցին միաձայն: Իսկ Արմեն Սարգսյանին մերժեցին թեկնածու գրանցել ձայների 7 «կողմ», 2 «դեմ» հարաբերակցությամբ: Հիմնավորումը «Ընտրական օրենսգրքի» 108 հոդվածի 4-րդ կետի 3-րդ ենթակետն է: Այն է՝ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն առաջադրված թեկնածուի գրանցումը մերժում է, եթե «գրանցման համար ներկայացված փաստաթղթերը կեղծված են»: Ինչպես մեզ հայտնեց «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը՝ պատճառ էին բռնել եկամուտների հայտարարագրին առնչվող ինչ-ինչ հարցեր: Սուրեն Սուրենյանցն այսպես գնահատեց Արմեն Սարգսյանի թեկնածությունը մերժելու իրողությունը. «Իշխանությունները քաղաքական հաշվեհարդար տեսնելու փորձ են անում ընդդիմության ու մասնավորապես Սարգսյանների ընտանիքի նկատմամբ: Այդ նպատակի համար ծառայեցվում են պետական կառույցները: Դատախազությունը շինծու պատրվակով գործ հարուցեց Արմեն Սարգսյանի դեմ, ապա իշխանությունները շուտափույթ փոփոխություններ կատարելով առանց այն էլ իրենց կողմից վերահսկվող ընտրատարածքային հանձնաժողովում՝ հասան Արմեն Սարգսյանի թեկնածության մերժմանը: Այս ամենը խիստ բնորոշ ձեռագիր է օրենքից դուրս գտնվող ռեժիմի համար»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ Հ. Գ. Խորհրդարանական ընտրարշավին առնչվող երկու փաստ եւս: Աջափնյակի Մարգարյան փողոցի մի շենքի բնակիչներից ստորագրություններ են հավաքել, որում նրանք պարտավորվել են, թե իրենց ձայները կտան Դաշնակցությանը, եթե դրա փոխարեն նորոգվի իրենց տանիքը: Բուռն քարոզարշավ է սկսել նաեւ «Օրինաց երկիր» կուսակցությունը, որի ներկայացուցիչներից մեկը հաջողացրել էր թյուրիմացաբար ԱԺ ընդդիմադիր պատգամավորներից մեկի օգնականի տուն գալ եւ համոզել, որ անդամագրվեն ու իրենց ձայները տան «Օրինաց երկրին»: Փոխարենը խոստացել է էկզոտիկ ընտրակաշառքներ՝ թե կկնքեն իրենց, խաչ կնվիրեն, մամոգրաֆիայի կենտրոնում հետազոտվելու հնարավորություն կստեղծեն եւ այլն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել