Լրահոս
Օրվա լրահոսը

Կրկնակի վարձ՝ ջրի դիմաց

Ապրիլ 18,2003 00:00

Կրկնակի վարձ՝ ջրի դիմաց Հանրապետության երեք մարզերի 52 համայնք կրկնակի ջուր է ծախսում: Մեղքը հողինն է։ Հողագործը պարտավոր չէ կրկնակի վճարել, քանի որ իր հողը նորմայից կրկնակի ավելի ջուր է կլանում։ Հողի «որակից» պատժված այս համայնքները տուժում են կրկնակի. նրանք չեն օգտվելու նաեւ ոռոգման համակարգում կնքված պայմանագրերի ընձեռած արտոնություններից։ Տիպային այդ համայնքներից մեկի՝ Արմավիրի մարզի Ակնալճի գյուղապետ Գեւորգ Միսաքյանի կարծիքով, գյուղացին մեղք չունի, որ իրեն այդպիսի հող ու հայրենիք է բաժին ընկել, որ «կնոպկան սեղմեցիր, հաշվիչը ֆռռում է»: Այդքան թանկարժեք ջուր օգտագործել ու վճարել՝ գյուղացին ի վիճակի չէ, եւ որ նրան սնանկացում է սպառնում, համայնքին՝ անապատացում, եթե կառավարությունն այդ հարցի լուծումը չգտնի։ Գյուղնախարարի մելիորացիայի գծով խորհրդական Ռազմիկ Գրիգորյանի ասելով, «վերջին տասնամյակում հարցը «ցայտուն ձեւով» բարձրացել ու լուծում չի ստացել եւ միայն 2002թ. հունվարին վարչապետի կողմից հանձնարարվել է ուսումնասիրել Արարատյան հարթավայրի նախալեռնային, կիսաանապատային, սակավազոր հողատեսքեր ունեցող համայնքներում» գերնորմատիվային ջուր օգտագործելու պատճառները։ Արտաշատի շրջանի Արմաշ, Սուրենավան, Արագածոտնի մարզի Կոշ, Ուջան, Քասախ, Էջմիածնի շրջանի Բաղրամյան, Ակնալիճ համայնքներում ուսումնասիրությունը հաստատել է հողի՝ կրկնակի նորմայով ջուր խմելու օբյեկտիվ հիմքերը։ Ապրիլի 4-ին մեկ տարի տեւած ուսումնասիրությունների «արդյունքը» հանձնվել է կառավարություն՝ լուծում գտնելու ակնկալիքով։ Իսկ հոռետեսները (կամ իրատեսները) կարծում են, որ այս հաշվարկն էլ գնաց ու «խառնվեց» տասը տարուց ավելի մշակվող ու լրամշակվող «Խաղող» ծրագրին, կարկտահարության վնասների հաշվարկին (տարեկան 15 միլիարդ դրամ), եւ նախընտրական աղմուկից հետո մարդիկ մնալու են «ագահ» հողի եւ կրկնակի վարձի հետ դեմ-հանդիման, որպեսզի չանապատանա մեր երկիրը։ ԳԱՅԱՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել