Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ պատգամավորի գործի քրեական ոդիսականը

Ապրիլ 18,2003 00:00

ԱԺ պատգամավորի գործի քրեական ոդիսականը Քոչարյանին հասցեագրված նամակները տեղ չեն հասնում Իրավական պետությունում, երբ պատգամավորին գող են անվանում, հետեւում են ինչ-ինչ քայլեր։ Պահանջվում են ապացույցներ, ուսումնասիրվում, հետազոտվում են դրանք։ Սխալ կամ զրպարտչական լինելու դեպքում պատասխանատվության են ենթարկում պատգամավորին գող անվանողին։ Հակառակ դեպքում քրեական պատասխանատվության են կանչում պատգամավորին։ Իրավական պետությունում, եթե պատգամավորին գող են անվանում հրապարակային, մամուլի միջոցով, ՀՀ նախագահին դիմելով, հետեւում են ինչ-ինչ քայլեր։ Արծրուն Ահարոնյանը 22 անգամ դիմել է հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանին, 5 տարի էլ՝ ՀՀ գլխավոր դատախազությանը։ Քաղաքացին տեղեկացնում է, որ իր անձնական միջոցներով 1988-ին Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում ստեղծել է «Արարատ» փայտամշակման ֆաբրիկան, որտեղ աշխատել է շուրջ 118 մարդ։ 1992-ին բացակայել է հանրապետությունից։ Վերադառնալով պարզել է, որ իր ունեցվածքին տիրացել է վերոնշյալ գյուղի բնակիչը՝ Վրեժ Շահգելդյանը։ «Կեղծելով մի շարք փաստաթղթեր, նա սեփականացրել է «Արարատ» ֆաբրիկան, վերաձեւակերպել այն «Արթուր-1» ՍՊԸ, իսկ «բաժնետեր-բարեկամներն» էլ հետագայում հրաժարվել են (իրենց ցուցմունքներում) բաժնետեր լինելու փաստից»,- գրում է Ա. Ահարոնյանը։ ԱԺ պատգամավորը, ըստ վերջինիս, տիրացել է 191820 ԱՄՆ դոլար արժողությամբ ոչ ալկոհոլային խմիչքների շշալցման հոսքագծին, 40-60 տոննա տարողությամբ 11 ցիստեռններին (7 ցիստեռնները դատարանի կողմից գտնվում են կալանքի տակ, չնայած գտնվում են Վ. Շահգելդյանի սեփական անասնաֆերմայի տարածքում)։ ՀՀ գլխավոր դատախազության կողմից հարուցվել է քրգործ՝ ՀՀ քրօրի 86 հոդվածի 4-րդ մասով։ Բացի Ա. Ահարոնյանին կողոպտելուց, նա քաղաքացի Էդիկ Հովակիմյանից ի պահ է վերցրել 2 հաստոց, որը չի վերադարձրել մինչեւ օրս։ Այս կապակցությամբ Էդիկ Հովակիմյանը Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանին է դիմել քաղհայցով, որի քննությունը շարունակվում է։ «Վ. Շահգելդյանը նաեւ երկար տարիներ վարել է գողացված Մերսեդես-Բրաբիուս մակնիշի 0700 007 պետհամարանիշի ավտոմեքենան, որը պատկանել է Արմավիրի շինարարական ՍՊԸ-ներից մեկին»,- նախագահ Քոչարյանին ուղղված նամակում շարունակում է տուժած քաղաքացին՝ Ա. Ահարոնյանը։ Վերջինս տեղեկացնում է նաեւ, որ Վ. Շահգելդյանը թիվ 45 ընտրատարածքից փորձում է կրկին ընտրվել ԱԺ պատգամավոր, անձեռնմխելիության մանդատ ձեռք բերելով՝ ցանկանում է դուրս մնալ պատասխանատվություն կրելու դաշտից։ «Ես 22 անգամ դիմել եմ Ձեզ եւ վստահ եմ, որ իմ դիմում-բողոքները Ձեզ չեն հասնում, հակառակ դեպքում Դուք կարձագանքեիք։ Մեծարգո պարոն Քոչարյան, Ձեզ եմ դիմում՝ հայցելով Ձեր միջամտությունն ու աջակցությունը քրեական գործը օրինաբար վերահսկելու խնդրանքով։ Վստահ եմ, թույլ չեք տա, որ գող պատգամավորը ԱԺ դահլիճում վճռի թալանված գործարարների եւ առհասարակ հայ ժողովրդի ճակատագիրը»,- ասված է Ռ. Քոչարյանին ուղղված նամակում։ Ռ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել